«Վարչապետը և այլ հեղինակավոր անձինք պետք է իրենց խոսքն ասեն». Ռուբեն Մելիքյանը՝ ՀՀ ոստիկանապետին վիրավորանք հասցնելու մասին

Երեկ 2016թ. հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստին դատարան էր ներկայացել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով այս քրեական գործով տուժող է։ Վերջինս ցուցմունք տալիս ներկայացրեց հուլիսի 17-ի առավոտյան դեպքերի ժամանակագրությունը, երբ զավթվել էր ՊՊԾ գունդը։

Հարցաքննության ընթացքում տհաճ միջադեպ տեղի ունեցավ հայտնի «Տոնածառի գործով» նախկինում դատապարտված, «Հիմնադիր խորհրդարանի» Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի և Վալերի Օսիպյանի միջև։ Երբ «Լա՞վ եք հիշում, երբ ԲՏՌ-ից կրակոց եղավ, մեր կողմի՞ց էր, թե՞ ձեր,-  ամբաստանյալներին հարց  ուղղեց ոստիկանապետը, ապա ի պատասխան հնչած արձագանքի՝ շարունակեց,- Որևէ մեկը չփորձի էստեղ որևէ բան ասի»,- ինչին շատ բուռն արձագանքեց Գևորգ Սաֆարյանը. «Արա, դու ինձ չպիտի ասես, այ լակո՛տ»:

Սույն հայտարարությանը շատ բուռն արձագանքեց հասարակությունը։ Մարդկանց գերակշիռ մեծամասնությունը համարում է, որ անկախ անձերից՝ հարգանք պետք է լինի պետական ինստիտուտների հանդեպ, և նման օրինակները շատ վատ նախադեպեր են ստեղծում։

Այս թեմայի, զսպման իրավական մեխանիզմների ու հասարակական պատասխանատվության հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Վերջինս կարծում է, որ այստեղ կա 2 հարթություն՝ իրավական և հանրային, և համարում է, որ որքան էլ մենք վատ զգանք, որքան էլ ցավալի լինի, խոսքի ազատությունը կարևոր գործոն է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է քաղաքացի-պաշտոնատար անձ հարաբերություններին, ինքը կողմ չէ իրավական մեխանիզմներ կիրառելուն։

«Ես ինքս երբեք այդպիսի մեխանիզմներ չեմ գործադրել, անգամ, երբ դրսևորումներ են եղել իմ նկատմամբ, և ես կողմ չեմ իրավական մեխանիզմների գործադրմանը, բայց հանրային հարթության մեր ուղղակի պետք է կտրուկ և բացարձակ ու միանշանակ նման վարքագծի դատապարտում լինի»,- նշեց Ռ. Մելիքյանը։

Մեր այն դիտարկմանը, թե՝ եթե վերանանք անձերից, ապա կտեսնենք, որ նույն վերաբերմունքը՝ մի քիչ այլ դրսևորումներով, դրսևորվեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ, և այս դեպքում արդյո՞ք որևէ պատասխանատվություն չի ենթադրվում, Արցախի նախկին ՄԻՊ-ը պատասխանեց, որ ինքը կողմ չէ վիրավորանքի համար որևէ իրավական պատասխանատվություն կիրառելուն։ Քաղաքացիական պատասխանատվություն կարող է լինել, բայց պետական պաշտոնյայի կամ որևէ այլ անձի նկատմամբ որևէ այլ պատասխանատվություն, քան ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներն են, ճիշտ չի համարում, և դա սկզբունքային հարց է։

«Ըստ Քաղաքացիական օրենսգրքի՝ ցանկացած մասնավոր անձ կարող է վիրավորանքի ու զրպարտության համար դիմել դատարան ու պատասխանող կողմին ենթարկել նյութական, գույքային կամ այլ պատասխանատվության։ Բայց ես չէի ողջունի, եթե պետական պաշտոնատար անձինք դիմեին քաղաքացիների դեմ։ Սակայն նորից եմ ասում՝ խնդիրն այստեղ շատ ավելի տեսնում եմ ոչ թե՝ պետության, այլ՝ հասարակության հարթությունում։ Եթե հասարակությունը միանշանակ և անվերապահ դատապարտի նման վարքագիծը, և մարդիկ հասկանան, որ դա պետք է «զրո» հանդուրժողականություն ենթադրի հնարավորինս լայն զանգվածների մոտ, ապա այլևս նույն կերպ չեն վարվի»,- ասաց Ռ. Մելիքյանը։

168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք իշխանություններն անելիք չունեն, թեկուզ հայտարարությունների տեսքով, քանի որ խոսքը, այնուամենայնիվ, երևույթի, այլ ոչ անձերի մասին է, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ, երբ ժամանակին վիրավորանքի ու զրպարտության համար քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, միշտ խնդիր էր առաջանում՝ կապված դրա չարաշահման վտանգի, այն որպես զսպաշապիկ օգտագործելու միտման հետ։

«Այսօր մենք, իմ պատկերացմամբ, շատ ավելի ճիշտ իրավիճակ ունենք։ Թե՛ քրեականացումը կամ վարչական պատասխանատվություն նախատեսելը, թե՛ այդպիսի պատասխանատվություն չնախատեսելն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Մի դեպքում վտանգ է առաջանում, որ այն կարող է չարաշահվել, մյուս կողմից էլ վտանգ կա, որ կարող է չարաշահվել խոսքի ազատությունը։ Սկզբունքային առումով ավելի ընդունելի է, երբ առկա է խոսքի ազատության, քան պետական իշխանության չարաշահման վտանգ։ Դա սկզբունքի և արժեքաբանության հարց է, բայց դա չի նշանակում, որ հանրային տիրույթում անելիք չկա, և մարդիկ պետք է հասկանան, որ այդպիսի վարքագիծը որևէ մեկի մոտ հարգանքի արժանանալ չի կարող»,- խնդրի նկատմամբ իր մոտեցումներն ամբողջացրեց Արցախի նախկին Օմբուդսմենը։

Մեր այն հարցին, թե հենց այդ հանրային հարթության մեջ վերաբերմունք ձևավորելու, նմանօրինակ վարքագծի նկատմամբ անհանդուրժողականություն ունենալու հարցում ո՞րն է իշխանությունների դերը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ անելիք ունեն այն մարդիկ, ում խոսքը հեղինակավոր է։

«Այսօր շատ հեղինակավոր է վարչապետի խոսքը՝ անկախ նրանից, նա զբաղեցնում է վարչապետի պաշտո՞նը, թե՞ ոչ։ Այսինքն՝ բարձր հեղինակություն ունեցող մարդկանց խոսքն է կարևոր։ Ես կուզենայի, որ որոշակի հաղորդակցություն լիներ հանրության հետ և ասվեր, որ նմանօրինակ վարքագիծը սկզբունքորեն ընդունելի չէ։ Խոսքը միայն վարչապետին չի վերաբերում, այլ այն անձանց, ում խոսքը հեղինակավոր է հանրության շրջանում»,- եզրափակեց հայտնի իրավապաշտպանը։

Տեսանյութեր

Լրահոս