
«Աշխարհիկ կրթությունը վատ է անդրադառնում հավատքի վրա». Թուրքիայի կրոնական գործերի վարչություն

Թուրքիայի կրոնական վարչության կողմից հրատարակված և աշակերտներին անվճար բաժանվող «Մարգարեն և երիտասարդությունը» գրքում աշխարհիկության ու կրթության դեմ քարոզչություն է արվում: Գրքում պնդում է արվում, որ կրթության մակարդակի բարձրացմանը զուգահեռ մարդիկ հեռանում են կրոնից:
Նշվում է, որ համալսարան չընդունված երիտասարդների շրջանում կրոնական արարողություններին մասնակցությունը 8 տոկոսով ավելի բարձր է, քան համալասարան ավարտածների մոտ:
«Կարելի է ասել, որ կրթությունն ու կրոնը հակառակ համեմատականներ են: Աշխարհիկ ոլորտում բարձրագույն կրթություն ստանալը բացասաբար է ազդում կրոնի նկատմամբ կապվածության, կրոնական ծիսակատարություններին մասնակցության վրա»,- ասվում է կրոնական վարչության հրատարակած գիրք-ձեռնարկի մեջ:
Գրքում նշվում է, որ բարձրագույն կրթությունը բարձր մակարդակի աշխարհիկացման ներուժ է պարունակում:
«Աշխարհիկ ֆակուլտետներում ու բաժիններում ժամանակ առ ժամանակ կրոնի ու գիտության հակադրումը, բարձրագույն կրթության ձևավորած գիտական, քննական մոտեցման հետևանքով կրոնը նկատմամբ հնչող քննադատական գնահատականները, համալսարաններում ուսանողների հարաբերական անահատկանացումը և ազատականացումը նույնպես պետք է դիտարկել այս համատեքստում»,- ասվում է գրքում: