Բաժիններ՝

Գյուղական դպրոցների խնդիրների մասին

Հայաստանի գյուղական դպրոցներում իրավիճակը սրվում է։ 2017 թվականից Հայաստանն անցավ 12-ամյա պարտադիր ուսուցման։ Դա նշանակում է, որ 9-րդ դասարանից հետո աշակերտները պարտավոր են շարունակել ուսումը ևս 3 տարի։ Նրանք կարող են ուսումը շարունակել դպրոցներում, ուսումնարաններում, քոլեջներում։ Իհարկե, այս փոփոխության արդյունքում Հայաստանի միջազգային ցուցանիշները կտրուկ կբարելավվեն։ Կան մի քանի զեկույցներ, որտեղ երկրների կրթական ցուցանիշների չափման միավորներից մեկն ուսման տևողությունն է։ Ու քանի որ մեզ մոտ պարտադիր ուսման տևողությունը երկարացվել է, ակնհայտ է, որ միջազգային բազմաթիվ փաստաթղթերում մենք ավելի բարձր հորիզոնականներ ենք զբաղեցնելու։

Բայց բոլոր լուրջ մարդիկ գիտեն, որ թղթերում գրվածն ու իրականությունը նույն բանը չեն։ 12-ամյա պարտադիր կրթության ընդդիմախոսները նշում էին, որ բազմաթիվ երեխաներ իրենց կրթության իրավունքն իրականացնելիս խոչընդոտներ են ունենալու։ Հայաստանի բազմաթիվ գյուղերում դպրոցներն 9-ամյա են։ Այդ գյուղերից շատերը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են հարևան գյուղերից, չի գործում միջհամայնքային տրանսպորտ։ Եվ եթե այս երեխաներն անապահով ընտանիքներից են, ապա նրանք դուրս են մնալու կրթությունից։ Ցավալին այն է, որ 12-ամյա կրթության համակարգը ներդնելիս՝ բյուջեից ոչ մի կոպեկ չհատկացվեց աշակերտների տրանսպորտային ծախսերի կամ տրանսպորտային համակարգը բարելավելու նպատակներով։

Մի քանի գյուղական դպրոցների հարց ու փորձ անելուց հետո պարզեցի, որ կան երեխաներ, որոնք 9-րդ դասարանն ավարտելուց հետո չեն շարունակում կրթությունը։ Ենթադրում եմ, որ այդպիսի մի քանի հարյուր երեխա կլինի Հայաստանում։ Որոշ ընտանիքներ իրենց երեխաներին ուղարկում են մարզկենտրոնում կամ մեծ գյուղում ապրող հարազատների տներ, որպեսզի երեխան կարողանա դպրոց գնալ։ Կան դեպքեր էլ, երբ ընտանիքը տուն է վարձում հարևան քաղաքում, որպեսզի երեխան դպրոց կարողանա գնալ։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում։ Բարձրագոչ կարգախոսների ներքո փոփոխություն է արվում։

Այնուհետև քաղաքացիները ստիպված են լինում լրացուցիչ ծախսեր կատարել, որպեսզի պետության բարեփոխումն իրականություն դառնա։ Եվ այս իրավիճակում տուժում են հատկապես այն երեխաները, որոնց ընտանիքները չունեն այդ հնարավորությունները։ Ստացվում է, որ բարեփոխումների արդյունքում էլ ավելի են մեծանում տարբեր խմբերի միջև առկա անհավասարությունները։

Կարդացեք նաև

Կարծում եմ, անհրաժեշտ է հաշվառում կատարել և ներկայացնել այն երեխաների իրական թիվը, ովքեր 9-րդ դասարանից հետո ընդհատել են ուսուցումը։ Դրան պետք է հաջորդի տրանսպորտային խնդիրների լուծումը։ Եթե պետությունը կրթության ոլորտում փոփոխություն է անում, ապա պետք է իր վրա վերցնի այդ փոփոխության արդյունքում առաջացած լրացուցիչ ծախսերը։

Գյուղական դպրոցներում առկա հաջորդ խնդիրը կապված է ուսուցիչների հետ։ Թեև հայտարարվել է, որ Հայաստանում ուսուցիչների թիվն ավելի է, քան անհրաժեշտ է, բայց գյուղական դպրոցներում առկա են լրջագույն կադրային խնդիրներ։ Հայաստանի գյուղական դպրոցների մեծ մասում ուսուցիչների մի մասն այլ գյուղերից և քաղաքներից են։ Բանն այն է, որ բարձր առաջադիմությամբ բազմաթիվ շրջանավարտներ բուհն ավարտելուց հետո չեն վերադառնում գյուղեր, որպեսզի ուսուցիչ աշխատեն։ Սրան գումարվում են նաև գյուղերից արտագաղթի բարձր ցուցանիշները։

Արդյունքում՝ գյուղերում առաջանում է մասնագետների պակաս։ Թոշակի գնացող, գյուղից մեկնող ուսուցիչներին տնօրենները չեն կարողանում փոխարինող գտնել։ Կան դպրոցներ, որտեղ մի քանի անգամ թափուր տեղի մրցույթ է հայտարարվում, և դիմող չկա։ Շատ դպրոցներում մեկ ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում, որպեսզի հնարավոր լինի ապահովել ուսումնական պլանի կատարումը։ Իհարկե, այս հարցում մեծ դեր է խաղում «Դասավանդիր Հայաստան» կազմակերպությունը, որը 100-ից ավելի ուսուցիչներ ունի հեռավոր և փոքր գյուղերում։ Բայց գյուղերում առկա է ուսուցիչների շատ ավելի մեծ պահանջարկ։

Պետությունը տարիներ շարունակ անտեսում է այն ուսուցիչների խնդիրները, ովքեր քաղաքից կամ գյուղից գնում են այլ գյուղերում դասավանդելու։ Տաքսի ծառայության վարորդը պատմում է, որ ամեն օր 4 ուսուցիչների տանում է գյուղ, որտեղ նրանք դասավանդում են։ Ամեն օր ուսուցիչները վճարում են 1500 դրամ՝ մեկ ուղղությամբ երթևեկելու համար։ Իսկ օրվա վերջում էլ նրանք երթուղայինով կամ տաքսիով վերադառնում են։

Այսինքն՝ ուսուցիչներն օրական 500-600 դրամ ծախսում են տրանսպորտի վրա։ Նման  ուսուցիչներ կան Հայաստանի բոլոր մարզերում։ Այս խնդիրը տարիներ առաջ բարձրացրել էր Գորիսի հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Մարիամ Մաթևոսյանը։ Պարզվել էր, որ պետական բյուջեում ուսուցիչների տրանսպորտային ծախսերի համար գումար կա։ Բայց առ այսօր հարցը համակարգային լուծում չի ստացել։ Բազմաթիվ ուսուցիչներ ասում են, որ իրենց հաշվին են երթևեկում։

Օրերս Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում պարզ դարձավ, որ պատգամավորների թիվը 27-ով ավելանալու է։ Հրապարակվեց մի տվյալ, որ պետբյուջեից շուրջ 300 մլն դրամ լրացուցիչ գումար պետք է հատկացվի պատգամավորների թվի ավելացման կապակցությամբ։ Որևէ մեկը չասաց, որ բյուջեում նման գումար չկա։ Պատգամավորների համար միշտ գումար կգտնվի։ Բայց հենց կրթության կամ ուսուցիչների հետ կապված ֆինանսական հարց է բարձրացվում, անմիջապես հետևում է «գումար չկա» պատասխանը։

Ինչո՞ւ տարիներ շարունակ գումար չենք գտնում մի բնակավայրից մյուսը տեղաշարժվող ուսուցիչների ճանապարհային ծախսերը փոխհատուցելու համար։ Որքանո՞վ է արդար, երբ 30-40 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչը 10-15 հազար դրամ է ծախսում տրանսպորտի վրա։ Արդյո՞ք ուսուցչին նման ձևով վերաբերվող պետությունը կարող է ունենալ նորմալ Ազգային ժողով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս