«Եթե իշխանությունը շարունակի չկատարել իր խոստումները՝ սա կբերի ճգնաժամի, ինչն էլ ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ». Քաղաքագետ

«Ապրիլին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ հիմնական հրապարակային դեմքը Նիկոլ Փաշինյանն էր, որն իրենով նաև մարմնավորեց այդ բոլոր գործընթացները։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում մենք լսել ենք բազմաթիվ խոստումներ, որոնք այսօր չեն կատարվել։ Սկզբնական փուլում ասվում էր, որ իրենք խորհրդարանը չեն վերահսկում, այդ պատճառով էլ չեն կարողանում կատարել իրենց տված խոստումները։ Հիմա ամբողջ խորհրդարանը և իշխանությունը վերահսկվում է իրենց կողմից, ԱԺ-ում ունեն աննախադեպ մեծամասնություն, ուստի ցանկացած օրենսդրական փոփոխություն, այդ թվում՝ սահմանադրության,  կարող են իրականացնել, այսինքն՝ սա մեծ հնարավորություն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին։

Նշենք, որ քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ  նման ծրագիր նույնիսկ Սերժ և Տիգրան Սարգսյանները կամ Հովիկ Աբրահամյանը չէր կարող ներկայացնել։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը հեղափոխական ծրագիր չէ, ավելին՝ այն հակահեղափոխական կառավարության ծրագիր է։

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն իսկապես հեղափոխական խոստումներ էին, քանի որ դրանք կարող էին հեղափոխել կառավարման ամբողջ համակարգը։

Թվարկելով ՀՀ վարչապետի տված խոստումները, Ստեփան Դանիելյանը նախ առանձնացրեց Ընտրական օրենսգիրքը փոխելու խոստումները։

Կարդացեք նաև

«Այժմ իրենք այդ հնարավորությունն ունեն, սակայն կառավարության ծրագրում այդ փոփոխությունների մասին ոչինչ չկա։ Ոչինչ չկա նաև կուսակցությունների օրենքի փոփոխության մասին, իսկ հեղափոխության օրերին դրա մասին խոստում էր տրվել։ Խոստումներ էին հնչել, որ սուպերվարչապետական համակարգից պետք է անցում կատարեն իշխանության ավելի հավասարակշռված համակարգի, այս մասին նույնպես ոչինչ չկա։

Խոսք չկա նաև ժողովրդավարական մեխանիզմների ներդրման մասին, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խոսում էր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս։ Խոսք կար նաև, որ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը կվերածվեն նախարարությունների, և դրանք կվերահսկսվեն Ազգային ժողովի կողմից»,- ասաց քաղաքագետը։

Նա նաև հիշատակեց տնտեսական հեղափոխության, տնտեսությունն ու իշխանությունը միմյանցից տարանջատելու մասին Ն. Փաշինյանի խոստումները։ Ճիշտ է, կառավարության ծրագրում նման ակնարկներ կան, սակայն քաղաքագետի կարծիքով՝ դա բարի ցանկությունով չէ, այն կոնկրետ մեխանիզմներ է ենթադրում, որոնք պետք է ներդրվեն, սակայն մեխանիզմների ներդրման մասին ծրագրում խոսք չկա։

«Որոշ մարդիկ ասում են, որ օրենսդրական փոփոխություններն Ազգային ժողովի լիազորությունների մեջ է մտնում, և կառավարության ծրագրում դրա մասին չպետք է խոսել։ Նախ՝ նախկին ծրագրում դրա մասին խոսվել է, և այդ փոփոխությունները համակարգային են՝ հեղափոխական փոփոխություններ են, առանց դրանց մասին խոսելու՝ Կառավարության ծրագիր ներկայացնելն ուղղակի անիմաստ է»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ակնարկին, Ս. Դանիելյանը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությանը բերում է քաղաքական իրավիճակի փոփոխությունը։

«Բոլոր ժողովրդավարական երկրներում, երբ ընտրություններ են լինում, սակայն քաղաքական իրավիճակը փոխվում է, և հանրությունը կորցնում է իր վստահությունը գործող իշխանության հանդեպ, որպես կանոն, առաջանում է խորհրդարանական ճգնաժամ, որի լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։

Քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում տիրում են ժողովրդավարական կարգեր, ապա ենթադրում եմ, եթե այսպես շարունակվի, և իրենց տված բոլոր խոստումներից հրաժարվեն, ապա սա կբերի ճգնաժամի։ Որովհետև այս խորհրդարանը նման բարձր վստահության է արժանացել հասարակության կողմից նման խոստումների պատճառով, եթե այդ խոստումները չեն կատարվում, նշանակում է՝ դրանք եղել են սուտ խոստումներ, և այս խորհրդարանն արդեն դառնում է ոչ լեգիտիմ, սա կբերի խորհրդարանական ճգնաժամի և, բնականաբար, դրա հանգուցալուծումը կլինի ԱԺ արտահերթ նոր ընտրությունները»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս