Բաժիններ՝

Ինչո՞ւ չպետք է կարողանանք այնտեղ մուտք գործել. Օպերային թատրոնի դռները փակվել մի քանի երգչուհիների առջև

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին ու ներկա աշխատակիցները դժգոհ են գեղարվեստական ղեկավար, տնօրեն Կոնստանտին Օրբելյանից, նրա աշխատաոճից, իրենց հանդեպ վերաբերմունքից:

«Այս երկու տարիներին մոտիկից շփվելով Կոնստանտին Օրբելյանի հետ՝ պարզապես ոչ թե զարմացած, այլ ապշած եմ: Գեղարվեստական խնդիրները թատրոնում ճիշտ հիմքերի վրա դնել ու լուծել նա անկարող է: Այսպիսի հեղհեղուկ պատկերացումների տեր անձնավորություն իմ կյանքում չի պատահել: Կայուն գաղափարներ, պատկերացումներ իր մոտ չեմ նկատում: Նա հիմնավոր պատկերացումներ չունի, պրոդյուսերական գործունեությունը շփոթում է Օպերային թատրոնի ղեկավարման հետ: Տնօրենն ու գեղղեկավարը տարբեր բաներ են: Ըստ էության, թատրոնը մնացել է սիրողական մակարդակում:

Միշտ ասում եմ՝ ֆոկուսի բերված չէ: Այս տարի 15 օպերաներից 9-ն է կատարվել: Մոտեցել եմ երգիչ-երգչուհիներին, հարցրել, թե քանի՞ անգամ են երգել: Մարդ կա՝ ասում է՝ մեկ, մարդ էլ կա՝ 10, որոշներն էլ տարվա մեջ ընդհանրապես չեն երգում: Լինում է ամիս, որ պարում են չորս անգամ, լինում է ամիս, որ ընդհանրապես չեն պարում: Հիմա մի օպերան կատարվում է փետրվարին, մյուս անգամ՝ նոյեմբերին: Այնքան ուշ, որ կրկին վերականգնման աշխատանքներ անելու կարիք է լինում: Այսինքն, ճիշտ չի պլանավորվում:

Վստահաբար կարող եմ ասել, որ գեղղեկավարի պաշտոն չի կարող զբաղեցնել Օրբելյանը: Ինչ վերաբերում է դիրիժորական հատկանիշներին՝ պարզապես ասելիք չունեմ: Նա չգիտի՝ ի՞նչ խորհուրդ տա նվագախմբին, որ թերությունները հաղթահարեն, կամ երգիչներն ի՞նչ անեն, որ ձայնի տեմբրը լավանա,- 168.am-ի հետ զրույցում ասաց դիրիժոր Զավեն Վարդանյանը՝ շարունակելով,- Ինքն իր տեղում է՝ իբրև պրոդյուսեր, ես այդ հարցում իր կողքին կկանգնեմ: Մշակույթի նախարարությանն առաջարկել եմ այդ պաշտոնը ստեղծել ու նրան տալ, բայց ոչ՝ տնօրեն ու գեղարվեստական ղեկավար»:

Կարդացեք նաև

Զավեն Վարդանյանը նկատում է՝ այսօր թատրոնում համակերպվողների շրջանակ է ստեղծվել, չնայած բացառություններ կան:

«Ուզում եմ՝ այդ պաշտոնում առաջադրվի մեկը, ում տեսնելով՝ կասենք՝ այո՛, նա է, բայց մեր հասարակության մի շերտ կա, որը երանելի տգիտության մեջ է: Հիմա, եթե «Գրեմմի» էլ ստանա, ի՞նչ լինելու, գիտելիքներն ավելանալո՞ւ են: Օպերայի ներսում էլ պատին փակցրել են «Գրեմմի»-ի պլակատը, որտեղ նշված է, թե կոլեկտիվը շնորհավորում է, ինչ է թե՝ անվանակարգերից մեկում անունը կա, դեռ չի էլ հաղթել: Սա ձեզ ոչինչ չի՞ ասում թատրոնում տիրող մթնոլորտի մասին»,- նշեց դիրիժորը:

Օպերային երգչուհի, երգահան, երեք միջազգային մրցույթի դափնեկիր, սոպրանո Մայա Աֆրիկյանի բախտն ընդհանրապես չի բերել: Նա չի հասցրել նորմալ շփվել Կոնստանտին Օրբելյանի հետ, քանի որ Օպերային թատրոնի դռները նրա առջև փակ են:

«Օպերային թատրոնում 7 տարի ստաժոր եմ եղել՝ քաջ գիտակցելով, որ երեք ամսից ավելի չպետք է լինեի, բայց այդքան ժամանակ լռել եմ, չեմ բողոքել: Իմ խաչը լուռ ու մունջ տարել եմ, իսկ վերջին 3 տարիներին աշխատել եմ պայմանագրով: 10 օր բացակայեցի ՀՀ-ից, գնացի միջազգային մրցույթի, վերադարձա, պետք է պայմանագրի երկարաձգման համար ստորագրեի, գնացի Օպերային թատրոն՝ միջազգային մրցանակը ձեռքիս, ինձ ասացին, թե պայմանագիր չեն ստորագրում, քանի որ այլևս պայմանագրային աշխատողներ չունեն: Երկու տարի է՝ սպասում եմ մրցույթների ու ատեստավորման, որոնք չեն եղել:

Կոնստանտին Օրբելյանն ինձ չի ընդունել ու լսել, իսկ ես ուզում էի, որ գոնե ձայնիս, կարողություններիս ծանոթանար: Մի քանի անգամ ասել է, թե՝ ես պետք է քեզ լսեմ, պայմանավորվել ենք, եկել եմ՝ պարզվել է, որ զբաղված է: Այսպես՝ երկու տարի… Այս ընթացքում ռուսերեն լեզվով նամակ եմ գրել, խնդրել, որ վերանայի իմ աշխատանքային հարցի խնդիրը, առ այսօր պատասխան չեմ ստացել, համոզված էլ չեմ՝ նամակը նրան հասե՞լ է, թե՞ ոչ, որովհետև ինձ անգամ չթողեցին, որ շենք մտնեմ ու անձամբ այն հանձնեմ: Բողոքի նամակ եմ գրել Մշակույթի նախարարություն՝ հայտնելով, որ ինձ չեն թողնում այդ շենք մտնել: Նախարարությունից նամակն ուղարկել էին Օպերային թատրոն, որտեղից մի աբսուրդային պատասխան էր եկել:

Գրել էին, թե ձեր ձայնի տեսակի համար դեր չունենք: Ի՞նչ է նշանակում սա: Ես մարդկային ձայն ունեմ, դելֆին չեմ, ուլտրազվուկով էլ չեմ երգում, ոչ էլ փիղ եմ: Ունեմ հզոր սոպրանո ձայն: Սա պետական թատրոն է, ես էլ՝ երաժիշտ, ինչո՞ւ չպետք է կարողանամ այնտեղ մուտք գործել: Որպես երգչուհու՝ նա ինձ ծանոթ չէ, այդ դեպքում ո՞վ է որոշել իմ ավելորդ լինելը: Ինչո՞ւ ինձ չեն լսում, մրցույթ չեն անում: Այսօրվա դրությամբ իմ թոշակառու ծնողներն են ինձ օգնում: Գիտե՞ք, խնդիրն այն է, որ, եթե դերասան լինեի՝ այս թատրոնից դուրս կգայի, մյուսում կաշխատեի, բայց մեր դեպքում մեկ Օպերային թատրոն գոյություն ունի: Ի՞նչ անենք, օպերային երգիչը չի կարող ակումբներում երգել: Քյաբաբի կենտրոններում գնանք օպերա երգենք, ո՞վ կլսի»,- նշեց Մայա Աֆրիկյանը:

Պարզվում է՝ դռները փակ են նաև մեկ այլ օպերային երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Անի Պիվազյանի առջև: Նրան նույնպես արգելել են Օպերային թատրոն մտնել:

«Անվտանգության հիմունքներից ելնելով՝ չեն թողնում մտնել շենք: Մշակույթի նախարարություն նամակ գրեցի, նախարարից խնդրեցի, որ մի բան անի՝ կարողանամ թատրոն մտնել, պարապել, քանի որ կարիերաս է տուժում: Մակունցը պատասխանեց, թե՝ սպասեք, հարցը դրական լուծում է ստանալու:

Օպերային թատրոնից էլ տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանն էր մի աբսուրդային պատասխան ուղարկել՝ հայտնելով, թե երբևէ չեմ դիմել թատրոնի ղեկավարությանը՝ ընդունելության համար, չեմ մասնակցել թափուր տեղերի մրցույթին:

Ես 2012թ. ընդունվել եմ թատրոն՝ որպես փորձնակ, 2014թ. սկսած, երբ սպառվում էր պայմանագրի ժամկետը, զանգում էին համապատասխան բաժնից և տեղեկացնում, որ մոտենանք և կնքենք նորից: 2017թ. հուլիսին հայտնեցին, որ պետք է լինի պայմանագրային աշխատողների համար մրցույթ, որպեսզի հասկանան, թե ո՞ւմ են թողնում, ո՞ւմ վերցնում՝ որպես հիմնական աշխատող: Սակայն, պարզվում է՝ 2018թ. Փետրվարին, օրինակ, Լիաննա Բոնդոյանի հետ պայմանագիր է կնքվել: Փաստացի, դա տեղի է ունեցել առանց մրցույթի, հակառակ դեպքում՝ կտեղեկանայինք»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս