«Եթե ՀՀ-ԵՄ գործընթացը դանդաղ է առաջ շարժվում, ապա դա Հայաստանի որոշումն է»․ փորձագետ

«ՀՀ-ԵՄ հարաբերություններում մեծ անելիք կա»,- այս մասին այսօր 168am-ի հետ զրույցում ասաց լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով կարծիքներին, թե նախորդ տարին կորսված էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ 2018 թվականը կորսված որակելով երկկողմ հարաբերությունների համար։ Նա նշել էր, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության տկարությունը շարունակում է խորանալ ոչ միայն ղարաբաղյան, ռուսական կամ եվրասիական, այլև եվրոպական ուղղությամբ:

«2017 թվականի նոյեմբերին ստրագրված և 2018 թվականի հունիսի 1-ից անցումային կիրարկման մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն այդպես էլ միս ու արյուն չի ստանում, ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլև քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը և փայլը»,- գրել էր Աշոտյանը։

Ըստ վերջինիս աղբյուրների, Հայաստանի կառավարության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագիծը Բրյուսելում ենթարկվել է անխնա քննադատության, և լրացուցիչ լրամշակման անհրաժեշտություն է առաջացել:

Ավելին՝ այսօր Ա. Աշոտյանը նաև հայտարարել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի լիարժեք քաղաքական իմաստն ու կշիռը, նրա դիվանագիտական թագը համաձայնագրի վերջնական և լիարժեք վավերացումն է, ինչի համար համաձայնագիրը նախ պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային մակարդակով, իսկ վերջում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից:

«Հիշեցնեմ, սակայն, որ համաձայնագիրն այս պահին, ստորագրումից մեկ տարի անց, վավերացրել է ընդամենը ԵՄ անդամ 9 երկիր՝ 28-ից (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, ՄԹ, Ռումինիա և Դանիա): Դեռևս մինչև իշխանափոխություն մենք խնդիր էինք դրել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացվի 1.5-2 տարվա ընթացքում: Ակնհայտ է սակայն, որ այդ աշխատանքն ամբողջությամբ բարձիթողի վիճակում է: Համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ԵՄ ծանրքաշայինները՝ Գերմանիան և Ֆրանսիան, անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին:

Արդեն ակնհայտ է նաև, որ Եվրոպական խորհրդարանի գործող գումարման ընթացքում համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի չի ունենա, քանի որ այս տարի մայիսի 23-26-ը տեղի են ունենալու ԵԽ նոր ընտրություններ: Թե որքանով նոր Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական հանձնաժողովը կկարևորեն Հայաստանի հետ համաձայնագիրը, կախված է լինելու ընտրությունների արդյունքներից, հետընտրական դասավորումներից, եվրոպական ինստիտուտների կազմի վերադասավորումներից և, իհարկե, Հայաստանի կառավարության նպատակային, պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքից»,- գրել էր ՀՀԿ փոխնախագահը՝ եզրակացնելով, որ այս տարի համաձայնագիրը չի վավերացվի։

Մեզ հետ զրույցում Կոնրադ Զաշտովտն ասաց, որ տեղեկություններ չունի, թե ԵՄ-ում ինչպես է ընդունվել Հայաստանի մշակած ճանապարհային քարտեզի նախագիծը։ Սակայն, նրա խոսքով, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ավանդական հունը խախտվել է, դանդաղել է, քանի որ նախկին իշխանության ներկայացուցիչներն են զբաղվել գործընթացով, նախորդ տարի անձեր են փոխվել, նոր նշանակված պաշտոնյաներն են փորձել ադապտացվել ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա իրողություններին և բովանդակությանը։

Նրա խոսքով, բնականաբար, դա ժամանակ է պահանջում, և ըստ ամենայնի բոլոր ուղղություններով իրավիճակն անհասկանալի է, քանի որ ներքաղաքական զարգացումներն են եղել իշխանությունների գլխավոր խնդիրը, և արտաքին քաղաքական անելիքներն անուշադրության են մատնվել։

«Այս դանդաղկոտության պատճառներից մեկը դա է։ Սակայն կան նաև կարծիքներ, որոնք գուցե ակնկալիքներ են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ իշխանությունները հայտարարում են բարեփոխումների, քաղաքակրթության մասին, տրամաբանորեն պետք է փոխված լինեն նրանց հավակնությունները ՀՀ-ԵՄ հարաբերություններում, պետք է է՛լ ավելի մեծ ասոցիացման ձգտի Հայաստանը՝ նկատի ունենալով իշխանությունների հայտարարությունները։

Սակայն այդ կարծիքները դեռ օդում են։ ՀՀ-ԵՄ հարաբերություններում իսկապես մեծ անելիք կա և համաձայնագրի ներդրման ուղղությամբ, և ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման, ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունների ուղղությամբ։

Եթե գործընթացը դանդաղ է առաջ շարժվում, դա Հայաստանի որոշումն է, քանի որ ԵՄ-ն թույլ է տալիս, որպեսզի իր արևելյան հարևանության երկրներն ընտրեն ասոցիացման այն խորությունը, որը ցանկանում են և կարող են։ Գնահատականները գործընթացի երկարաձգվածության վերաբերյալ կիսում եմ»,- նման կարծիք հայտնեց լեհ վերլուծաբանը։

Նրա խոսքով, այս տարի հատկապես ընտրություններից հետո ակնկալվում է, որ տեսանելի կդառնա իշխանությունների քաղաքական կամքը ԵՄ-ի հետ հարաբերություններում։ «Եվրոպական խորհրդարանի ընտրություններն իսկապես կարևոր են, ղեկավար կազմի անձնական մոտեցումներն այս կամ այն երկրի վերաբերյալ հաճախ ազդեցիկ և որոշիչ է լինում, սակայն տվյալ երկրի քաղաքական կամքից էական բան է կախված։ Այդ մոտեցումն ամրագրվել է վերանայված Հարևանության քաղաքականության էջերում ուկրաինական ճգնաժամից հետո։ Հասկանալով, որ մեկ փաթեթը, որն առաջարկվում էր ԱլԳ վեց երկրներին, ընդունելի չի կարող լինել բոլոր երկրների համար, քանի որ տարբեր են արտաքին քաղաքական շահերն ու կողմնորոշումները, հետևաբար՝ ԵՄ-ի հետ ասոցիացվելու քաղաքական կամքը։

Այդ քաղաքականության շնորհիվ Հայաստանի հետ հնարավոր դարձավ Ասոցացման համաձայնագրի փոխարեն՝ այլ համաձայնագիր մշակել՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը բաց թողնելով, որը պարտադիր էր ԱՀ-ի դեպքում։ Ներկայումս ևս Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքն է ձևավորում ՀՀ-ԵՄ հարաբերությունների առկա տեմպը, զարգացումների ինտենսիվությունը։

Հեղափոխությունից հետո ԵՄ-ն բազմիցս հրապարակային կերպով իր պատրաստակամությունն է հայտնել իշխանություններին հարաբերությունները խորացնելու վերաբերյալ, ԵՄ-ն պատրաստ է, և մինչ այս փուլը, ըստ իս, դանդաղկոտությունը գուցե արդարացված են համարել։ Ճանապարհային քարտեզի շուրջ հետագա աշխատանքը կարտացոլի ՀՀ իշխանությունների քաղաքական կամքը»,- ասաց Զաշտովտը։

Տեսանյութեր

Լրահոս