Հայկ Մարությանի բյուջեն. սին խոստումների պերճանքն ու իրականության թշվառությունը
Այն, որ ներքաղաքական բուռն զարգացումներով նշանավորված 2018 թվականն ընդմիշտ կմնա թե՛ պատմության էջերում, և թե՛ բոլոր այն հայաստանցիների հիշողության մեջ, ովքեր, կամա թե ակամա, դարձան այդ ամենի ակտիվ մասնակիցը կամ լուռ դիտորդը, կասկած չկա։
Այլ հարց է, թե ինչպիսի՞ն կլինի այդ իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված իրավիճակի գնահատականը որոշ ժամանակ հետո։ Թեև, հանուն արդարության, պետք է արձանագրենք, որ արդեն իսկ նկատելի են, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» արդյունքում ստեղծված համատարած էյֆորիայի նահանջի և հանրության սթափվելու միտումները։
Այսօր արդեն համեմատաբար լսելի է այն քչերի խոսքը, որոնց հաջողվեց ի սկզբանե զգոն մնալ, չտրվել համատարած էյֆորիային և սթափ գնահատել ու վերլուծել ստեղծված իրավիճակը՝ հնարավոր բոլոր հետագա հետևանքներով։ Եվ, որ ոչ պակաս կարևոր է, անհրաժեշտ այդ խոսքն այսօր հետզհետե ընկալելի ու սպասված է դառնում շռայլ խոստումներով փաթեթավորված պատրանքներից թշվառ իրականություն վերադարձողների համար։ Այս ամենում, անշուշտ, իրենց անուրանալի ավանդն ունեն նաև թավշյա «հերոսները», որոնց կատարած և կատարվող շատ քայլեր ուղղակի 180 աստիճանով տարբերվում են այն վեհ գաղափարներից, որոնք սկզբում հրամցվում էին հասարակությանը։
Դրանց ապացույցներն ամենուր են ու ամեն քայլափոխի․ ձախողված արտաքին և ներքին քաղաքականություն, ներդրումների բացակայություն, համատարած թանկացումներ, տնտեսության անկում, զանգով արդարադատություն, ատելության քարոզ, քաղաքական վրեժխնդրություն, վհուկների որս, սևի և սպիտակի բաժանում, ազգային արժեքների նսեմացում, չհիմնավորված գոռոզամտություն… Եվ էլի բազում բացասական ու անընդունելի երևույթներ, որոնց դեմ պայքարելու և դրանք մեկընդմիշտ արմատախիլ անելու շռայլ խոստումները հենց ա՛յդ «հերոսներն» էին տվել հանրությանը։
Սրան գումարած՝ նաև այն անհիմն ու որևէ կերպ չարդարացված ծախսերը, որ կատարվում են այսօրվա «թավշյա հերոսների» կողմից՝ սեփական վոյաժների ու տարատեսակ քմահաճույքների բավարարման նպատակով։ Եվ, որ ցինիզմի գագաթնակետն է, այդ ամենը հիմնավորում են՝ որպես հանրության կողմից իրենց տրված անվերապահ լիազորություն և, որ դա հենց հանրությա՛ն ցանկությունն է։ Ու բնավ չզարմանաք, եթե մի օր էլ լսեք, որ այդ անիմաստ մսխումներն արդեն լիարժեք հպարտ ու երջանիկ դարձած հայաստանցիների ամենամեծ երազանքն էր, որն իրենք ամենայն պատասխանատվությամբ իրականացնում են՝ անսահման սիրելով բոլորին։ Ի դեպ, այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն արվել է․
Երևանի կոնաձև նոր տոնածառը, որը երևանցի հարկատուների գրպանին արժեցավ 71,5 մլն դրամ կամ մոտ 150 հազար դոլար, հենց այդպես էլ ներկայացվեց՝ հանրության ցանկություն և երկար տարիների երազանք։ Իմիջիայլոց, վերը նշված գումարը միայն կոնաձև այդ տոնածառի արժեքն է, մինչդեռ դրա Հայաստան տեղափոխման, ընդ որում, ինքնաթիռով, մաքսազերծման և ավելի քան երկու շաբաթ, երեք վերամբարձ կռունկների ներգրավմամբ, այն տեղադրելու և զարդարելու ծախսերը Երևանի քաղաքապետարանն այդպես էլ չի ներկայացնում։ Դժվար է ասել, թե ինչո՞ւ չի ներկայացնում, բայց ամենատարրական հաշվապահական գիտելիք ունեցող մարդու համար պարզից էլ պարզ է, որ այդ ամենի համար ծախսված կլինի ևս մոտ 25 մլն դրամ, կամ մոտ 50 հազար դոլար։ Այսպիսով, հանրության այդքան երազած տոնածառը, ըստ էության, երևանցի հարկատուների գրպանին արժեցել է շուրջ 95 մլն դրամ կամ մոտ 200 հազար դոլար։
Ի դեպ, քաղաքապետ Հայկ Մարությանի ջերմեռանդ երկրպագուները, որպես այս ծախսի արդարացում, աջ ու ձախ նշում են, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը յուրաքանչյուր տարի շուրջ 25 մլն դրամ էր հատկացնում տոնածառի զարդարման համար, ինչը, ըստ նրանց, գումարի մսխում էր։ Այն, որ նախորդ տարիներին այդքան գումար է նախատեսվել դրա համար, անշուշտ, ճիշտ է, բայց այստեղ կա մի ԲԱՅՑ․ Երևանի նախորդ տարիների բյուջեներով այդ 25 մլն դրամը տրամադրվում էր Երևանի գլխավոր տոնածառի և 12 վարչական շրջանների տոնածառերի տեղադրման, զարդարման, ապա՝ դրանք ապամոնտաժելու համար։ Իմիջիայլոց, քաղաքապետարանի նախկին աշխատակիցները նաև փաստում են, որ այդ աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվում էր բաց մրցույթ, որում ամենացածր գինն առաջարկողն էր հաղթում և իրականացնում այդ աշխատանքները։
Նկատենք, որ նոր տոնածառի ձեռքբերման համար մրցույթ չի՛ հայտարարվել, և հայտնի չէ, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել այն կազմակերպությունը, որն իրականացրել է գնումն ու տեղափոխումը, և արդյո՞ք ավելի էժան գին առաջարկող չէր լինի, եթե գնման մրցույթ հայտարարվեր։ Եվս մեկ հարց էլ կա, որը, վստահ ենք, կհետաքրքրի շատերին․ այս տարի Երևանի 12 վարչական շրջաններում տոնածառեր տեղադրվո՞ւմ են, թե՞ միայն այս տոնածառով են հիանալու երևանցիները։ Եվ եթե, այնուամենայնիվ, տեղադրվում են, ապա դրանց տեղադրման, զարդարման, ապա նաև ապամոնտաժման ծախսերը որքա՞ն են կազմում։ Մի հարց էլ, հաջորդող տարիներին այս նույն տոնածառի համար և, եթե մնացած 12 վարչական շրջաններում էլ են տեղադրելու, զարդարելու, այնուհետ՝ նաև ապամոնտաժելու տոնածառները, որքա՞ն գումար են նախատեսելու…
Ինչևէ, եթե մի պահ պատկերացնենք, որ այս նույն գնումը՝ նույն եղանակով ու նույն արժեքով, անգամ սրա կես արժեքով, կատարած լիներ Տարոն Մարգարյանը, այսօրվա քաղաքապետով հիացողները նրան միանշանակ կգամեին անարգանքի սյունին։ Էլ չենք խոսում բյուջետային այն որոշ ծախսերի մասին, որոնք նախատեսվել են Երևանի ներկայիս քաղաքապետի կողմից՝ 2019 թվականի համար։ Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցությունն արդեն բարձրաձայնել է իր մտահոգությունների մասին։ Փորձենք անցնել բյուջեի որոշ կետերով ու հասկանալ, թե ինչո՞ւմն է բանը։
Եվ այսպես․ Երևանի 2019 թվականի բյուջեով նախատեսվել է ավելի քան 1 մլրդ 991 մլն 438 հազար դրամ (շուրջ 4 մլն 102 հազար դոլար) տրամադրել պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով։ Նկատենք, որ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ նախորդ ավագանու կողմից հաստատված 2018 թվականի բյուջեում այդ նույն նպատակով նախատեսել էր շուրջ 758 մլն 538 հազար դրամ (մոտ 1 մլն 562 հազար դոլար)։ Այսինքն, 2019-ի համար Հայկ Մարությանի ղեկավարած քաղաքային իշխանության կողմից նախատեսվել է 1 մլրդ 232 մլն 900 հազար դրամով (շուրջ 2 մլն 539 հազար 500 դոլար) ավելի գումար։
Կամ, Հայկ Մարությանի գլխավորած քաղաքային իշխանությունների կողմից գործուղումների և շրջագայությունների ծախսերում, արտասահմանյան գործուղումների գծով, 2019 թվականին նախատեսվել է հատկացնել 112 մլն 750 հազար դրամ (մոտ 232 հազար 500 դոլար)։ Մինչդեռ 2018 թվականին Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքային իշծանությունների կողմից այդ նպատակով հատկացված է եղել 62 մլն 750 հազար դրամ (մոտ 129 հազար 500 դոլար), այսինքն՝ 50 մլն դրամով (մոտ 103 հազար դոլար) քիչ, քան 2019 թվականի համար։
Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների նպատակով էլ 2019 թվականին նախատեսվել է հատկացնել 169 մլն 172 հազար դրամ (մոտ 349 հազար դոլար), և դա՝ այն դեպքում, որ այդ նույն նպատակով 2018 թվականին հատկացված է եղել 9 մլն 262 հազար դրամ (մոտ 19 հազար դոլար)՝ տարբերությունը կազմում է 159 մլն 910 հազար դրամ (մոտ 330 հազար դոլար)։ 2018-ի համեմատ, 2019թ․ բյուջեի ծախսային այս մասով նախատեսված միջոցների ակնհայտ տարբերությունը, թերևս, պայմանավորված է մասնագիտական աղքատիկ կարողություններով սեփական կադրային այն բանկի առկայությամբ, որի վրա ստիպված է հենվել քաղաքային գործող իշխանությունն ու, հարկատուների հաշվին, փորձելու է քիչ թե շատ մասնագիտական կրթություն ապահովել այդ կադրերի համար։
Հատկանշական է, որ անվերջ շահարկված ու մշտապես պիտակավորված ասֆալտապատման աշխատանքների գծով ևս Երևանի 2019 թվականի համայնքային բյուջեն բավականին շռայլ է գտնվել։ Ըստ այդմ, հաջորդ տարի ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգմանն ու պահպանմանը կուղղվի 4 մլրդ 31 մլն դրամ (մոտ 8 մլն 310 հազար դոլար), որը 2018 թվականի համանման ցուցանիշից՝ 3 մլրդ 661 մլն դրամ (մոտ 7մլն 548 հազար դոլար), ավելի է 370 մլն դրամով (մոտ 763 հազար դոլար)։
Իսկ ավտոկայանատեղիի կազմակերպման գծով 2019 թվականի բյուջետային հատկացումը կարող է ուղղակի ապտակի էֆեկտ ունենալ բոլոր նրանց համար, ովքեր ի սկզբանե անհաշտ պայքար էին մղում դրանց դեմ, իսկ այս տարվա գարնանն էլ վստահաբար պնդում էին, որ իշխանափոխությունից անմիջապես հետո այն կվերացվի… Չվերացավ, դեռ ավելին, 2019 թվականին այս մասով նախատեսվում է հատկացնել 694 մլն դրամ (մոտ 1մլն 431 հազար դոլար), ինչը 2018 թվականի 444 մլն դրամի (մոտ 915 հազար 500 դոլար) համեմատ ավելի է 250 մլն դրամով (մոտ 515 հազար 500 դոլար)։
Վստահաբար, տհաճ շոկ կապրեն նաև Երևանի բազմաբնակարան այն շենքերի բնակիչները, որտեղ առկա է վերելակ։ Եվ ուրեմն, 2019 թվականի բյուջեի նախագծով Վերելակների հիմնանորոգման նպատակով կհատկացվի 30 մլն 779 հազար դրամ (մոտ 63 հազար 500 դոլար)։ Ստացվում է, որ երևանյան բազմաբնակարանների վերելակներն էլ «մահվան վերելակներ» չեն, ինչպիսին էին Տարոնի ժամանակ և ներկայիս քաղաքագլուխ Հայկոյի քարոզարշավի ընթացքում։ Թե բա՝ Երևանի 4400 վերելակներից 4200-ը վթարային վիճակում են, ու դրանք պետք է փոխենք… Իսկ գուցե փոխե՞լ է արդեն, հը՞։ Թե չէ՝ մի տեսակ չի կպնում. Տարոն Մարգարյան վերելակների հիմնանորոգման նպատակով բյուջեից 2018 թվականին հատկացրել էր 108 մլն 770 հազար դրամ (մոտ 225 հազար դոլար), իսկ Հայկ Մարությանը հատկացնում է գրեթե 78 մլն դրամով (մոտ 161 հազար դոլար) քիչ։
Նախորդ տարվա համեմատ նվազել է նաև կանաչ տարածքների հիմնման և պահպանման գծով բյուջետային հատկացումը․ 2018 թվականի 1 մլրդ 669 մլն դրամի (մոտ 3 մլն 441 հազար դոլար) փոխարեն՝ 2019 թվականին այդ նպատակով կհատկացվի 1 մլրդ 93 մլն դրամ (մոտ 2 մլն 250 հազար դոլար), այսինքն՝ 576 մլն դրամով (մոտ 1 մլն 190 հազար դոլար) քիչ։ Մինչդեռ սեպտեմբերին Երևանում քայլ անող Հայկ Մարությանը վստահեցնում էր, որ կանաչապատ տարածքների առումով Երևանում վիճակն այնքան օրհասական է, որ իր առաջին քայլերից մեկը պետք է լինի այդ խնդրի կարգավորումը, ընդհուպ մինչև՝ Երևանում 500.000 ծառ տնկելը։ Քայլ անելուց և Երևանի քաղաքապետ դառնալուց հետո նա, թերևս, ավելի ուշադիր նայեց ու տեսավ, որ իր հնչեցրած խոսքերն այդքան էլ մոտ չեն իրականությանը, և, որ այդ ուղղությամբ իրեն նախորդած քաղաքապետը, այդուամենայնիվ, բավականաչափ աշխատանք տարել էր ։ Երևի միայն այսպես կարելի է հիմնավորել բյուջեի այս գծով կատարված նվազումը։
Ի դեպ, գրեթե 1 մլրդ դրամով (մոտ 2 մլն 60 հազար դոլար) էլ նվազեցվել է Փողոցների լուսավորման գծով բյուջետային հատկացումների ծավալը՝ 2018 թվականի 4 մլրդ 538 մլն դրամից (մոտ 9 մլն 360 հազար դոլար) դառնալով 3 մլրդ 565 մլն դրամ (մոտ 7 մլն 350 հազար դոլար)։
Հուսանք, որ այս և բյուջեի այլ տողերում տեղ գտած թե՛ նվազումները, և թե՛ առաջանցիկ աճերը, ինչպես նաև ժողովրդի անունը, նրա ցանկություններն ու երազանքները ոմանց կողմից տեղի-անտեղի շահարկելու հետևանքը, մեզ, մեր քաղաքն ու, ընդհանրապես, մեր երկիրը նախորդ դարի 90-ականներ տանող ճանապարհը չի՛ լինի, և մենք այլևս առիթ չենք ունենա ընկղմվել անթափանց խավարի մեջ՝ սին խոստումների պերճանքից հանկարծ արթնացածի նման բախվելով իրականության թշվառությանը։
ԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ