Գերքաղաքականացված հասարակությունն ու ընտրություններին ցածր մասնակցությունը
Դեկտեմբերի 9-ին կայացավ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այն, որ հասարակությունը գերքաղաքականացված էր և հետաքրքրությունն ընտրությունների հանդեպ աննախադեպ բարձր էր, թերևս, կասկած չէր հարուցում: Այն հիմք էր տվել քաղաքական բազմաթիվ գործիչների կանխատեսելու, որ այս տարի կունենանք աննախադեպ բարձր մասնակցություն: Սակայն, ինչպես ցույց տվեցին զարգացումները, 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները դատապարտված էին դառնալու ամենացածր մասնակցություն ունեցողն անկախությունից հետո:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին խորհրդարանական ընտրությունները կայացել են 1995 թ. հուլիսի 5-ին՝ Սահմանադրության ընդունման օրը: Մեծամասնական կարգով ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 29-ին։ Այս ընտրություներին մասնակցել էր ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 54 տոկոսը, որը կազմել է 1 մլն 183 հազար 573 ընտրող:
Խորհրդարանական ընտրությունների մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2012 թվականի ընտրություններում: 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունեցել 2012թ. մայիսի 6-ին, որին մասնակցելու իրավունք ունեին 2 մլն 523 հազար 101 քաղաքացիներ: Ընտրություններին մասնակցեց ձայնի իրավունք ունեցողներից 1 մլն 573 հազար 53-ը, որը տոկոսային արտահայտությամբ կազմեց 62.3 տոկոս:
Բավականին բարձր է եղել նաև ամենակարճ՝ ընդամենը 1.5 տարվա կյանք ունեցած 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին մասնակցությունը, որին մասնակցել էր 1 մլն 575 հազար 382 ընտրող կամ ընտրության իրավունք ունեցողների 60.9 տոկոսը:
Դեկտեմբերի 9-ին կայացած 7-րդ գումարման ազգային ժողովի ընտրություններին մասնակցության իրավունք ուներ 2 մլն 592 հազար 479 անձ: Քվեարկության արդյունքներով պարզ դարձավ, որ քվեարկությանը մասնակցել է 1 մլն 261 հազար 660 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցողների ընդհանուր թվի 48.6 տոկոսը, որը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից 12.3 տոկոսով:
Արդյունքում՝ ունենք ընտրություններ, որի մասնակցության ցուցանիշն ամենացածրն է անկախ Հայաստանի պատմության մեջ, որը, ըստ էության, պարադոքսալ երևույթ է, քանի որ մի կողմից՝ ունենք հասարակության կողմից քաղաքականության նկատմամբ հետաքրքրության և ներգրավվածության անախադեպ բարձր մակարդակ, մյուս կողմից՝ նման ցածր մասնակցություն:
Մի կողմ թողնելով երևույթի նկատմամբ առկա քաղաքական մեկնաբանությունները, պետք է նշենք, որ մասնակցության նման ցածր տոկոսն իր մեջ ունի նաև մի շարք ոչ քաղաքական պատճառներ:
Դրանցից առաջինն ընտրողների այն գիտակցումն է, որ իրենց ձայնը վճռորոշ չէ: Ընտրություններից առաջ ձևավորած այն սպասումը, որ գործող իշխանությունը հաղթելու է՝ արձանագրելով աննախադեպ բարձր արդյունքներ, ընտրողների մոտ նվազեցրել էր սեփական քվեի կարևորությունը: Այդ կարևորությունը բարձր կլիներ, եթե քաղաքական ուժերի միջև պայքարը լիներ հավասար, և ընտրողը գիտակցեր, որ իր ձայնը կարող է լինել վճռորոշ: Հակառակ դեպքում՝ ընտրողի ձայնը դառնում է 70 տոկոսի մեջ հերթականը, և կարևորության զգացումը նվազում է:
Հաջորդ կարևոր հանգամանքը պայմանավորված է ռեյտինգային ընտրակարգով: Մասնավորապես, ընտրական ցուցակներում բացակայում էին էտալոնային թեկնածուները, հանուն որոնց՝ արժեր հասնել ընտրատարածք: Դա սովորաբար լինում է առանձնակի սեր ու հարգանք վայելող թեկնածուների դեպքում, երբ ընտրողը գնում է ընտրության ոչ թե՝ զուտ քաղաքացիական պարտքի դրդումով, այլև իր շնորհակալական խոսքը քվեաթերթիկի միջոցով հայտնելու համար:
Ընտրությունների մասնակցության վրա բավականին մեծ ազդեցություն է ունեցել նաև այլընտրանքի շարունակական սևացման հանգամանքը: Ողջ քարոզարշավի ընթացքում մեծամասնության հավակնող ուժի կողմից վարվել է «ոչ ոք, մեզնից բացի» քաղաքականություն՝ զուգորդված համապատասխան հռետորաբանությամբ, որտեղ առանցքային է եղել՝ ով չի ընտրում հեղափոխական իշխանությանը՝ սխալ է կամ ավելի վատը: Սրա արդյունքում՝ այլ քաղաքական ուժերի սատարող քաղաքացիների մոտ առաջացել է ճնշվածության զգացում, որը հանգեցրել է այն որոշման, որ ավելի լավ է՝ չմասնակցել ընտրությանը, քան քվեարկելով այլ ուժի օգտին՝ հայտնվել քննադատությունների կենտրոնում:
Արդյունքում, ունենք այն, ինչ ունենք, ունենք անկախ Հայաստանի պատմության մեջ ամենացածր մասնակցությունը, որի արդյունքում, սակայն, կունենանք աննախադեպ շատ՝ 132 պատգամավորներից բաղկացած խորհրդարան, վերջինս էլ բաղկացած կլինի ընդամենը 3 խմբակցություններից:
ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ