Փաշինյանը պետք է նախկին իշխանությունների համեմատ՝ գազի առավել ցածր գին բերի  Ռուսաստանից

Գազի գինը վերջին շրջանում օրակարգի, թերևս, ամենաառաջնային հարցն է։ «168 Ժամն» անդրադարձել էր խնդրին և հայաստանյան ու ռուսաստանյան մեր աղբյուրներից ստացված տեղեկությանը, որ բանակցություններն արդեն հասել են իրենց վերջնակետին, և ռուսական կողմը փաստի առաջ է կանգնեցրել ՀՀ կառավարությանը։ Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն՝ նշելով, որ ռուսական գազի գինը սահմանին լինելու է 215 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ։

Դեկտեմբերի 19-ին մենք հարցում էինք ուղարկել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին՝

1. Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվո՞ւմ են, ի՞նչ փուլում են, ե՞րբ կավարտվեն, նախնական ի՞նչ պայմանավորվածությունների մասին կարող եք ասել։

2. Ի՞նչ դիրքորոշում ունեք իրանական գազ ձեռք բերելու հարցի վերաբերյալ։

3. Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղեկությունը, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն՝ նշելով, որ ռուսական գազի գինը սահմանին լինելու է 1000 խմ-ի դիմաց՝ 215 դոլար, և դա քննարկման ենթակա չէ։

Թեև նրա գրասենյակը խոստացել էր ըստ սահմանված կարգի՝ 5 օրվա ընթացքում պատասխանել մեր հարցմանը, սակայն արդեն հաջորդ օրը խնդրի հրատապությունը ստիպել էր նրանց անդրադառնալ Կոզակի նամակի հանգամանքին։

«ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»,- հայտարարել էր Ավինյանի մամլո քարտուղար Վահան Հունանյանը:

168.am-ը հանգամանորեն անդրադարձել էր փոխվարչապետի գրասենյակի կողմից տարածված հերքման փորձ հիշեցնող, սակայն իրականում՝ մեր հրապարակած տեղեկատվությունը չհերքող տեքստին։

Դրանից հետո դեկտեմբերի 22-ին նա ամբողջությամբ պաշտոնապես պատասխանել է մեր հարցմանը՝ Կոզակի նամակի վերաբերյալ մեկնաբանությունից բացի՝ ավելացնելով ընդամենը 2 տող՝ «Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են», և «Եթե իրանական կողմը ներկայացնի գազի մրցունակ գին, ապա պատրաստ ենք քննարկել»։ Ոչինչ չասող պատասխան։ Շարքային որևէ քաղաքացի էլ արդեն գիտի, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում, քանի որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը։

Թե՛ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, թե՛ այլ ընդդիմադիր գործիչներ, թե՛ այսօրվա իշխանության տարբեր ներկայացուցիչներ նախկին իշխանություններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին, մեղմ ասած, գրեթե ամեն օր մեղադրում էին Ռուսաստանի, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի անվերապահ կամակատարը դառնալու մեջ և անողոք քննադատության ենթարկում, որ նրանք չեն կարողանում ռազմավարական գործընկեր Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիների համար էժան գազ բերել։ ՀՀԿ-ական իշխանություններին Փաշինյանը և այլք մեղադրում էին Պուտինի նկատմամբ ահից՝ իրանական գազի շուրջ չբանակցելու մեջ՝ խոստանալով, թե իշխանություն ունենալու դեպքում իրենք դա կարող են անել։

Ահա այդ քննադատողներն իշխանության են, և Փաշինյանի թիմակից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը վերջերս ասել էր, որ Իրանը՝ որպես գազի աղբյուր, բնականաբար, դիտարկվում է, որովհետև որպես երկրորդ սնուցում՝ այն կրկնակի ավելացրել է մեր էներգետիկ անվտանգությունը: Բայցև նշել է, որ  Հայաստանի համար Իրանից գազ գնելը շահավետ չէ։ «Իրանական գազի կալորիականությունը ցածր է, քան ռուսական գազինը, և մոտ 10 դրամ ավելի թանկ է ստացվում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով։ Շարքային սպառողին այն հասնում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդներին՝ 242 դոլարով, ջերմոցային ու վերամշակող ընկերություններին` 212 դոլարով։

Եթե ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ բանակցություններն ավարտվեն նշված 215 դոլար գնի ամրագրմամբ, ապա դրա հետևանքները շատ լուրջ կլինեն։ Խոսքը, ինչպես արդեն նշել ենք, միանգամից 65 դոլար թանկացման մասին է, իսկ մեր տնտեսությունն արդեն իսկ ոչ մրցակցային պայմաններում է գտնվում մաքսային գործընկերների համեմատ։ Հավելենք, որ, օրինակ՝ Բելառուսում ռուսական գազի գինը սահմանին արժի 1000 խորանարդ մետրը՝ 130 դոլար, մինչդեռ Բելառուսին սահմանակից Ռուսաստանի Սմոլենսկի նահանգում 70 դոլար է:

Այժմ ՀՀ քաղաքացիները մեծ ակնկալիքներ ունեն Փաշինյանի իշխանությունից. նա պետք է կարողանա առնվազն ՀՀ նախկին իշխանությունների, ՀՀԿ-ական կառավարության կողմից ձեռք բերված 150 դոլարից ավելի ցածր գնով գազ ձեռք բերել Ռուսաստանից։  Հակառակ դեպքում կստացվի, որ նախկինները ճիշտ էին՝ իրանական գազը կալորիականությամբ ցածր էր և գնային առումով ձեռք չէր տալիս, իսկ ռուսական գազը վերը նշված գնից ցածր հնարավոր չէր լինում ձեռք բերել։

Ինչևէ։ Այս հարցը շատ շուտով «կքողազերծվի»։ Դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պաշտոնապես չի հայտարարվել, թե կոնկրետ ի՞նչ թեմաներ են քննարկվելու, նշվել է միայն «երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցերի» մասին: Ըստ որոշ լուրերի՝ Պուտինը հատուկ է հրավիրել Փաշինյանին՝ գազի գնի խնդրի հետ կապված։

Տեսանյութեր

Լրահոս