
«Ես աշխարհի լավագույն ակումբում եմ և ոչնչից չեմ վախենում». Վինիսիուսը՝ Կլասիկոյի մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է փետրվարի 6-ին կայանալիք Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի մասին: Վինիսիուսն ամփոփել է նաև իր թիմի վերջին հանդիպումը:
«Մենք դարձել ենք ավելի լավը 2019 թվականի ընթացքում; Հիմա մենք անցկացնում ենք ամենալավ շրջանն այս մրցաշրջանում: Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի նույն կերպ շարունակենք մինչև մրցաշրջանի ավարտ:
Ես ուրախ եմ, որ կարող եմ օգնել իմ թիմակիցներին, քանի որ նրանք աջակցում են ինձ ամենասկզբից: Հիմա պետք է վայելել պահը և շարունակել աճել:
Չգիտեմ, մեկնարկային կազմում կխաղա՞մ «Բարսելոնայի» դեմ, թե՞ ոչ: Մարզիչը կորոշի: Մենք խաղալու ենք հաղթանակի համար: Սա հրաշալի դիմակայություն է, դերբի: Մենք պետք է մի փոքր հանգստանանք և սկսենք պատրաստվել, որպեսզի հաղթենք:
Ինձ չեն վախեցնի: Ես աշխարհի լավագույն ակումբում եմ և ոչնչից չեմ վախենում»,- ասել է Վինիսիուսը:
Սիրարփի Աղաբաբյան