Պատմաբանն առաջարկում է  հայ-թուրքական արձանագրությունները կրկին խորհրդարան բերել

Անթալիայում հունվարի 21-ին մասնակցելով ուսանողների հետ հանդիպմանը՝ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։

Չավուշօղլուն նախ խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին, ապա կտրուկ անցում է կատարել Արցախյան հիմնահարցին: Թուրք նախարարի խոսքով` գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար  պետք է նախաձեռնող լինել: Ըստ նրա` բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանել:

«Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում, և ոչ էլ` կարգավորում Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»,- ասել է Չավուշօղլուն:

«Չավուշօղլուի հայտարարությանը պետք է մի քանի կողմից նայել: Նախ՝ այն, որ Թուրքիան հստակ հայտարարեց, որ 2019 թվականին Հարավային Կովկասում վարելու է ավելի նախաձեռնող քաղաքականություն, և դա սպասելի էր: Ըստ էության, սիրիական կոնֆլիկտում կողմերի դիրքորոշումը հստակեցնելուց հետո պարզ էր, որ Թուրքիան անցնելու է Հարավային Կովկասին, այնտեղ քաղաքականության ավելի ակտիվացմանը: Սա միայն բացասական ֆոնի ներքո չպետք է դիտել: Դա կարող է նաև նպաստել հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորմանը:

Կարծում եմ՝ այս առումով ՀՀ իշխանությունները պետք է ավելի համարձակ քայլեր կատարեն, նոր մոտեցում ցուցաբերեն, վարեն նախաձեռնող քաղաքականություն, հատկապես որ, հասարակության մոտ էլ է այդ պահը հասունացել: Բոլորն էլ հասկանում են, որ հարևանների հետ նման հարաբերությունները չեն կարող երկար տևել: Վերջիվերջո, հարևանները պետք է ունենան բարիդրացիական հարաբերություններ:

Կարծում եմ, որ այդ առումով շատ կարևոր է հայ-թուրքական արձանագրությունները բերել խորհրդարան՝ ցույց տալու, որ Հայաստանը պատրաստ է գնալ  հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների: Հայաստանի տնտեսությունը չի կարող վերելք ապրել՝ առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման: Սա ՀՀ տնտեսության, հեռանկարի համար կենսական նշանակություն ունեցող հարց է»,- 168.am-ի հետ զրուցում ասաց «Արևելք» վերլուծական և հետազոտական կենտրոնի տնօրեն, պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Դիտարկմանը, թե պատմությունը ցույց տվել է, չէ՞, որ հայ-թուրքական բարեկամական հարաբերություններ ստեղծելը բարդ է, Գևորգ Մելքոնյանը նկատեց.

«Որպես պատմաբան՝ համարձակվեմ ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների պատմության հետ կապված շատ բաներ ճիշտ ներկայացված չեն երկու ազգերի ժողովուրդներին: Միայն ցավոտ, արյունոտ կողմերն են ներկայացված: Վերջիվերջո, մենք պետք է հասկանանք, որ, այո՛, ժողովուրդներն իրենց պատմությունը չեն կարող մոռանալ և չպետք է  մոռանան, բայց միաժամանակ՝ պետք է ուժ գտնեն, պատմությունը հաշվի առնելուն զուգահեռ՝ հարաբերություններ կառուցեն: Մի քանի օր առաջ գերմանաֆրանսիական համաձայնագրի կնքման օրն էր, և այն մեծ մակարդակով նշվեց: Իսկ մենք պատմությունից գիտենք, որ Գերմանիան ու Ֆրանսիան դարերով պատերազմել են: Չպետք է մոռանանք պատմությունը, բայց միայն դրանով շարժվել չենք կարող: Երկու ժողովուրդները պետք է կարողանան համերաշխ ապրել»:

Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման համար Արցախի հարցի՝ Թուրքիայի կողմից առաջ քաշելուն՝ Գևորգ Մելքոնյանը նշեց.

«Չավուշօղլուն նաև դեկտեմբերին ելույթ ունեցավ ու առաջ քաշեց Արցախի հարցը, բայց այս ելույթում ասաց, որ  մենք չպետք է հաշվի առնենք միայն շահերի խնդիրը, պետք է ավելի նախաձեռնողական լինենք: Կարծում եմ՝ Թուրքիայի նախապայմաններն ավելի շատ ադրբեջանական լսարանին շոյելու խնդիր ունեն»:

Հիշեցնենք, որ  հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցվել է 2018թ. մարտի 1-ին:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Թուրքիան ուղղակի կոպիտ ձևով չվավերացրեց արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ չունեցող նախապայմաններ:

Երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում։ Արձանագրությունների ստորագրումից հետո, սակայն, պաշտոնական Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել՝ դրանց վավերացումը կապելով Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:

Պաշտոնական Երևանն էլ հակադարձում էր՝ արձանագրություններում որևէ նախապայման նշված չէ:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս