Ի՞նչ է պետք լավ իմունային համակարգ ունենալու, գրիպով չհիվանդանալու համար
«Կա թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, որի հիմնական պատճառը հանդիսանում է ծխելը, և հետազոտողների փաստմամբ՝ այս հիվանդությունը 2020 թվականին 3-րդ տեղը կզբաղեցնի մահացության քանակով,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը՝ հավելելով,- Մարդիկ հաճախ սրան ուշադրութուն չեն դարձնում՝ ասելով, դե հազում եմ, ոչ մի սարսափելի բան չկա: Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն ունեցողները միշտ ռիսկային գոտում են, որովհետև իմունային համակարգը չի կարողանում պայքարել վիրուսների դեմ»:
Ինչ վերաբերում է գրիպին, ապա դրա հետևանքով մահանում են, քանի որ շնչառական խնդիրներ են լինում, H1N1-ը հենց թոքերն է վնասում»:
Անդրանիկ Ոսկանյանի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ վիրուսային հիվանդություններով հոսպիտալացվել է մոտ 700 հիվանդ, 21 տոկոսի մոտ կան բարդություններ:
«Հաճախ մտածում են շատերը, թե սրանից կամ նրանից վարակվեցին, բայց պետք է իմանալ, որ բակտերիաները մեզ հետ ապրում են, իսկ ցուրտ եղանակների դեպքում տեղի է ունենում իմունային համակարգի պաշտպանության թուլացում, հետևաբար՝ չհիվանդանալու համար ամենակարևորը պետք է լավ իմունային համակարգ ունենալ, իսկ դա կլինի այն դեպքում, երբ չի խախտվում քնի ռեժիմը: Մարդը պարտադիր պետք է 8 ժամ քնի: Վատ չի լինի, եթե ճաշելուց հետո 20-30 րոպե հանգստանա: Չպետք է մոռանալ առողջ ապրելակերպի մասին: Պետք է ճիշտ սնվել, չծխել, չափից շատ ալկոհոլ չօգտագործել: Կարևոր է նաև հիգիենայի կանոններին հետևելը: Տուն մտնելուց անմիջապես հետո անհրաժեշտ է լվանալ ձեռքերը»,- նշեց ԱՆ գլխավոր թոքաբանը:
Անի Կարապետյան