«Արցախի՝ բանակցությունների կողմ լինելն ինձ համար անհասկանալի է». Մարիամ Ավագյան

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարին՝ Բայրամ Սաֆարովին ԱԳՆ աշխատակից Թուրալ Գյանջալիևով փոխարինելու ադրբեջանական ղեկավարության քաղաքականությունը հայաստանյան որոշ վերլուծաբաններ բացատրում են նրանով, որ, եթե Հայաստանը պնդի, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, ապա Ադրբեջանն անմիջապես ասպարեզ կբերի այդ համայնքին և նրա ղեկավարին կհանձնարարի բանակցել Արցախի հետ։ Ուստի համայնքի ղեկավարի պաշտոնում նշանակել են դիվանագետի։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանն ինչո՞ւ առաջ չի քաշում ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների խնդիրն այնպես, ինչպես դա անում է Ադրբեջանը, ասաց, թե նախորդ իշխանությունները հարցի հետ կապված որևէ արձագանք այդպես էլ չտվեցին, ներկա իշխանությունն էլ, եթե սթափ չգործի, ապա կարող են առաջանալ ռիսկային պահեր։

«Բանն այն է, որ բանակցային գործընթացի ժամանակ մեր իշխանությունների վզին  փաթաթվել են տարբեր փաթեթներ՝ մեկ Մեղրիի փոխանակման ծրագիրը, «Մադրիդյան» փաթեթը՝ տարբեր անվանումներով, և այլն։ Մեր իշխանություններն այդպես էլ չհամարձակվեցին բարձրաձայնել «Ղարաբաղյան» կոչված կոնֆլիկտի իրական բովանդակության, ընթացքի և արդյունքի մասին։

Այսինքն՝ նրանք չասացին, որ Ղարաբաղյան կոնֆլիկտ չկա ու չի եղել, եղել է Ադրբեջանում ձևավորված ցեղասպան մեքենայի կոնֆլիկտն Ադրբեջանական ԽՍՀ-ի ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ։ Ցեղասպան մեքենան իր գործը շարունակել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերում, հայերը պաշտպանվել են Բաքվում և Սումգայիթում, Գարդմանքում, Գանձակում, Նախիջևանում: Արդյունքում՝ ստեղծվել է մի իրավիճակ, որն այժմ կա, այսինքն՝ ցեղասպանից  ազատագրված տարածքներ և ավելի քան 660 հազար հայ փախստականներ Ադրբեջանական ԽՍՀ-ից»,- նշեց Մարիամ Ավագյանը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Կազիմիրովն իրենց հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռևս 1994 թվականին ՀՀ իշխանությունները գնացել են «հանցավոր համաձայնության», որպեսզի Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյության մասին խոսք չլինի, և բանակցային գործընթացը սկսեն ոչ թե 1987 թվականից, երբ Ադրբեջանում սկսվել է հայերի ցեղասպանությունը, այլ 1992 թվականից, երբ ադրբեջանական ցեղասպան մեքենային հայությունը կարողացել է տալ առճակատում։

«Այս ամենի արդյունքում այսօր որևէ տեղ, որևէ խոսք չկա, որ կան ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներ, որ նրանք են իրական զոհերն այդ կոնֆիլկտ կոչվածի, որ նրանք են իրավական տերն ամբողջ ազատագրված տարածքների։ Չի խոսվում, որ եղել է ցեղասպանություն, և այն հրահրած ուժերը մինչև այսօր պատժված չեն։ Մինչդեռ 1990 թվականի փետրվարի 13-ին ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, որ այն, ինչ կատարվել է Ադրբեջանում հայերի նկատմամբ, ցեղասպանության շարունակություն է»,- շեշտեց Մարիամ Ավագյանը։

Ըստ նրա, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշում է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ, սակայն դրան զուգահեռ՝ հայկական պետությունը և քաղաքական վերնախավը չի իրականացնում այնպիսի գործընթացներ, որպեսզի մշակվեն «Մադրիդյան սկզբունքներին» այլընտրանք փաթեթներ։

Նրա բնորոշմամբ, թե Ադրբեջանն ինչ քայլեր կանի, համայնքի ղեկավարի պաշտոնում ում կնշանակի, այդքան էլ էական չի լինի, եթե ՀՀ իշխանությունները սկսեն աշխատել։

«Ադրբեջանը շատ բան կարող է անել, այսօր նա անբարո միջազգային կազմակերպությունների կամ գերտերությունների բերանով փորձում է մեզ հասցնել, թե իբրև զոհ է, կարիք ունի փոխհատուցման. սա ստահոդ է, և նույն միջազգային կառույցները սա շատ լավ գիտեն։ Եթե մենք սկսում ենք ինչ-որ հարցի շուրջ շատ ակտիվ աշխատել, ապա տեսնում ենք, որ միջազգային կառույցները հետ են քաշվում»,- նշեց Մարիամ Ավագյանը։

Նրա դիտարկմամբ՝ Արցախին բանակցությունների կողմ դարձնելն աբսուրդ է, քանի որ այն, ինչ կատարվել է 1987-1992 թվականներին, ուղղված է եղել  ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայության դեմ.

«Արցախի՝ բանակցությունների կողմ լինելն ինձ համար անհասկանալի է։ Պետք է լինի մի կողմը՝ հայությունը, որը 130 տարիներ արդեն ցեղասպանվում է, մյուս կողմում՝  ցեղասպան մեքենան ձևավորող և բանեցնող ուժը։ Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերն ուժ չունեն, եթե մենք աշխատենք, իսկ ոչինչ չանելու դեպքում կհայտնվենք պարտվողական դերում։ Օր առաջ մեր իշխանություններին կոչ ենք անում ձևավորել այլընտրանքային փաթեթներ և դնել բանակցությունների սեղանին և բանակցային գործընթացը տանել այդ ուղղությամբ, սա է լուծման եղանակը»,- եզրափակեց Մարիամ Ավագյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս