Բաժիններ՝

«Բա գալիս ու խոստումներ էին տալիս, որ սա այլ իշխանություն է, նոր իրավիճակ. ո՞նց կարելի է այսպիսի  քմահաճ վերաբերմունք ունենալ». Գագիկ Գինոսյան

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունը կմիավորվի Կրթության և գիտության նախարարությանը։

Ավելին՝ Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության հատվածը կմիանա Քաղաքաշինության կոմիտեին:

«Կարծում եմ՝ մարմինը քայլելիս հավասարակշռելու համար և՛ ձախ, և՛ աջ ոտքն է պետք, իսկ հիմա ոնց որ ասեն՝ ձախ ոտքը լավը չէ, եկեք երկու հատ աջ ունենանք,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ շարունակելով,- Մշակույթն ու կրթությունը  դաստիարակչական հզոր վեկտոր պարունակող երևույթներ են, մեկ կենտրոնից, ուղեղից պետք է հրահանգներ ստանան, որպեսզի ճիշտ քայլի մարդը, գնա դեպի կատարելություն, բայց չպետք է լինի միակողմանի և միանման: Գիտե՞ք, եթե ընդունում ենք, որ նախորդ իշխանությունները խամաճիկացրել են մշակույթը,  չպետք է մոռանանք, որ նման վերաբերմունք է եղել ամեն ոլորտի նկատմամբ, բոլոր գերատեսչությունները տկարացվել, ստորացվել են:  Հիմա պետք է փակվե՞ն: Այո՛, շատ վիրավորական բաներ կային Մշակույթի նախարարության գործառույթում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն, երբ քոչարին ճանաչեց՝ որպես ադրբեջանական մշակույթ, Աֆրիկյանների տունը քանդեցին, ինչո՞ւ բողոքի ակցիա չէին անում: Հյուսիսային պողոտայի հին շենքերը քանդելուց բացի՝ թամանյանական գաղափարը երբ կեղծում ու ծառայեցվում էր մի քանի օլիգարխի ու իշխանավորի շահերին, ինչո՞ւ ձայն չէին հանում: Ինչո՞ւ չէին բողոքում, երբ Արմենչիկին ու մշակույթ պղծող գործիչներին վաստակավորի կոչումներ էին տրվում: Ավելին, երբ ցույցերին մասնակցելու համար մշակույթի վաստակավոր գործչին կանչում և մուննաթ էին գալիս, ասում, թե՝ ինչո՞ւ էին գնացել, նախընտրական շրջանում էլ  բեմ էին բարձրացնում՝ երգել-պարել տալիս, այդ ժամանակ բողոքի ակցիա թող անեին, ասեին, որ  մշակույթը նախընտրական կամ քաղաքական օրգան չէ, նման բան չպետք է լինի:

Կարդացեք նաև

Հիմա բողոքում են, որ տեղերը կրճատվում են: Սա անձնական շահ չպետք է լինի: Այ, եթե բողոքի գլխավոր բաղադրիչը լինի այն, որ Մշակույթի նախարարության չլինելու դեպքում մշակույթը կաղալուց անցնելու է սողալուն, այս դեպքում կհասկանայի: Ոչ մի մշակութային հարց չի բարձրացվում, սա անթույլատրելի է: Անցնենք մյուս կողմին. եթե նոր կառավարությունը փակում է այդ գերատեսչությունը, գուցե ընդունում է, որ անզոր ենք ձևափոխել նախորդ իշխանությունների ստեղծած կառույցը, անզոր ենք ստեղծել իրական նախարարություն, որը կծառայի ՀՀ-ում իսկական մշակույթի զարգացմանը:

Այնինչ կարևոր է մշակութային քաղաքականություն ունենալը, որի մասով այսօր անգամ ծիծաղելի է խոսելը: Մի սովետական անեկդոտ կա, որը տիպիկ բնորոշում է այսօրվա իրավիճակը: Հայաստանից նամակ են հղում Մոսկվա և խնդրում, որ Հայաստանում ստորջրյա նավատորմի նախարարություն բացեն:

Ասում են՝ կներեք, սիրելի հայաստանցիներ, դուք ծով չունեք, ի՞նչ ստորջրյա նավատորմ: Իսկ հայերը պատասխանում են, թե՝ այդ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանն ունի մշակույթի նախարարություն: Հիմա ստացվում է, որ հասել ենք այն մակարդակի, որ մտածում ենք՝ մշակույթ չունենք, ու դրա համար մեզ նախարարությունը պե՞տք չէ:

Այսինքն, փոխանակ ստեղծենք գերհզոր մի նախարարություն, որն իրոք 10-20 տարվա ընթացքում  կհզորացնի ոլորտը, կսատարի գործիչների, ովքեր դեմքեր կարող են դառնալ, ազգը աշխարհին ճանաչելի դարձնել, ստորացնում ու այնպես ենք անում, որ մարդիկ փախչեն Հայաստանից: Տարբեր երկրների սիմֆոնիկ նվագախմբերում ՀՀ Կոնսերվատորիան ավարտած երաժիշտներ կան. մի՞թե պետք չէ այդ նախարարությունը, որը պետք է հետ կանչի այդ մշակույթի գործիչներին ու Հայրենիքում և Հայրենիքի համար ստեղծագործելու հնարավորություն տա»:

Գագիկ Գինոսյանը նշեց, որ կարելի է կրճատումներ իրականացնել, ոչ թե «աջաբսանդալ»  սարքել:

«Թող հիմնավորեն, թե ինչո՞ւ են կրճատում որոշ աշխատողների, և վերջ, ոչ թե քնեն-զարթնեն ու որոշում ընդունեն: Բա գալիս ու խոստումներ էին տալիս, որ սա այլ իշխանություն է, նոր իրավիճակ: Նոր իրավիճակում հնարավորություն տվեք յուրաքանչյուրին աճելու, զարգանալու:

Կամ, ո՞նց կարելի է Սփյուռքի նախարարությունը փակել՝ չհասկանալով, որ այն պետք է մասնակցի ՀՀ-ի կայացմանը: Հայաստանն էլ  պետք  է ամեն ինչ անի, որ հայ մարդը սփյուռքում չուծացվի: Ո՞վ ունի այն համոզմունքն ու ապացույցը, որ իմ երեխան է դառնալու վաղվա պատերազմի հերոսը, և ոչ՝ հաջորդ Մոնթեն, ով սփյուռքից է գալու: Ո՞վ է ասել, որ իմ տղան ավելի կարևոր է, քան սփյուռքի հայ մանչուկը: Ո՞վ ունի ապացույց, որ այնտեղից եկող մանչուկը չպետք է փրկի այսօրվա Հայաստանը: Ո՞վ է ձեզ ասել, որ սփյուռքը կարևոր չէ, միայն կթու կովի տեսքով  է, ու «Հայաստան» հիմնադրամը բավարար է սփյուռքի հետ հարաբերություն հաստատելու համար: Ո՞նց կարելի է այսպիսի քմահաճ վերբերմունք ունենալ այս գերատեսչությունների նկատմամբ»,- նշեց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավարը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս