«ԿԸՀ-ն պատշաճ ուսումնասիրություն չի կատարել մինչև այս կազմակերպություններին որպես դիտորդ գրանցելը». Լևոն Բարսեղյան
«Դիտորդական նորահայտ առաքելություններն իսկապես հայտնություն էին մեզ համար. «Միացյալ առաջնորդների պալատ» և «Աբովյանի ուսանողական խորհուրդ», յուրաքանչյուրը ԿԸՀ-ում գրանցել է 5400-ական դիտորդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը՝ ամփոփելով ԱԺ ընտրությունների ընթացքում կատարած դիտորդական առաքելությունները։
«Մեր առաքելությունների մասշտաբները տեսաք, տեսաք՝ ինչքան թույլ ենք իրենց համեմատ։ Մենք համարում ենք, որ ԿԸՀ-ն պատշաճ ուսումնասիրություն չի կատարել մինչև այս կազմակերպություններին որպես դիտորդ գրանցելը։ Եվս երեք կազմակերպության կողմից հայտ է եղել, բայց հետաքննության շնորհիվ հնարավորություն եղավ այնպես անել, որ ԿԸՀ-ն պատշաճ կերպով իր գործը կատարի և այդ կազմակերպություններին չգրանցի՝ որպես դիտորդական առաքելություն։ Վերոնշյալ երկու կազմակերպություններն իրենց առաջնորդներով անմիջական կապակցվածության կամ փոխկապակցվածության մեջ են գտնվում ԲՀԿ-ի հետ։ Այդուհանդերձ, չբացառելով, որ սխալվում ենք մեր այս վարկածի մեջ, ակնկալում ենք շուտափույթ տեսնել այս երկու դիտորդական առաքելությունների ասուլիսները, զեկույցները»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ընտրությունների մասնակցությանը, նա նախ բերեց նախորդ տարիների տվյալները. «2016թ խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը 60.93 տոկոս է, 2012թ. ՝ 62.35 տոկոս, 2007թ.՝ 59.35 տոկոս, 2003թ.՝ 51.18, 1999թ.՝ 48.11 տոկոս։ Այս ընտրությունների մասնակցության տոկոսի հետ կապված կարևոր է նշել, որ այս թիվը հաշվվում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվից, իսկ Հայաստանում գտնվող քաղաքացիների թիվը մեզ անհայտ է, որպեսզի իրական մասնակցության թիվ կարողանանք ներկայացնել։ Տարբեր փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանից բացակայում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 18-30 տոկոսը։ Եթե այդ վերապահումները դուրս ենք հանում, ստացվում է, որ ընտրություններին մասնակցել են 55-63 տոկոսը՝ ՀՀ-ում գտնվող ընտրողների։ Մասնակցության մակարդակը որևէ կերպ չի ստվերում ընտրությունների որակը։
Մի քանի քաղաքական գործիչներից երեկ ահազանգեր են հնչել, մեկն ասել է, որ Հայաստանում վախի մթնոլորտ է տիրում, բանակի ուղղորդման վերաբերյալ է հնչել, հնչել է նաև, որ սա Հայաստանի ամենախայտառակ ընտրություններն են։ Մենք ընտրակաշառքի մասին, զանգվածային կերպով ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումներ չենք արձանագրել։ Ընտրողների ահաբեկումներ, կազմակերպված և համակարգված ճնշումների մասին ահազանգեր չենք ունեցել։ Տեղամասերի ներսում որոշ կուտակումներ եղել են, բայց դրանք կազմակերպված բնույթ չեն ունեցել»։
Նա նշեց, որ չեն արձանագրել նաև ոստիկանության համակարգված անգործություն։ «Այս ընտրությունների ժամանակ զանգվածային և կազմակերպված ընտրակեղծիքներ, քրեական հանցագործության բնույթ ունեցող միջոցառումներ տեղի չեն ունեցել, ինչը թույլ է տալիս ասել, որ այս ընտրություններն ընթացել են ոչ միայն մրցակցային մթնոլորտում, այլև ազատ կամարտահայտման միջավայրում»։