«Տարածում են, որ սրանց «Սորոսն» է ֆինանսավորում, կամ տեսաաա՞ք՝ ի՞նչ ասեց… «խաղաղություն» բառը ներկայացվում է՝ իբրև «հողեր հաձնել»». Ալեն Սիմոնյանը՝ նոր իշխանություններին զրպարտելու կամ վիրավորելու մասին
«Նախ՝ ես հարցազրույցում եմ ասել, ոչ թե համացանցում եմ գրել, որ տեղեկատվական արշավ է իրականանում, որովհետև ակնհայտ է, որ այսօր մենք բոլորս, և դա նորմալ է, խոշորացույցի տակ ենք, և մեր յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր գործողության շուրջ աշխատում են մեծ աղմուկ բարձրացնել։ Ես ամենևին դեմ չեմ քննադատությանը»,- Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի ընթացքում Պետրոս Ղազարյանի հետ զրույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ինքը հայտարարել, որ ընդդիմությունը տեղեկատվական պատերազմ է սկսել իշխանությունների դեմ։
Այն հարցին, թե, այնուամենայնիվ, եթե այդպես է, ինչո՞ւ է ինքը դա գնահատում՝ որպես տեղեկատվական արշավ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե «արվում է ամեն ինչ, ինչը չի համապատասխանում իրականությանը՝ սկսած վարկաբեկելուց»։ Ապա հավելեց, որ տասնյակ-հազարավոր ֆեյքեր են բացվում, գնվում և ուղղորդվում են տասնյակ լրատվամիջոցներ, և նպատակը մեկն է՝ ոչ թե ճշմարտություն կամ կարծիք ասել, այլ վարկաբեկել նոր իշխանություններին։
«Ես ընդունում եմ, որ ինչ-որ մեկը կարող է սխալ բան անել կամ այլ կարծիք ունենալ, բայց կրկնում եմ՝ ես չեմ խոսում քննադատության մասին։ Ես խոսում եմ վիրավորանքի մասին, զրպարտության մասին։ Օրինակ, տարածում են, որ սրանց «Սորոսն» է ֆինանսավորում, կամ տեսաաա՞ք՝ ի՞նչ ասեց։ Վերցվում է կոնտեքստից կտրված նախադասություն, ենթադրենք, Արցախի հետ կապված, ասենք՝ պատերազմի ու խաղաղության հետ կապված ակնարկը, և «խաղաղություն» բառը ներկայացվում է՝ իբրև «հողեր հաձնել», պարտվողականություն, ու դա սկսում է օգտագործվել։ Եվ եթե ինչ-որ դրական բան ենք անում, փորձ է արվում լռեցնել այդ լուրը, փակել մեկ այլ լուրով»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը։
Նա հավաստեց նաև, որ շատ մեծ փողեր են ծախսվում դրա համար, և պարզ է, որ այդ փողերը մեր քաղաքացիների փողերն են, որոնք ժամանակին ինչ-ինչ պատճառներով հայտնվել են տարբեր մարդկանց մոտ, և հիմա, հաշվի առնելով, որ լրատվական դաշտն ազատ է, և իշխող կուսակցությունը ոչ մի լրատվամիջոցի, համենայն դեպս՝ մեծ քանակությամբ, չեն տիրապետում, այդ ուժերն ակտիվացել են։
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ակներև է, որ ինքն այսպիսի Հանրային հեռուստաընկերություն երբևիցե չի հիշում։