Որն էր Նիկոլ Փաշինյանի Բոլնիսի կատարած այցի նպատակը
«Հայաստանն ու Վրաստանը շեշտադրում են, որ կարևորում են միմյանց հետ հարաբերությունները, որը, բացի նրանից, որ ուղղված է դեպի ներս, ուղղված է նաև հարևան երկրներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ գնահատելով նախօրեին Փաշինյան-Բախտաձե ոչ ֆորմալ հանդիպումը վրացական Բոլնիսիում:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում:
Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:
«Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և ընդգծել հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում:
Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն կարճատև հանդիպում են ունեցել նաև հայերով բնակեցված Բոլնիսի գյուղի, որը նախկինում կրում էր Բոլնիս-Խաչեն անունը, բնակիչների հետ»,- ասված էր ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Գրեթե նույնանման հաղորդագրություն էր տարածել նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ղեկավարած կառավարությունը:
Ջոնի Մելիքյանն արձանագրեց, որ երկու երկրների վարչապետների միջև ստեղծվել են համագործակցություն, ընկերական հարաբերություններ, ուստի Նիկոլ Փաշինյանին ուղղված Վրաստանի վարչապետի շնորհավորանքից հետո վաղաժամկետ, ոչ ֆորմալ այց տեղի ունեցավ դեպի Վրաստան:
Նրա խոսքով, կարևոր է նկատել, որ այդ տարածաշրջանում ունենք հայություն: «Անցյալ տարի, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց, առաջին պաշտոնական այցը կատարեց Վրաստան, որը շատ արդյունավետ, դրական այց էր, դրա շրջանակում տեղի ունեցավ այցելություն դեպի Ջավախք, ինչը դեսպանատան կողմից դիվանագիտորեն շատ լավ պատրաստված էր: Ներկայումս ևս՝ որպես վարչապետ վերանշանակվելուց հետո, ստացվում է, որ առաջին, թեկուզ՝ ոչ ֆորմալ այցը կատարվում է Վրաստան, ինչը մեզ պետ է հուշի, որ հարևան Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները շարունակվելու են և փորձ է արվելու ավելի խորացնել այդ հարաբերությունները բոլոր ուղղություններով, վերանայելու առկա օրակարգը, միջպետական հարաբերությունները:
Նիկոլ Փաշինյանի կողմից ֆեյսբուքյան գրառում եղավ, որ մոտակա ժամակներս Դիլիջանում սպասվում է հայ-վրացական բիզնես ֆորում: Ավելին շատ կարևոր է, որպեսզի կողմերը չկենտրոնանան միայն մայրաքաղաքներում, տարբեր հանդիպումներ տեղի ունենան տարբեր հարթակներում: Հայություն կա թե Քվեմո Քարթլիում, թե Ջավախքում, թե Աջարիայում:
Եթե Աջարիայում նախկին իշխանությունների օրոք հանդիպումներ եղել են, ապա այս տարածաշրջան այցելությունները քիչ են եղել, և ասեմ, որ սրանով մի կողմից՝ ուշադրություն է հատկացվում հայ համայնքին, մյուս կողմից՝ կարևոր է, որ Վրաստանի վարչապետի աշխատանքային այցն է եղել այդ շրջան, որի ընթացքում իրեն միացել է ՀՀ վարչապետը: Եվ սա առիթ էր, որ բոլոր հարցերը քննարկեն` ենթակառուցվածքներ, ճանապարհներ, միջպետական առևտուր, ինչը լավ նախադրյալներ է տալիս այս տարվա ընթացքում էլ ավելի ակտիվացնելու միջպետական հարաբերությունները»,- նման կարծիք հայտնեց Ջոնի Մելիքյանը:
Վրացագետը կարևորեց Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի կայացումը, քանի որ երկար տարիների դադարից հետո կարիք կա, որ վերականգնվի այդ ձևաչափը:
Մելիքյանի կարծիքով, անցած տարի մենք ինչ-որ չափով ժամանակ կորցրինք, քանի որ ներքաղաքական զարգացումներ էին թե Հայաստանում, թե Վրաստանում, հերթը չհասավ այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը: Ուստի, նրա համոզմամբ, այս տարի հնարավորություն կա այդ ուղղությամբ աշխատելու:
«Կողմերը շեշտադրում են, որ կարևորում են միմյանց հետ հարաբերությունները, որը, բացի նրանից, որ ուղղված է դեպի ներս, ուղղված է նաև հարևան երկրներին, որ իրենք ընկալեն ու հասկանան, որ այս երկու երկրներն ունենալով ինտեգրման տարբերվող ուղղություններ, արտաքին քաղաքական տարբերվող վեկտորներ՝ միաժամանակ փորձում են խորացնել իրենց հարաբերությունները, և երրորդ երկրների ներկայությունն այդ հարաբերություններում ավելորդ է, փորձում են երրորդ երկրներին զերծ պահել հնարավոր ազդեցությունից»,- ասաց Մելիքյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հանդիպումը փաթեթավորվեց «ոչ ֆորմալ հանդիպման» ձևակերպման ներքո, Ջոնի Մելիքյանը պատասխանեց, որ պատրաստված այց չէր:
«Ֆորմալ բոլոր կանոնները կիրառված չեն եղել, եղել է խոսակցություն, պայմանավորվածություն, արագ արձագանք այդ պայմանավորվածությանը և այցելություն, ուստի աշխատանքային ոչ ֆորմալ, առանց փողկապների հանդիպում էր, ապա տեղի բնակիչների հետ հանդիպումներ, եկեղեցի այց, որը տալիս է հնարավորություն ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկել, մտքեր փոխանակել, ինչը կարևոր է:
Կողմերը պետք է հնարավորություն ունենան ակտիվ կիսվել միմյանց հետ տարբեր հարցերի շուրջ: Որքան մեզ համար է կարևոր հասկանալ, թե ուր է գնում Վրաստանը, ինչ հարցեր է լուծում, նաև իրենց է հետաքրքրում, թե նոր Կառավարությունը, որն այս օրերին պետք է ձևավորվի, ինչ ուղղվածությամբ է աշխատելու և ինչ հարցեր է լուծելու: Եվ նույնիսկ Վրաստանի համար կարևոր է, թե ԼՂ հակամարտությունն ինչպես է լուծվելու, ինչ մտքեր կան:
Իմ կարծիքով` հարցերի բավականին լայն շրջանակ քննարկած կլինեն վարչապետները, ինչը նորմալ դիվանագիտական ճիշտ քայլ է: Այլ հարց է, որ փոքրիկ տեղեկատվություն է տրված, բայց կարելի է փակագծերը բացել՝ հասկանալով՝ ինչ հետաքրքրություններ կան Հայաստանում և Վրաստանում միմյանց նկատմամբ և օրակարգային հարցերը որոնք են: Ուստի մի քանի տողից կարող ենք հասկանալ մի փոքր ավելին»,- նշեց Մելիքյանը: