Ի՞նչ է իրականում պատասխանել Ալեքսեյ Միլլերը Մհեր Գրիգորյանին
Հաստատվում են 168.am-ի հավաստի աղբյուրների հաղորդած տեղեկություններն այն մասին, որ Հայաստանին մատակարարվող գազի նոր գնի բանակցությունների շրջանակում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ էր հղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ այսուհետ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց (առկա 150 դոլարի փոխարեն), և դա քննարկման ենթակա չէ:
Ի դեպ, թեպետ Հայաստանի համար գազի գինը սահմանին 1000 խմ-ի դիմաց եղել է 150 դոլար, բայց ռուսական կողմը մշտապես դրա 15 դոլարը սուբսիդավորել է։ Այսինքն՝ իրականում գազի գինը մշտապես եղել է 135 դոլար (150-15=135 $)` ի շնորհիվ հայ-ռուսական հիրավի լավ հարաբերությունների։
Հիշեցնենք, որ գործող իշխանությունները, մասնավորապես՝ նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, դաժան քննադատության էր ենթարկում նախկին իշխանություններին՝ նրանց մեղադրելով Պուտինի կամակատարը դառնալու, ինքնիշխանությունը զիջելու մեջ։ Որպես հայ-ռուսական վատ հարաբերությունների օրինակ՝ ընդդիմադիրների կողմից նշվում էր Հայաստանին մատակարարվող գազի թանկ գինը, և խոստանում էին իշխանության գալու պարագայում ՌԴ-ին ստիպել ավելի ցածր գնով այն վաճառել։
Ընդամենը մի քանի օրից՝ դեկտեմբերի 31-ին, ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը։ Երեկ ողջ հանրությունը Փաշինյան-Պուտին հերթական հանդիպումից մեծ սպասելիքներ ուներ, հատկապես՝ գազի գնի հարցում։ Փաշինյանը պետք է առնվազն նախկին իշխանությունների կողմից բանակցված 150 դոլարից ցածր գին կորզեր Ռուսաստանից։ Հակառակ դեպքում, նախկինում իր կողմից արված քննադատություններն անհիմն կդառնան։
Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում գազի գնի շուրջ քննարկումն անարդյունավետ է եղել։ Կրեմլից Փաշինյանին հասկացրել են, որ ՌԴ նախագահի աշխատակազմը չի զբաղվում գազի գինը որոշելու հարցով, և դրա համար պետք է բանակցել հենց «Գազպրոմ» ընկերության հետ։ Այն դեպքում, երբ գազն առաջին հերթին՝ քաղաքական հարց է, և դա բոլորն են գիտակցում, հետո նոր՝ տնտեսական։
Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո բավական հուսախաբ է եղել, անմիջապես վերադարձել է Երևան, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայից գործուղվել է ուղիղ Սանկտ Պետերբուրգ՝ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ գազի գնի հետ կապված բանակցություններ վարելու։
«Գազպրոմը» քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ընկերության վարչության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հանդիպման վերաբերյալ։ Ըստ էության՝ դարձյալ ոչինչ չասող հայտարարություն։ Քննարկել են 2019 թվականի գազի մատակարարումները:
«Սանկտ Պետերբուրգում «Գազպրոմ» ԲԲԸ խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի միջև այսօր աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի գազիֆիկացման և հանրապետությունում ստորգետնյա գազի պահպանության հետ կապված հարցեր: Նշվել է, որ ստորգետնյա գազի պահպանության հզորությունները 2018/2019 աշուն-ձմեռ ժամանակահատվածում պատրաստ են շահագործման»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Ի՞նչ են իրականում պատասխանել «Գազպրոմից»
168.am-ի աղբյուրների հավաստմամբ՝ Ալեքսեյ Միլլերը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին ասել է, որ իրենց սահմանած գազի նոր գինն այն է, ինչ ասվել է՝ 215 դոլար: Նաև հավելել է, որ ինչ գին էլ սահմանվի Հայաստանի համար, լինելու է բացառապես քաղաքական որոշման արդյունք։ Այնպես որ, պետք է կրկին բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինքը լիազորված չէ Հայաստանի համար հատուկ գին զեղչել։
Այսպիսով, Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա տրանզիտ է սպասվում։ Ակնհայտ է, որ ռուսական կողմը գազի գինը ոչ միայն չի նվազեցնի, այլև Փաշինյանը հարկադրված կլինի ևս մեկ անգամ Մոսկվա գնալ ու Պուտինին խնդրել։ Այսինքն՝ նաև ակնհայտ է, որ իշխանությունների՝ գազի գինն իջեցնելու խոստումը սին էր, և այն սրտաճմլիկ պատմությունը, թե Պուտինն ասել էր՝ գազի գինը բարձր է Հայաստանի համար, և հանձնարարել էր այն նվազեցնել, իրականում իրականության հետ այնքան էլ կապ չուներ։