Տեառնընդառաջը հեթանոսական չէ. կրակը մեկ կարևոր իմաստ ունի
«Ամեն ինչ ենթարկեք կասկածի» (Կարլ Մարքս) կամ «Կասկածը հավատի չափանիշն է» (Զեյմե) արտահայտություններն, իհարկե, կիրառելի և ընդունելի են շատ դեպքերում, բայց՝ ոչ այս:
Փետրվարի 14-ին չկա գրեթե ոչ մի բակ, որտեղ չվառվի Տեառնընդառաջի խարույկը (խարույկը վառվում է փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցու օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո): Խարույկ, որը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է դարձել:
Քրիստոնեակա՞ն, թե՞ հեթանոսական, կռապաշտակա՞ն, թե՞ ժողովրդական ավանդույթ:
Ամեն տարի այս օրը մարդկանց մեջ մեծանում է կասկածի չափաբաժինը դեպի քրիստոնեական եկեղեցին: Սկսվում է անզիջում պայքար: Երբեմն Տեառնընդառաջի վերաբերյալ վեճերն ավելի թեժ են լինում, քան վառված խարույկները:
Վերջիվերջո, ինչպիսի՞ տոն է Տեառնընդառաջը, ի՞նչ խորհուրդ ունի կրակը:
Որպեսզի որևէ կերպ բացատրություն տրվի տոնի հետ կապված տարաձայնություններին, զրուցեցինք Տ. Եսայի քահանա Արթենյանի հետ.
-Աստվածաշնչում կան տարբեր օրինակներ, որտեղ մարդկանց հատուկ զգուշացվում է, որ նրանք զերծ մնան հեթանոսական հավատալիքներից և պաշտամունքային դրսևորումներից:
Կրակն Աստծո ստեղծած նյութն է և ըստ էության ոչ մի կրոնի չի պատկանում: Նայած, թե որ կրոնում ինչ խորհուրդ են տեսնում կրակի մեջ: Հեթանոսական շրջանում կրակի միջոցով գուշակություններ են կատարել: Ի տարբերություն այդ շրջանի՝ քրիստոնեության մեջ կրակը նմանեցվում է Սուրբ Հոգու զորությանը: Այն ունի զտող, մաքրագործող հատկություն:
Ինչ վերաբերում է Տեառնընդառաջին, ապա դրա խորհրդի մեջ կրակն ունի մեկ կարևոր իմաստ. այսօր մենք կրակը վառում ենք որպես լույսի խորհրդանիշ: Դրա մեջ չկա հեթանոսական և ոչ մի տարր: Իսկ երբ մարդիկ կրակի և խարույկի վրայով ցատկելու հետ գուշակություններ են կապում, դա արդեն հարցի մյուս կողմն է:
Ինչ վերաբերում է կրակի վրայով ցատկելուն, ապա դա ունի երկու նշանակություն: Ոմանք ցատկում են կրակի վրայով՝ որոշակի գուշակությունների և սնահավատությունների հավատալով: Այս մոտեցումը բնականաբար մերժելի է: Կա նաև երկրորդ տարբերակը. գոյություն ունեն ժողովրդական խաղեր, որոնք ավանդական են և ազգային մշակույթի մաս են կազմում: Եկեղեցին երբեք այդ տեսակ ժողովրդական ավանդույթների դեմ չի պայքարել:
Եկեղեցական օրացույցում հստակ ցուցում կա, որ կրակի հետ կապված գուշակություններ պետք չէ անել: Իսկ ինչ վերաբերում է Աստվածաշնչյան մեջբերումներին, ինչպիսիք են Բ Օրինաց 18:9-12 և Դ Թագավորաց 17:17 հատվածները, ապա դրանք ևս ունեն իրենց տրամաբանական բացատրությունը: Նրանք, ովքեր պնդում են, որ Տեառնընդառաջը հեթանոսական տոն է, մեջբերում են այս հատվածների այն մասը, որն իրենց է նպատակահարմար:
«Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի»: Սակայն ամբողջական տարբերակով այն լիովին ուրիշ իմաստ ունի: «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից» (Երկրորդ Օրինաց 18.10-12), – հավելեց տեր Եսային:
Այս տողերում հստակ ընդգծվում է այն, որ խոսքը ոչ թե ուղղակի կրակի մասին է, այլ կրակի հետ կապված գուշակությունների:
Հասմիկ Թամամյան