Հրամանատարական հավաքներ
ՊԲ-ի 2019 թվականի պատրաստության պլանի համաձայն, բանակի հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Սամվել Պողոսյանի ղեկավարությամբ, հունվարի 21-ից 24-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց ներգրավվել էին կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերի, ինչպես նաև միավորումների ենթակա զորամասերի գումարտակ և դիվիզիոն օղակի սպայակազմի ներկայացուցիչները:
Առաջին դասախոսությունը հավաքի մասնակիցների հետ անց է կացրել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է մարտավարական կարևորագույն այս օղակի սպայակազմի առօրյա գործունեության, մարտի նախապատրաստման ու վարման, համապատասխան փաստաթղթերի մշակման, ստորաբաժանումների ղեկավարման և փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:
Հրամանատարական հավաքների ընթացքում, ըստ համապատասխան խմբերի, իրականացվել են դասախոսություններ ու սեմինար-պարապմունքներ ֆիզիկական, կրակային ու մարտավարամասնագիտական պատրաստության առարկաներից, անդրադարձ է կատարվել բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին: Հատկապես ուշադրության կենտրոնում էին մարտական հերթապահության և ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերը: Հաշվի առնելով նախորդ ուսումնական փուլում նկատված թերացումներն ու բացթողումները՝ հավաքների ղեկավար կազմը լուրջ շեշտադրումներ է կատարել նաև սպայակազմի մասնագիտական որակների բարձրացմանն ու հրամանատարական ունակությունների կատարելագործմանը:
Հավաքների ընթացքում մասնակից սպաները նաև ստուգարքներ են հանձնել կրակային ու ֆիզիկական պատրաստություն, մարտավարություն և մարտի համակողմանի ապահովում առարկաներից, որոնց արդյունքները վեր են լուծվել հավաքների ավարտին: Վերադաս հրամանատարությունը, ի մի բերելով արձանագրված արդյունքները, մասնակից սպայակազմին հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ տվել է անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն