Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված՝ փաստաբանական խումբը կդիմի ՄԻԵԴ

Հունվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորելու՝ Դատախազության ներկայացրած բողոքը։

Դատարանի որոշումը հրապարակելուց անմիջապես հետո Մանվել Գրիգորյանը կալանավորվեց և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Ըստ Մ. Գրիգորյանի փաստաբանների, նրան կալանավորելու որոշումն անհիմն է, քանի որ, եթե վերջինս մնար ազատության մեջ, ապա որևէ բանով չէր խոչընդոտի նախաքննությանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը  25 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։

168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ դատարանի որոշումն անարդար էր և ոչ իրավաչափ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։

«Մասնավորապես՝ դատավարական խախտումներ են եղել, ինչպես նախկինում եմ ասել, այժմ էլ հայտարարում եմ, որ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու հիմքերն ուղղակի բացակայել են։ Թեպետ Մանվել Գրիգորյանը միշտ ասել է, որ Հայաստանին դատի չի տալու և Մարդու իրավունքների եվրոպական դատարան չի դիմելու, սակայն նրա հիվանդության հետ կապված՝ իմ պարտավորությունն է՝ բարձրաձայնել, որ մտնելու ենք միջազգային ատյաններ։ Այսինքն՝ միայն նրա հիվանդության հետ կապված՝ կդիմենք ՄԻԵԴ»,- ասաց Լ. Բաղդասարյանը։

ՄԻԵԴ դիմելու ժամկետների վերաբերյալ փաստաբանը շեշտեց, որ աշխատանքային շաբաթվա հենց սկզբին կզբաղվեն դիմումի պատրաստման աշխատանքներով։
Հարցին՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար արդյո՞ք փաստաբանական խումբը կներկայացնի երկրորդ միջնորդություն, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց, որ միջնորդություն չեն ներկայացնելու, քանի որ չեն հավատում արդարադատությանը։

«Գործի հետ կապված՝ չեմ տեսնում լիարժեք արդարադատություն, ավելին՝ ակնհայտ է փողոցային արդարադատությունը»,- եզրափակեց փաստաբանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել է նախորդ տարվա հունիսին:

Հավելենք, որ դեռևս սեպտեմբերին Մ. Գրիգորյանի նկատմամբ նշանակված էր բժշկական փորձաքննություն, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ: Նրա առողջական վիճակի հետ կապված՝ մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս