Ի՞նչ առնչություն ունի Ախոյանը Վեհափառի դեմ կազմակերպվող ակցիաների հետ
168.am-ի տեղեկություններով` Էջմիածնում այսօրվա ավտոերթը իրականացնելու համար «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներին տրամադրել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ով, հիշեցնենք, ֆինանսական վեճ ունի Մայր Աթոռի դեմ ու անգամ հայտարարել էր, որ դատի է տալու:
Վեհարան մուտք գործել թույլ չեն տվել հավատավոր ժողովուրդն ու քահանաները: Մասնավորապես, շուրջ 20 հոգանոց խմբերով այնտեղ են եղել Արտաշատի, Մասիսի հավատացյալներն իրենց քահանաների հետ:
Դեպի Վեհարան երկրորդ փորձը Էջմիածին քաղաքի թիվ 3 դպրոցի մոտ կասեցրել են քաղաքացիները, ովքեր տեսնելով ավտոերթի մասնակիցներին, շենքերից իջել ու թույլ չեն տվել առաջ շարժվել:
Այժմ Վեհարանում հանգիստ է, բողոքավորները հեռացել են:
168.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանը հերքեց շարժման մասնակիցների ավտոերթը իրականացնելու համար օժանդակելու լուրը՝ նշելով, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Մեր հարցին՝ Դուք հայտարարել էիք, որ դատի եք տալու Կաթողիկոսին ու Մայր Աթոռին, արդեն դիմե՞լ եք դատարան, Արագած Ախոյանը պատասխանեց.
– Կաթողիկոսին դատի տալը մի քիչ հարաբերական է, բայց Մայր Աթոռին՝ այո: Շուտով ձայնը կլսեք:
– Այսինքն, դատի տվե՞լ եք Մայր Աթոռին:
– Դե, պատրաստվում ենք: Ես պետք է կարողանամ ստանալ այն գումարներն ու վնասները, որոնք որ հասցրել է ինձ՝ իր վարած ոչ մի նորմի մեջ չտեղադրվող մեթոդներով: Մենք դիմել ենք նաև Հայ բարեգործական միության ՀՀ-ում ու Նյու Յորքում գտնվող գրասենյակներին, բայց ոչ մի պատասխան չենք ստացել: Փորձել ենք ամեն ինչ անել, որ այս հարցը լուծվեր բանակցային ճանապարհով, սակայն, երևում է, որ այդպես չի լինելու: Ամեն ինչ արեցինք, որ իրենց այս տհաճ պատմությունից ազատեինք: Մեր լռությամբ օգնում էինք, մարդկային լեզվով ուզում էինք խոսել, բայց ոչինչ չստացվեց: Նույնիսկ բռնագրավված գույքս չեն վերադարձրել,- պատասխանեց Ախոյանը:
Իսկ մեր այն հարցին, թե ինչո՞ւ մինչև այժմ չի կառուցել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի եկեղեցին, որի խոստումը տվել էր դեռևս 5-6 տարի առաջ,Արագած Ախոյանը նշեց, որ այնպես չէ, որ խոստում է տվել:
– Այո՛, կար նման մտադրություն, բայց հետո տեսանք, որ հնարավոր չէ: Դա ընդամենը գաղափար էր,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ախոյանին պատկանող շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Որոշ տեղեկություններով, մոտ 400 միլիոն դրամի մասին է խոսքը։
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ