Ֆրանսիայի իշխանությունները ճշտել են Ստրասբուրգում հրաձգության զոհերի և տուժածների թիվը
Ֆրանսիայի Գրենդ Էստ պրեֆեկտուրան ճշտել է լույս դեկտեմբերի 12-ի գիշերը Ստրասբուրգում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով զոհվածների եւ տուժածների թիվը: Հրապարակված հայտարարության համաձայն՝ զոհվել է երկու, տուժել՝ 14 մարդ։
Տուժածներից ինը ծանր վերքեր են ստացել, հինգը՝ թեթեւ վնասվածքներ: Ավելի վաղ երկրի ՆԳ նախարարությունը հայտնել էր երեք զոհվածների եւ 12 վիրավորների մասին:
Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը քաղաքում սգո օր է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Սուրբծննդյան տոնավաճառը դեկտեմբերի 12-ին չի աշխատի: Նաեւ քաղաքապետարանի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել թատրոնների բոլոր ներկայացումները:
BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն:
Հրաձիգի անձը պարզված է: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաների խոսքով՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչության հետ չկապված հանցագործությունների մեջ:
Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումները շարունակվում են: Դրան մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ:Ֆրանսիայի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Ազգն իր համերաշխությունն է հայտնում Ստրասբուրգին, տուժածներին ու զոհերի ընտանիքներին»,- գրել է Մակրոնը Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



