Կայացած համակարգ չունեցող երկրում նախարարություններ միավորելը ճիշտ չէ

Վերջին շրջանում խոսվում է նախարարությունների միավորման մասին։ Մասնավորապես, մամուլում եղան հրապարակումներ, որ Կրթության և գիտության, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները կարող են միավորվել և դառնալ մեկ նախարարություն։

Նախարարությունների միավորման կողմնակիցները բերում են այն փաստարկը, որ Հայաստանն աղքատ երկիր է, և կարիք չկա մեծ գումարներ ծախսել նախարարությունների վրա։ Շատերը Հայաստանը համեմատում են զարգացած և մեծ երկրների հետ։

Օրինակ՝ ասվում է, որ այս կամ այն երկրում, որն ավելի հարուստ է և Հայաստանից մի քանի անգամ մեծ, նախարարությունների թիվն ավելի քիչ է, քան Հայաստանում։ Այս փաստարկն արտաքուստ շատ համոզիչ է թվում։ Իսկապես, ինչո՞ւ պետք է աղքատության բարձր ցուցանիշներ ունեցող երկրում լինեն այդքան շատ նախարարություններ։

Բայց կյանքն այդքան պարզունակ չէ։ Հայաստանում ցանկացած որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է լուրջ և խորքային քննարկումներ անել։ Պարզապես մակերեսային քննարկումները բավարար չեն խնդիրները հասկանալու և իրավիճակն ադեկվատ գնահատելու համար։ Այս առումով, կարծում եմ, որ վերոնշյալ նախարարությունների միավորումը սխալ որոշում կլինի։

Ի տարբերություն զարգացած երկրների, որոնցում կան գործուն համակարգեր և գործող ինստիտուտներ, Հայաստանում դեռևս չկան արդյունավետ գործող համակարգեր և ինստիտուտներ։ Եթե դիտարկենք մեր կրթության ոլորտը, ապա կտեսնենք, որ այս ոլորտում եղել են հատվածական, մինչև վերջ չհասցված բարեփոխումներ, որոնք չեն հանգեցրել արդյունավետ համակարգի ձևավորմանը։

Սա նշանակում է, որ Կրթության և գիտության նախարարության թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ գործուն համակարգի ստեղծումը։ Իսկ որպեսզի դա հնարավոր լինի, նախարարության աշխատանքը պիտի կենտրոնացած լինի միայն կրթության և գիտության խնդիրների վրա։ Երբ Հայաստանում կունենանք կայացած կրթական, գիտական, մշակութային, երիտասարդական ու սպորտային համակարգ, այդ դեպքում կարելի է մտածել միավորման մասին։ Հայաստանի տարբերությունը զարգացած երկրներից այն է, որ մենք դեռևս պետք է լուծենք դժվար խնդիրներ։

Իսկ դժվար խնդիրնել լուծելու համար մեզ պետք են առանձին ոլորտների վրա կենտրոնացած նախարարություններ։ Ենթադրենք՝ միավորեցինք նախարարությունները։ Որտեղի՞ց ենք գտնելու նախարար, ով հավասարապես տիրապետում է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, սպորտի խնդիրներին։ Նման դեպքերում ասվում է, որ պարտադիր չէ՝ նախարարը լինի կոնկրետ ոլորտի մասնագետ։

Կարևոր է, որ նա լինի լավ մենեջեր։ Կայացած համակարգի պարագայում գուցե դա արդարացված է։ Բայց Հայաստանի նման երկրներում նախարարից պահանջվում է երկու առանցքային բան։ Առաջին, նախարարը պետք է ունենա ոլորտի զարգացման տեսլական։ Այսինքն՝ նա պետք է հստակ պատկերացնի զարգացման վեկտորները և կարողանա հետևողականորեն գնալ այդ ուղղությամբ։ Ոլորտի տեսլական ունենալու համար նախարարը պետք է ունենա որոշակի փորձառություն, անցած լինի փորձությունների ու դժվարությունների միջով։

Պարզապես գիրք կարդալով կամ հետազոտական տվյալներ ուսումնասիրելով՝ տեսլական չես կարող ունենալ։ Կարող ես արտաբերել տրենդային բառերի (կրթության որակ, ակտիվ քաղաքացի, քննադատական և ստեղծագործական մտածողություն) հավաքածու, բայց տեսլականը ձևավորվում է, երբ դու ճանապարհ ես անցնում ու անընդհատ խորհրդածում ես այդ ճանապարհին։ Երկրորդ, Հայաստանի նման երկրում նախարարը պետք է իմանա նաև համակարգի գործունեության առօրյան, մանրամասները։

Յուրաքանչյուր ոլորտում կան քողարկված խնդիրներ։ Այդ խնդիրները տեսնում են միայն այն մարդիկ, ովքեր գիտեն տվյալ համակարգի առօրյան։ Հայաստանում շատ բարձրագոչ ծրագրեր ձախողվել են այն պատճառով, որ դրանք գրելիս հաշվի չեն առնվել ուսուցիչների և դասախոսների, աշակերտների և ուսանողների առօրյան։ Կաբինետներում գրվել են ծրագրեր, որոնք վերցված են եղել այլ երկրներից և չեն համապատասխանել Հայաստանի կրթական համակարգի առօրյային։

Կարևոր մեկ հանգամանք էլ կա։ Եթե նախարարը չի տիրապետում համակարգի մանրամասներին, ապա նրան կարող են հեշտությամբ ապակողմնորոշել։ Ցանկացած ոլորտում կան մարդկանց խմբավորումներ, որոնք մրցակցում են նախարարի վրա ազդեցություն ունենալու հարցում։ Եվ եթե նախարարը չտիրապետի ոլորտի մանրամասներին, ապա ստիպված է վստահել այդ խմբավորումներին, որոնք շատ հաճախ սպասարկում են խմբային շահեր, այլ ոչ թե՝ համակարգի շահեր։

Կարծում եմ, անհնար է Հայաստանում գտնել մարդ, ով ունի մի շարք ոլորտների տեսլական, աշխատել է այդ ոլորտներում և տիրապետում է այդ ոլորտներին առօրյային։ Հետևաբար, նախարարությունների միավորման արդյունքում հնարավոր է խնայել որոշ գումար, բայց դժվար թե ունենանք որակական փոփոխություն։ Եթե նախարարը լինի կրթության ոլորտից, ապա մշակույթի ոլորտի մարդիկ բողոքելու են, որ նախարարը զբաղվում է միայն կրթության հարցերով և անտեսում է իրենց։ Սպորտի ոլորտի մարդիկ ասելու են, որ հայրենական սպորտն ընդհանրապես նախարարին չի հետաքրքրում։

Ներկա փուլում Հայաստանի նախարարությունները պետք է իրականացնեն համակարգաստեղծ գործառույթ։ Պարզապես մենեջերը չի կարող համակարգ ստեղծել։ Դա անելու համար անհրաժեշտ է բարձրակարգ պրոֆեսիոնալների թիմ։ Այս փուլում կարելի է որոշ չափով կրճատել նախարարությունների աշխատակազմը, բայց միավորելը ճիշտ չէ։ Այս փուլում պետք է փոխել նախարարությունների աշխատաոճը։

Նախարարությունները պետք է զբաղվեն ոլորտում աշխատող մարդկանց պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու հարցերով։ Երբ կունենանք արդեն կայացած համակարգ և ինստիտուտներ, այդ ժամանակ նախարարությունների դերը կնվազի, և կարող ենք մտածել միավորման մասին։ Պարտավոր ենք խորը մտածել և մակերեսային համեմատությունների հիման վրա որոշումներ չկայացնել։

Տեսանյութեր

Լրահոս