Բաժիններ՝

Հայ առևտրականները մաքսատանը կհանդիպեն վրացական կողմի հետ. ի՞նչ են քննարկելու

Տեղեկացրել էինք, որ Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները խնդրի առջև էին կանգնել, քանի որ վրացիները նրանց չեն թողել հատել սահմանը:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից 168.am-ին հայտնեցին, որ հինգշաբթի Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ միասին ապրանք տեղափոխող հայ առևտրականները մաքսատանը վրացական կողմի հետ կքննարկեն ստեղծված իրավիճակը, կհստակեցնեն, թե հետագայում այդ մարդիկ ինչպե՞ս են շարունակելու աշխատել:

Դեսպանատնից փոխանցեցին նաև, որ վրացական կողմն արդեն առաջարկել է փոստային մեքենաներ ուղարկել մինչև Ստամբուլ: Իսկ թե բացի սա՝ ի՞նչ կառաջարկեն, դա արդեն պարզ կլինի քննարկումների արդյունքում:

Մարգարիտա Գրիգորյանը, ով զբաղվում է ուղևորափոխադրումներով և երեք օր մնացել է սահմանում՝ 168.am-ի հետ զրույցում նշեց.

«Վրացական կողմում մեզ շատ վատ են վերաբերվում: Գալիս է աշխատողը, չի թողնում, որ խոսես, ու այնպես է բղավում, որ ասելու չէ: Մեկն էլ մի շնչի հետ 7 հայհոյանք տվեց ինձ… Մենք ուզում ենք հասկանալ, թե այս տարանցիկ ճանապարհի համար ի՞նչ պայմաններ են առաջարկում: Գիշերը քնում, առավոտյան արթնանում ու ասում են՝ կարելի է, հաջորդ օրն էլ երևի վատ երազ են տեսնում՝ ասում են, թե չի կարելի: Փոստային մեքենաներով մոտենում, ուզում ենք բեռնաթափել մեքենան, գիտե՞ք, թե ոնց են բղավում: Կամ, ասենք, բեռը չի տեղավորվում մեքենայում, ու ուզում ենք մյուս մեքենա տեղափոխել, չեն թողնում, ասում են՝ որտեղից բեռը թափել եք, այնտեղ էլ պետք է բարձեք: Ախր Ստամբուլում այդ բեռը բարձում են պրոֆեսիոնալներ, իսկ այստեղ՝ պատահական մարդիկ: Մենք չենք կարող նույն ձևով ապրանքը տեղավորել»:

Մեր հարցին՝ որո՞նք են լինելու իրենց առաջարկները վրացական կողմին, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց.

«Սա միջպետական ճանապարհ է, ես չեմ կարող պետությանը որևէ բան թելադրել, պարզապես ուզում ենք իմանալ օրենքը, հասկանանք՝ մեզ ի՞նչ է կարելի, կամ ի՞նչ չի կարելի: Այստեղ ոչ մի ռուսերեն, անգլերեն բառ չկա, միայն վրացերենն է, որը, ցավոք, չենք հասկանում»:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե վրացական կողմն ասել է, որ նույնիսկ փոստային մեքենաներ կուղարկի մինչև Ստամբուլ, որպեսզի ապրանքը բերեն՝ Մարգարիտա Գրիգորյանը նկատեց.

«Մեր մեքենաները երեկ մնացել էին թուրքական կողմում: Վրացական կողմը նրանց հրահանգել էր, որ, եթե Հայաստան գնացող ավտոբուս մուտք գործի՝ առաջին հերթին բացեն բեռնախցիկները, նկարեն, ուղարկեն իրենց, կպատասխանեն՝ ավտոբուսը բաց թողնե՞ն, թե՞ ոչ: Երեք օր մնացինք այդտեղ: Մինչև ավտոբուսների տեղ հասնելը ես կանչել էի փոստային մեքենաներ, որպեսզի մտնենք վրացական մաքսատուն: Երբ գնացինք Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի մոտ, այնտեղ ասացին, որ մենք հրաժարվել ենք փոստային մեքենա ձեռք բերել, և սա՝ այն դեպքում, որ փոստային մեքենան երեք օր է՝ մեզ էր սպասում: Միջազգային հարցերում ո՞նց կարելի է նման սուտ ասել: Տեսախցիկ կա, չէ՞, ի վերջո, որ նկարում է: Բացի դա, ունեմ հեռախոսային խոսակցություններ, որ պատվիրել եմ փոստային մեքենա, տիրոջ նամակները, որ ասում է՝ այլևս չի կարող սպասել, և այլն»:

Հիշեցնենք՝ 168.am-ի հետ զրույցում «Նար Տուր» ուղևորային բեռանափոխադրող ընկերության տնօրեն Նարեկ Հայրապետյանը հայտնել է, որ թվով 4 ավտոբուսների հարցը լուծվել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի շնորհիվ:

«Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը շատ օգնեց մեզ, շատ տեղեր զանգեց, անչափ շնորհակալ ենք: Պարզապես նրան ուշ ենք դիմել, երեք օր էր՝ մաքսատանն էինք մնացել: Իսկ խնդիրն այն էր, որ այս տարանցիկ ճանապարհով միշտ գնացել-եկել ենք, 15-20 տարի այսպես աշխատել ենք: Եղել է, որ փոստի մեքենաներից են հատկացրել, առևտրականները կարողացել են բարձել այդ 25 կգ ապրանքը, որոշակի գումար վճարել Վրաստանին ու տեղ հասնել: Հիմա ինչ-ինչ պատճառներով արգելք են դրել, փոստի մեքենա չեն տրամադրում:

Եթե այդպես լինի՝ Թուրքիա գնացող-եկող այդ հարյուրավոր ընտանիքները, որ ապրում են դրանով, կմնան գործազուրկ: Ստացվում է՝ արգելում են, ասում են՝ մի՛ գնացեք, մի՛ եկեք: Նոր օրենք են հնարել, չնայած ոչ մի թուղթ ցույց չեն էլ տալիս Բաթումի մաքսատանը: Հիմա 11 ավտոբուս անորոշ մնացել է Թուրքիայում, չգիտեն՝ ի՞նչ անեն, ո՞նց հետ գան: «Սադախլոյի» մաքսատանն էլ է խուճապ: Սա մեր հացի աղբյուրն է, գնում-գալիս, մի երկու բան ենք բերում»,- նշել էր նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս