
Հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Գալստյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապ տարել են հիվանդանոց

Քիչ առաջ կինոռեժիսոր, սցենարիստ Մարինե Զաքարյանը 168.am-ին հայտնեց, որ 8-րդ օրը հացադուլի մեջ գտնվող իր ամուսնու՝ «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսոր և համապրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության և «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց:
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Հովհաննես Գալստյանը, խոսելով իր առողջական վիճակի մասին, նշել է, որ «ինքնազգացողությունը լավ է, կա թեթև հոգնածություն»:
Նշենք, որ այսօր Հովհաննես Գալստյանին էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Կարճատև զրույցի ընթացքում ՀՀ նախագահը Հովհաննես Գալստյանին խնդրել է դուրս գալ հացադուլից և ուշադրություն դարձնել առողջությանը:
Հիշեցնենք, որ ռեժիսորի հացադուլի պատճառ է դարձել «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծը, որը պետք է 2019 թվականին մեծ էկրան բարձրանար, սակայն նախագիծը չի կայացել։
Հացադուլից առաջ Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ «այս հացադուլը հանդիսանում է Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երևույթները հրապարակայնացնելու և կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը»:
Անի Գաբուզյան