«Շուտով կլրանա հեղափոխության մեկ տարին, սակայն ժողովուրդը չի տեսնում սոցիալական այն նախագիծը, որով առաջնորդվում են նոր իշխանությունները». Քաղաքագետ

«Հայտարարում են, թե վերջին շրջանում գերատեսչություններում տեղի ունեցած պարգևավճարները խնայողությունների հաշվին են աշխատողներին տրվել, բայց ո՞վ է ասում, որ ամբողջ խնայողությունը պետք է տան 8 ամսվա աշխատողի։ Ամբողջ աշխարհում պարգևավճարներ տրվում է այն մարդուն, որը տնտեսության մեջ ներդրում է իրականացրել, զարգացրել, ուստի պարգևավճարը տալիս են մատուցած ծառայությունների համար։ Նույնիսկ կարելի է հարցն այսպես դնել, որ, եթե գործադիրը հաջողեցրել է 8 տոկոս ՀՆԱ-ի աճ, ապա նրա աշխատավարձը թող 8 տոկոս բարձրացնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով մեծ աղմուկ հանած բարձր պարգևավճարներին։

Ըստ նրա՝ միլիոնավոր ներդրումներ են կրճատվել, դրան զուգահեռ՝ կրճատվում են աշխատատեղեր, և այստեղ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ դրա համա՞ր են այս պարգևավճարները։

«Խորհուրդ կտայի նոր իշխանություններին, որ մարդկանց քննադատական անդրադարձը նախապես հաշվի առնեն, թե իրենց քայլը հասարակության կողմից ինչպես կըկնալվի։ Ասեմ, որ անձամբ ինձ այս ամենը դուր չի եկել։ Պետք է նկատենք, որ իշխանությունները հեղափոխության հենց սկզբից ունեցել են ժողովրդի մեծ մասի աջակցությունը, նրանք պայքարի մեջ մտան «դեմ» կարգախոսով, իսկ թե հանուն ինչի էին ոտքի ելել, դրա պատասխանատուն միայն քաղաքական շարժման առաջնորդներն են»,- նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ շուտով կլրանա Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեկ տարին, սակայն ժողովուրդը չի տեսնում սոցիալական այն նախագիծը, որով առաջնորդվում են նոր իշխանությունները, չնայած ինչ-որ բաներ անում են՝ մարդիկ են ձերբակալում, աշխատանքից ազատում, կոռուպցիայի դեմ պայքարում, և այլն, սակայն այս ամենը չեն կարող դառնալ սոցիալական նախագիծ։

Հետևաբար՝ ժողովուրդը պետք է իմանա, թե հանուն ինչի է ոտքի ելել։

«Նոր իշխանություններին զգուշացնում եմ, եթե մի քիչ էլ անցնի, կարող է հանկարծ պարզվի, որ ժողովուրդը ոտքի է կանգնել իշխանությունների ինքնապարգևատրումների համար, այլ բան առայժմ չկա։ Ծանոթներիցս մեկը վերջերս ասաց, որ ներդրումներ անելու գործն առայժմ միայն կատարվում է «էստի համեցեք»-ի շրջանակներում։ Բայց այդպես չի կարող լինել, ինչպես ռուս վերլուծաբաններից մեկն էր ասել, կոռուպցիայի դեմ պայքարը դեռ չի նշանակում, որ ներդրողներ կգան Հայաստան, այլ բաներ է պետք անել։ Այս ամենը պետք է հաշվի առնեին, նախքան բարձրագոչ հայտարարություններ անելը»,- եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս