Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանն ու բանանի շուկան

Հայաստանում բանանի շուկայում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Դեռ նոյեմբերի վերջին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ թվով 9 տնտեսվարողների փոխարեն՝ բանան ներկրում է 21-ը, և գերիշխողի մասնաբաժինը 92%-ից հասել է 56%-ի: Նոյեմբերի դրությամբ՝ բանան ներմուծողների թիվը զգալի կրճատվել է, պակասել է նաև գերիշխողի մասնաբաժինը. այժմ դաշտում ընդամենը 14 ընկերություն է գործում, իսկ գերիշխողը, որ ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող հանրահայտ «Քեթրին Գրուպ» ընկերությունն է, միայն 40% մասնաբաժին ունի։ Այն էլ՝ զուտ թղթի վրա է։

Փոխարենը՝ շուկայում իր ազդեցությունը մեծացնում է արդեն նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին կանդրադառնանք քիչ ներքևում։

Ընդհանրապես, այս ոլորտում խաղացողները հաճախակի են փոխվում, և հաշված ընկերություններ են, որ քիչ թե շատ կայուն, տևական ժամանակ են գործում։ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) մեզ տրամադրած տեղեկանքի համաձայն՝ այս տարվա նոյեմբերին Հայաստան է ներմուծվել 1720.3 տոննա բանան, ներմուծողներն են՝ «Տրոպիկա», «Բանանեկ», «Յունիֆրութ», «Շակռա», «Սիթի», «Քեթրին գրուպ», «Արմէկ թրեյդինգ», «Ցիտրուս-Մ», «Ավո–ֆուդ», «Մելմար 21», «Առմ-յան ֆրութ», «Հովիկ Սուկխանի Վարդանյան» ընկերությունները և «Արթուր Բաբաջանյան» ու «Գայանե Այունց» անհատ ձեռնարկատերերը։ Ընդ որում՝ դրանց կեսից ավելին հիմնադրվել են այս տարվա մայիս-հունիս ամիսներին, այսինքն՝ իշխանափոխությունից հետո։ «Յունիֆրութը» և «Տրոպիկան» պատկանում են Վահրամ Միրաքյանին, վերջինի անվան տակ Միրաքյանն արդեն 2 տարի  բանան է ներկրում Էկվադորից։

Թե այս ընկերություններից յուրաքանչյուրն ի՞նչ ծավալով է բանան ներկրել, հայտնի չէ։ ՊԵԿ-ը մերժում է այդ տեղեկատվությունը տրամադրել՝ նշելով, որ դա հարկային գաղտնիք է (ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետի վրա՝ հարկային գաղտնիք է համարվում հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ՝ հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության, հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների, հարկ վճարողի կամ հարկ վճարողի գործունեության վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային կամ մաքսային մարմիններին ներկայացվող տեղեկությունների՝ այդ մարմիններին ներկայացնելու դեպքերում)։

ՊԵԿ-ի ցանկից տարօրինակ հետագիծ ունի «Բանանեկ» ընկերությունը, որը պետռեգիստրում գրանցվել է այս տարի մայիսին, հիմնադիրն Իսպանիայի քաղաքացի Անտոնիո Ռիկարդո Մերինոն է, մայիս-հոկտեմբերի ընթացքում ներկրել է շուկայի ողջ ծավալի 15%-ը։ Ընդ որում, գրանցված աշխատակիցներ ունեցել է միայն հուլիսին՝ 34 հոգի։

Անտոնիո Ռիկարդո Մերինոն պատահական մարդ չէ։ 2-3 տարի առաջ նա նախ՝ դարձավ «Քեթրին գրուպի» համասեփականատեր, ապա միանձնյա սեփականատեր։ Մերինոն Միհրան Պողոսյանի մտերիմներից է, ղեկավարել է «Ֆրեշ» ՍՊԸ-ն: Նախկինում «Հետքը» պարզել էր, որ «Ֆրեշ» ՍՊԸ-ի բաժնետերը Միհրան Պողոսյանին պատկանող պանամյան «Բանջիո ինվեստ» ԲԸ-ն է: «Ֆրեշ» ՍՊԸ-ն շահագործում էր «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը, որի գործունեությունը հետագայում դադարեցվեց:

«168 ժամի» տեղեկություններով՝ այս տարվա հուլիսի վերջերից «Քեթրին Գրուպը» դադարեցրել էր իր գործունեությունը բանանի շուկայում, որոշ խմբաքանակ ներկրել է միայն այս նոյեմբերին՝ Ամանորին ընդառաջ։

ՏՄՊՊ-ից մեզ տեղեկացրեցին, որ, թեև «Քեթրին Գրուպը» զիջել է դիրքերը շուկայում, սակայն դեռևս գերիշխող է համարվում՝ 40% ցուցանիշով։ Գերիշխող, հիշեցնենք, այն տնտեսվարողն է համարվում, որը զբաղեցնում է շուկայի 30% և ավելին։

Վերադառնալով Սամվել Ալեքսանյանին, նշենք, որ նրան «հետևելը» չափազանց բարդ է։

Ըստ մեր տեղեկությունների՝ նա բանանի շուկա բավականին մեծ մասշտաբներով «ներխուժել» է հենց նոյեմբերին և սպառնում է գրավել «Քեթրինի», այսինքն՝ գերիշխողի տեղը։ Դեռևս 2 տարի առաջ, երբ այն ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարեց ներմուծումների ազատականացման մասին, կրկին լուրեր տարածվեցին, որ Ալեքսանյանը գրավում է շուկան։ Ավելի ուշ այդ լուրերը հերքեցին թե՛ ՊԵԿ-ը, թե՛ ինքը՝ Ալեքսանյանը։

Ներկայիս ներկրողներից հայտնի օլիգարխին պատկանող ֆիրմաների հետ շատ սերտորեն փոխկապակցված է «Սիթի» ընկերությունը։ Պետռեգիստրում այն գրանցվել է 2018-ի մայիսին, հիմնադիրը Վարդան Ֆարմանյանն է։ Նա «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրենն է։ Ընդ որում՝ եթե մայիսին այս ընկերությունն ունեցել է ընդամենը 1 գրանցված աշխատակից, հունիսին՝ 2, ապա հուլիսին նրանց թիվը միանգամից դարձել է 2926, օգոստոսին՝ 3395, հոկտեմբերին՝ 3668 աշխատակից։ Թե ինչո՞ւ սեպտեմբերին ընկերությունը աշխատակիցներ ցույց չի տվել, պարզ չի։ Սա ՊԵԿ-ը պետք է պարզի։ Միաժամանակ, «Սիթիի» աշխատակիցների ավելացմանը զուգահեռ? պակասել է Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Ալեքս Հոլդինգի» աշխատակիցների քանակը՝ մայիսի 5197-ից օգոստոսին հասնելով 3694, իսկ սեպտեմբերին կտրուկ ընկնելով 372, հոկտեմբերին՝ 204։ Ըստ ամենայնի, Ալեքսանյանն ուղղակի վերագրանցել է իր աշխատակիցներին մի ընկերությունից մյուսը։

Եվ ահա, մեր խիստ իրազեկ աղբյուրների համաձայն, «Սիթի» ընկերությունը գրանցումից ի վեր առաջին անգամ բանան ներմուծել է նոյեմբերին։ Հենց նրա ներկրած խմբաքանակի «շնորհիվ» բանանի գինը կտրուկ թռիչք գրանցեց՝ 350 դրամից դառնալով 600 դրամ 1 կիլոգրամը։ Գերիշխողների ցանկում «Սիթիի» դիրքավորումը կերևա ավելի ուշ՝ 1-2 ամսից։ Շատ հնարավոր է՝ ականատես լինենք դրա վերելքին։ Չնայած չար լեզուները պնդում են, որ իր սովորույթի համաձայն, Ալեքսանյանը «Սիթի» անվանումը երկար չի օգտագործի և նոր ընկերություն կգրանցի։ Ինչպես մեր աղբյուրներն են ասում՝ նա մի քանի ամիսը մեկ փակում ու նոր ընկերություն է բացում։

Ամեն դեպքում, Ալեքսանյանը լավ «զինված» է՝ սառնարաններ և այլն, այսինքն՝ հեռահար նպատակներ ունի և միայն 1-2 ներկրումներով չի բավարարվելու։ Բնականաբար, սպառման ամենալայն շուկան իրենն է, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, թեև ամբողջովին դեռ չեն հրաժարվել մյուս ներմուծողների բանանն իրացնելուց, սակայն հիմնականում նրա ապրանքն է վաճառվում։ Հին ներկրողներին սպառման հնարավորությունները փոքրացել են՝ բակերի խանութներ, մարզեր և այլն։

Ալեքսանյանը բանանը ներմուծում է ոչ թե հեռավոր Էկվադորից կամ Կոստա Ռիկայից, այլ հարևան Վրաստանից, ինչը նրան մրցակցային հավելյալ առավելություն է տալիս, քանի որ Ամերիկա մայրցամաքից բանանը Հայաստան հասնում է շուրջ 1 ամսում, և ռիսկերը մեծ են՝ ապրանքի փչանալ, գնային տատանումներ և այլն, իսկ Վրաստանի դեպքում այդ ռիսկերը վերանում են։ Ի դեպ, վնասված՝ կճեպը փոքր-ինչ վնասված բանանը Ալեքսանյանը, ի տարբերություն մյուս ներկրողների, օգտագործում է իր տարբեր արտադրություններում, և ոչ գնային, ոչ ապրանքային վնաս նա չի կրում։

Ալեքսանյանի գործընկերը Վրաստանում, մեր տեղեկություններով, «Պատարա Մզե» ընկերությունն է, որը բանանը մատակարարում է մոտ 300 դրամով, և որը, փաստորեն, մեր հայրենակիցը կրկնակի գնով է մեզ վաճառում՝ որպես ամանորյա նվեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս