Բաժիններ՝

Պաշտպանը բարձրացրել է կալանավորված անձի խափանման միջոցը ծանր հիվանդության հիմքով փոխելու հարց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորված անձի բողոքի և քրեակատարողական հիմնարկ կատարված այցի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ դատախազությանն ուղղված գրությամբ բարձրացրել է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարց:

Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՄԻՊ-ի կողմից իրականացված ուսումնասիրության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, այն է՝ թոքի պերիֆերիկ քաղցկեղ՝ 4-րդ աստիճանի, ուռուցքային ինտոքսիկացիայով:

«Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ թեև առկա են օրենսդրական ոչ հստակ լուծումներ, այդ թվում՝ իրավական բաց, այդուհանդերձ, անձի հիվանդություններն անհամատեղելի են նրան անազատության մեջ պահելու հետ և վտանգում են նրա խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու և կյանքի իրավունքները:

Հարկ է նշել նաև, որ դիմողի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ չմտած դատական ակտ, որը գտնվում է բողոքարկման փուլում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոք ներկայացրած անձի մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ մշտական կապի մեջ է նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս