Կրեմլի խորհուրդը. գազի գինը՝ «Գազպրոմի» հետ

Դեկտեմբերի 31-ին, ինչպես արդեն հայտնի է, ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը:

Երեկ կրկին հանդիպել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Օրակարգը բավական ծանր էր՝ ՀԱՊԿ, Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, գազի գին։ Ուշ երեկոյան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերում հայտարարեց.

«Գազի թեմայի հետ կապված որոշում չկա, և գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է, և այդ զգայունությունը գիտակցում են թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում, բայց ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն, կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»։

Ոչինչ չասող այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ. Որևէ հարցի շուրջ, ըստ էության, որևէ կոնկրետ հարց չի քննարկվել, Փաշինյանը վերադարձել է դատարկ ձեռքերով՝ որևէ հաջողություն չարձանագրելով։ Միակ ձեռքբերումն այն էր, որ Պուտինը շնորհավորել է ԱԺ արտահերթ ընտրություններում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը։

Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները: Նրա խոսքով՝ նախանշվել են ժամկետները, քանի որ իրավիճակը «ցայտնոտային» է. «Մենք ցայտնոտի մեջ ենք»: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Պեսկովն ասել է. «Երեկ անդրադարձ է կատարվել այս թեմային (Հայաստանի հետ գազի գնի բանակցություններին.- Ա.Վ.)։ Պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, քանի որ մինչև երեկ մեր «Գազպրոմի» ու հայ գործընկերների միջև ակտիվ բանակցություններ չեն եղել»։

168.am-ի աղբյուրների հավաստմամբ, սակայն, երեկ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում գազի գնի շուրջ հարցադրումը «ցրել» են՝ ասելով, թե գազի գնի որոշմամբ Կրեմլը՝ ՌԴ նախագահի աշխատակազմը, չի զբաղվում, և գազի գինը որոշելու համար պետք է բանակցել հենց «Գազպրոմ» ընկերության հետ։ Եվ ահա երեկ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երևան, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայից անմիջապես գործուղվել է Սանկտ Պետերբուրգ՝ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ  Միլլերի հետ գազի գնի հետ կապված բանակցություններ վարելու։ Ներկաների տպավորությունն այնպիսին է եղել, որ ռուսական կողմը շատ սառն է վերաբերվել Նիկոլ Փաշինյանի՝ գազի գնի նվազեցման խնդրանքին։

Տեղեկացնենք, որ մինչ այդ գործող իշխանությունները հայտարարել էին, որ գազի նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել էր հստակ նշել՝ գազի սակագնի նվազեցման հնարավորություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, բայցև նշել էր, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրում է խնդիրը, և բանակցությունները գնում են նվազեցման վերաբերյալ:

Օրեր առաջ «168 Ժամի» ռուսաստանյան և հայաստանյան աղբյուրները հայտնել էին, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ: Ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով:

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Տավուշում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ հանդիպման ընթացքում Պուտինին հայտնել է, որ Ռուսաստանի գազն էժան սակագնով ստանում է «Գազպրոմ» ընկերությունը, ոչ թե՝ Հայաստանի քաղաքացին։

«Վլադիմիր Պուտինի համար նորություն էր դա։ ՌԴ նախագահը զարմացավ՝ նշելով, որ անձամբ է հանձնարարել մատչելի դարձնել գազի սակագինը հայաստանցիների համար։ Պուտինն այդ հանձնարարությունը տվել է Գյումրի կատարած այցի ընթացքում՝ ցանկանալով նպաստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը»,- հայտարարել էր Փաշինյանը, ապա նշել, որ  պայմանավորվել են համատեղ ուսումնասիրել ներկրվող գազի գնագոյացման քաղաքականությունը, ստուգել պայմանագրային բազան և համապատասխան որոշումներ կայացնել։

Մինչ այդ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը հիշեցրել է, որ մեր երկրին գազ է մատակարարվում ամենաէժան գնով։

Ակնհայտ է, որ գազի գինը, առաջին հերթին՝ քաղաքական հարց է, ապա՝ տնտեսական։ Եվ թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան փորձագիտական, քաղաքական շրջանակները երբևէ չեն թաքցրել, որ գազի գնի շուրջ բանակցությունների ելքը, որոշումը, ինչպես միշտ, այս անգամ ևս՝ ցույց կտա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակը: Ռուսաստանը մշտապես՝ թե նախկին բոլոր իշխանությունների օրոք, թե այժմ, շահարկում է այդ խաղաքարտը՝ իր շահերից բխող ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով։ Դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ Հայաստանում բոլոր իշխանությունների  կառավարման ընթացքում ընդդիմադիր ուժերն ուշադրության կենտրոնում են պահում գազի գնի շուրջ բանակցությունների ընթացքը և վերջնական որոշումը՝ հաճախ համեմատելով այլ երկրներին տրված գազի գնի հետ՝  դրանով պայմանավորելով մեր երկրի, ինչպես նաև՝ երկրի նախկին ու ներկա ղեկավարների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ 4 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում քննարկել է գազի մատակարարման հարցը, ավելին, վաղը սպասվում է վերջինիս պաշտոնական այցը Ռուսաստան։

Տեսանյութեր

Լրահոս