Ադրբեջանական կողմը փախստականների հարցը դիտարկում է բացառապես քաղաքական դիվիդենտներ շահելու համատեքստում. Սարասար Սարյան

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ եթե արցախյան կողմը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ապա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ոչ կառավարական կազմակերպությունը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին։ Հայտարարության և Ադրբեջանի կողմից ակտիվորեն շահարկվող փախստականների ու տեղահանված անձանց թեմայի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ Սարասար Սարյանի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

-Պարո՛ն Սարյան, տարիներ շարունակ ադրբեջանական կողմը ակտիվորեն շահարկել է փախստականների և տեղահանված անձանց թեման։ Ինչպիսի՞ն է Ձեր գլխավորած կազմակերպության դիրքորոշումն այդ հարցի շուրջ։

-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փախստականների խնդիրն ամենաբարդ հարցերից է, որում միահյուսված են քաղաքական և հումանիտար ասպեկտներ։ Ցավոք սրտի, ադրբեջանական կողմը փախստականների հարցը դիտարկում է բացառապես քաղաքական դիվիդենտներ շահելու համատեքստում, այդ թվում նաև՝ ի վնաս խաղաղ գործընթացին։

Դրանով հանդերձ ադրբեջանական կողմի մոտեցումը խախտում է հիմնարար սկզբունքներից մեկը՝ մարդկանց հավասարության սկզբունքը։ Մի կողմից ադրբեջանական իշխանությունները շարունակաբար անդրադառնում են փախստականների խնդրին, մյուս կողմից, խոչընդոտելով մասնագիտացված միջազգային կազմակերպություններին այցելել Արցախ, շարունակում են խախտել Արցախում ապրող հայ փախստականների իրավունքները՝ նրանց զրկելով միջազգային օգնությունից և պաշտպանությունից։

Հարկ է նաև նշել, որ ժամանակին Խորհրդային Հայաստանի կառավարությունը միակողմ կարգով 14,5 հազար ադրբեջանական ընտանիքների, որպես իրենց կորցրած ունեցվածքի փոխհատուցում, վճարել է, ընդհանուր առմամբ, 70 միլիոն ռուբլի /մոտ 110 միլիոն ԱՄՆ դոլար/։ Իսկ ադրբեջանական կառավարությունը հայ փախստականներին ոչ մի փոխհատուցում չի վճարել։
Ոչ միայն փախստականների հարցում, այլ նաև, ընդհանրապես` ադրբեջանա-ղարաբաղյան

հակամարտության համատեքստում, Ադրբեջանի քաղաքականությունը լիովին կառուցվում է Արցախում ապրող բոլոր մարդկանց հիմնարար իրավունքների ժխտման վրա։

Դուք արդյոք հանդիպու՞մ եք ադրբեջանական հասարակական, այդ թվում նաև՝ փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

-Քաղաքացիական խաղաղարար նախաձեռնությունների շրջանակներում մենք բազմիցս հանդիպել ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ այն կազմակերպության անդամների հետ, որը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի փախստականների անունից։

Քննարկումների հիմնական թեման հակամարտության երեք կողմերի հասարակությունների միջև վստահության կամուրջների կառուցման անհրաժեշտությունն էր։ Այդ հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ մենք բաց ենք նման երկխոսության համար, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ վստահության մթնոլորտի ստեղծման գործում և կիսվել մեր փորձով, մասնավորապես, փախստականների՝ իրենց ներկայիս բնակության վայրում ինտեգրվելու հարցում։ Հայ փախստականների արագ և անցավ ինտեգրումն արցախյան հասարակության ձեռքբերումներից է։ Համոզված եմ, որ այդ փորձը կարող է օգտակար լինել նաև ադրբեջանական կողմի համար։

Իմ կարծիքով՝ փախստականների հարցի կարգավորման անկյունաքարերից մեկը փոխադարձության սկզբունքն է։ Մինչդեռ ակնհայտ է, որ հայ փախստականները չեն կարողանա վերադառնալ Ադրբեջան՝ մի երկիր, որտեղ հայերի նկատմամբ այլատյացությունը հասցվել է պետական քաղաքականության մակարդակի։ Ոչ մի միջազգային կառույց չի կարող երաշխավորել, որ գրեթե կես միլիոն հայկական փախստականների Ադրբեջան վերադառնալու պարագայում նրանք կրկին չեն ենթարկվի զանգվածային սպանությունների և արտաքսման։ Ելնելով նրանից, որ փախստականների վերադարձը չափազանց անիրական է՝ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փախստականների և տեղահանված անձանց ինտեգրումն իրենց ներկայիս բնակության վայրերում թվում է տվյալ խնդրի լուծման ամենաօպտիմալ տարբերակը։

-Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ եթե արցախյան կողմը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ապա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ոչ կառավարական կազմակերպությունը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին։ Ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ հայտարարություններին։

– Ադրբեջանի փորձերը՝ մեկ հարթության վրա դնել Արցախի Հանրապետության ընտրված իշխանություններին և Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականների ոչ կառավարական կազմակերպությունը, Ադրբեջանի կողմից ձեռնածության և քաղաքական շահարկումների վառ օրինակ են։

1992-1995 թթ. ԵԱՀԽ/ԵԱՀԿ կողմից ընդունված փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ճանաչվում է որպես հակամարտության երրորդ լիիրավ կողմ։ Այդ փաստն ընդունվել է նաև Ադրբեջանի կողմից, որն այդ ժամանակահատվածում մի շարք երկկողմ և եռակողմ համաձայնագրեր է ստորագրել Արցախի հետ։

Որպես կանոն՝ հակամարտության կարգավորման գործընթացն իրականացվում է երկու հարթություններում՝ պաշտոնական բանակցություններ հակամարտության կողմերի ընտրված իշխանությունների միջև և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկխոսություն։ Միասնական գործընթացի այդ երկու բաղադրիչները պետք է ոչ թե փոխարինեն, այլ փոխլրացնեն միմյանց։ Ակնհայտ է, որ պաշտոնական մակարդակով ողջ ադրբեջանական հասարակության, այդ թվում նաև՝ վերոհիշյալ ադրբեջանական հասարակական կազմակերպության շահերը ներկայացնում են Ադրբեջանի իշխանությունները, որոնց ընտրություններում մասնակցում են նաև ադրբեջանցի փախստականները։ Պնդումը, որ ադրբեջանական հասարակության տարբեր հատվածներ պետք է որպես առանձին պատվիրակություն ներկայացված լինեն բանակցություններում, անհիմն է և հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը։

Միաժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին, այլ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորում են սեփական կառավարությունը՝ բանակցություններում նրանց  շահերը պետք է ներկայացնեն հենց Արցախի ընտրված իշխանությունները։

Տեսանյութեր

Լրահոս