Օպտիմալացվող նախարարություններում սպասում են կառավարության քննարկմանը. դեռ ոչինչ հայտնի չէ
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մի քանի ամիս անց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում նախարարությունները շատ են, երբեմն իրար կրկնում են, որի արդյունքում նրանց աշխատանքը դառնում է ոչ արդյունավետ, ուստի պետք է որոշ նախարարություններ կրճատվեն։
Ըստ վարչապետի պաշտոնակատարի, 17 նախարարություններից 5-ը պետք է կրճատվեն՝ սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի և էներգետիկայի նախարարությունները պետք է օպտիմալացվեն և միանան այլ նախարարությունների։
Չնայած օպտիմալացման որոշումը նախարարությունների, հատկապես մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցների մոտ դժգոհության ալիք բարձրացրեց, նրանք մի քանի ժամով գործադուլ արեցին, սակայն կառավարությունը շարունակեց պնդել, որ օպտիմալացումն անհրաժեշտություն է։ Իսկ վարչապետի պաշտոնակատարն էլ նախորդ տարվա վերջին հայտարարեց, որ նախարարությունների օպտիմալացման հարցը կքննարկվի հունվարին։
Այս պահին դեռևս հայտնի չէ, թե նախարարությունների կրճատման հետևանքով քանի՞ մարդ է դառնալու գործազուրկ, նախարարություններում ո՞ր վարչություններն են շարունակելու աշխատել և որո՞նք են կրճատվելու։
168.am-ի հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը նշեց, որ նախարարությունների կրճատման հարցը քննարկվելու է ՀՀ կառավարությունում, իսկ նախարարությունում որևէ քննարկում չկա:
«Մենք այս պահին շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը, կարծում եմ՝ բոլոր հարցերի պատասխանը կստանանք կառավարության քննարկումից հետո, այսինքն՝ միայն դրանից հետո որոշ բաներ կորոշակիանան»,- ասաց Աստղիկ Մարտիրոսյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության խոսնակ Անի Սմբատյանը նույնպես տեղեկացրեց, որ աշխատողների կրճատման թվաքանակի մասին ոչինչ հայտնի չէ.
«Ընդհանրապես նախարարության օպտիմալացման վերաբերյալ որևէ տեղեկատվության չեմ տիրապետում, մենք շարունակում ենք աշխատել։ Պաշտոնական տեղեկատվություն ունենալու դեպքում այն անպայման կհրապարակենք»։
Մշակույթի նախարարությունից նույնպես գրեթե նույն պատասխանը տվեցին։
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը նշեց, որ իրենք շարունակում են աշխատել ինչպես նախկինում և պաշտոնական որևէ տեղեկատվության չեն տիրապետում։
Նշենք, որ այս հարցում հստակություն կա միայն Սփյուռքի նախարարությունում:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում սփյուռքի նախարարի խոսնակ Գրիգոր Գևորգյանը նշել էր, որ նախարարությունն ընդհանուր առմամբ ունի 88 հաստիք, որից 11-ը թափուր է, 39 աշխատակիցներ, որոնք համարվում ենք քաղծառայողներ և գնալու են ռեզերվ, երեք ամիս շարունակ պետությունից ստանալու են աշխատավարձ:
«38 հոգու հետ էլ կնքված է աշխատանքային պայմանագիր, լուծարվելու է»,- ասել էր Գ. Գևորգյանը։
Զվարթ Խաչատրյան