Հայ դիզայներների ստեղծագործությունների վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը
Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում 20-ից ավելի հայ դիզայներների ստեղծագործությունների վաճառքից ստացված հասույթը կուղղվի City of smile (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակով: Աշխատանքները ցուցադրվեցին փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը կազմակերպված միջոցառման ընթացքում, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Այս օրն ամբողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են անցկացվում քաղցկեղի մասին իրազեկումը բարձրացնելու նպատակով: Մենք միացել ենք այդ շարժմանը: Մեր միջոցառման հիմնական նպատակներից է քաղցկեղի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը: 20-ից ավելի հայ դիզայներներ են մեզ միացել՝ ստեղծելով տարբեր զգեստներ ու իրեր: Դրանք վաճառվելու են այսօր և հետագայում, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթը հատկացվելու է մեր հիմնադրամին, որպեսզի կարողանանք հոգալ երեխաների բուժման ծախսերը»,-ասաց հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:
Դիզայներների հեղինակած զգեստներից որոշները վաճառվեցին միջոցառման ընթացքում, այնուհետև դրանք ցուցադրված կլինեն դիզայներների խանութներում: Այդ իրերի վրա լինելու է հատուկ պիտակ:
Աննա Հակոբյանը նշեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարելուց ի վեր ինտենսիվ առնչվում է բժիշկների ու փոքրիկների հետ: «Եվ հասկացել եմ, որ քաղցկեղի դեմ պայքարն առաջին հերթին սկսում է տրամադրությունից: Խոսքը ոչ միայն քաղցկեղով հիվանդ մարդու տրամադրության մասին է, այլ հասարակության տրամադրության, թե ինչպես է հասարակությունը տրամադրված այդ հիվանդությունն ունեցող անձի հանդեպ: Մենք պետք է լինենք հասարակություն, որում երեխան չի ամաչի ասել, որ ինքն այս պահին բուժվում է, պայքարում է քաղցկեղի դեմ»,-նշեց Աննա Հակոբյանը:
Նա շեշտեց, որ քաղցկեղը խարան չէ, այլ ընդամենը հիվանդություն: Հակոբյանը նկատեց՝ եթե մի փոքր տրամադրություն փոխենք ու ջանք գործադրենք, բուժելիությունը կբարձրանա:
Մանկական ուռուցքաբան-արյունաբան Գևորգ Թամամյանը ներկայացրեց, որ Հայաստանում ամեն տարի գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 նոր դեպք: Նա նկատեց, որ նման միջոցառումները միանշանակ նպաստում են մանկական ուռուցքների բուժման զարգացմանը Հայաստանում: «Մանկական ուռուցքների բուժումը բավականին բարդ է, ընդ որում՝ բավականին մեծ գումարներ է պահանջվում: Եվ կարիք կա, որ հասարակությունն այս խնդրի շուրջ միավորվի: Եվ հենց այդ հարցում օգնության են գալիս հիմնադրամները»,-նշեց ուռուցքաբանը:
Փետրվարի 4-ը նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: