Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլը շարունակող Հովհաննես Գալստյանին
Այսօր ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանին: Հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցը խնդրել է Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը: Արդեն 9-րդ օրն է, ինչ շարունակվում է ռեժիսորի հացադուլը:
Ռեժիսորի հացադուլի պատճառը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծն է, որը պետք է 2019 թվականի փետրվարին մեծ էկրան բարձրանար, սակայն նախագիծը չի կայացել։
Չնայած ինքնազգացողության վատթարացմանը և հոգնածությանը՝ Հովհաննես Գալստյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Հովհաննես Գալստյանը նշել էր, որ իր «տրամադրվածությունը շատ մարտական է»:
Հիշեցնենք, որ վաղը՝ հացադուլի 10-րդ օրը, ռեժիսորը մամուլի ասուլիս է հրավիրել, ինչի ընթացքում, ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հովհաննես Գալստյանը, «կհրապարակվեն փաստաթղթեր, որոնք կբացահայտեն Ազգային կինոկենտրոնի և Մշակույթի նախարարության կողմից «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հանդեպ խնամքով հյուսված անօրինականությունների ու ապատեղեկատվության ողջ շղթան։ Կներկայացնվեն կինոյի պետական կառավարման ոլորտում տիրող անմխիթար իրավիճակի պատճառները, կինոյում արմատական փոփոխությունների իր պատկերացումները։ Կխոսվի «Տատիկիս Վարսերը» ֆիլմին հասցված վնասի մասին, կներկայացվի ֆիլմի արտադրական բացառիկ մոդելը և նախագծի գործընկերներին»: Ռեժիսորը դեկտեմբերի 12-ին կայանալիք ասուլիսի ժամանակ կներկայացնի նաև իր հետագա քայլերը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ասուլիսի ընթացքում ուղիղ միացում կլինի Բուլղարիայի և Գերմանիայի պրոդյուսերների հետ, որոնք կհաստատեն՝ ինչպես իրենց ներդրումը կինոնախագծում, այնպես էլ՝ այն հանգամանքը, որ Հայաստանը խախտում է համատեղ միջազգային ֆիլմարտադրության նորմերը, որի համար հավելյալ հայց են ներկայացնելու ընդդեմ Հայաստանի։