«Այս մարդիկ ծնվել են ծառայելու, պատվեր կատարելու համար». Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է ուղղորդումների մասին
«Ակնհայտ է, որ մարզպետը, համայնքապետերը, քաղաքապետերը շարունակում են ուղղորդել ընտրողներին, որ ընտրեն «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին։ Մասնավորապես, Տաթև համայնքի ղեկավարը լուրջ վարչական պրեսինգով ուղղորդում է համայնքի բնակիչներին՝ քվեարկելու «Իմ քայլի» թեկնածուների օգտին»,- 168.am-ին այս մասին տեղեկացրեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Նա այս պահին գտնվում է Սյունիքի մարզում։
Նա հրավիրում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ուշադրությունը. «Քիչ անց ես անձամբ կխոսեմ Տիգրան Մուկուչյանի հետ։ Նրան կոչ եմ անում՝ բռնել Տաթևի համայնքապետի և մյուս համայնքապետերի ձեռքը։ Եթե ձեզ համար վարչապետի խոսքը, որ չպետք է լինի որևէ ուղղորդում, բավարար չէ, և դուք շարունակում եք ծառայել բոլոր իշխանություններին, ինչպես նախկինում ծառայել եք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հիմա էլ ծառայում եք այս իշխանությանը, ուրեմն՝ ես ձեզ հետ կխոսեմ իրավական դաշտում»։
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քաղաքացիներն իրեն ահազանգում են, որ Տաթև համայնքում համայնքապետը ուղղորդում է քվեարկել «Իմ քայլի» թեկնածուների օգտին.
«Վախի մթնոլորտը բազմաթիվ համայնքներում ակնհայտ է։ Այդ դեպքում ի՞նչ է փոխվել։ Պաշտոնյաների մի տեսակ կա՝ մարզպետ, համայնքապետ, քաղաքապետ, որոնց համար բացարձակ տարբերություն չկա՝ իրենք ծառայում են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, թե Նիկոլ Փաշինյանին։ Այս մարդիկ ծառայամիտ են, այս մարդիկ ծնվել են ծառայելու, պատվեր կատարելու և Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու համար։ Այս մարդիկ չեն կարող ազատ մտածել, որովհետև իրենք իրենց ներսում ստրուկ են և այդպես էլ ղեկավարում են համայնքը, լինելով կատարող և կամակատար»։