«Սասնա ծռերը» վստահեցնում են՝ ՀԱՊԿ նիստը հետաձգվել է իրենց պատճառով

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի 9-րդ օրն անցկացրեցին Գեղարքունիքի մարզում։

Մարզի տարբեր բնակավայրերում «Սասնա ծռերը հանդիպումներ ունեցան բնակիչների հետ, ներկայացրեցին իրենց ծրագիրը և կոչ արեցին ընտրել իրենց։
Ծովագյուղում հանդիպման ընթացքում «Սասնա ծռերի» համակիրներից Արա Պապյանը` դիմելով հավաքվածներին, նշեց, որ այս օրերի ընթացքում գյուղ կայցելեն բազմաթիվ քաղաքական ուժեր և մեծ խոստումներ կտան, որոնց պետք է մոտենան հստակ չափանիշերով։

«Չլինելով կուսակցական, աջակցում եմ հենց այս կուսակցությանը, քանի որ վստահում եմ նրանց։ Այս կուսակցության մեջ այնպիսի մարդիկ են, որոնք ունեն իրենց գաղափարը, որի համար պայքարել են, պայքարում են, զրկանքների են ենթարկվել, այսինքն՝ պատեհապաշտների և հարմարվողների կուսակցություն չէ, ինչը շատ կարևոր է։ Կոչ եմ անում` չտրվեք տարբեր կուսակցությունների հերթական խոստումներին, այլ հասկանաք, որ «Սասնա ծռերը» հենց այն կուսակցությունն է, որը հետամուտ է լինելու հարցերի լուծմանը»,- նշեց Ա. Պապյանը։

Կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանի խոսքով՝  հայ ժողովուրդն ինտելեկտուալ և տաղանդավոր ժողովուրդ է, ուստի պետք է վերացնի նախկինների թողած այն սկզբունքը, որ, եթե փող ունես, ուրեմն մարդ ես։

Կարդացեք նաև

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից , Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ ռուսները հայ ժողովրդի բարեկամն են, սակայն նրանց հետ հարաբերությունները պետք է կառուցել փոխադարձ հարգանքի հիման վրա, որի դեպքում Ռուսաստանը կհարգի և հաշվի կնստի Հայաստանի հետ։

«Մենք ունենք ապացույցներ, որ Ռուսաստանը հաշվի է առնում, որ գոյություն ունեն «Սասնա ծռերը», այդ ինչո՞ւ հանկարծ Պուտինն ասաց՝ եկեք դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ նիստը տեղափոխենք։ Գիտենք, որ այս նիստը պետք է լիներ և պետք է մերժեին Հայաստանի ուզածը, հիմա Պուտինը մտածեց՝ եթե մերժի, ապա Նիկոլ Փաշինյանի դիրքերը կվատանա, ով նրա համար ավելի լավն է, քան «Սասնա ծռերը», որի դիրքորոշումն ավելի կոշտ է, տեսա՞ք, ինչպես ստացվեց մեր քաղաքականությունը»,- հայտարարեց Ստեփան Գրիգորյանը։

Նա վստահեցրեց, որ «Սասնա ծռերը» գալիս են աշխատելու, կառավարության երիտասարդ անդամներին աջակցելու նպատակով։ Նա ընդգծեց, որ ժողովրդի վստահության քվեն ստանալով՝ կհայտնվեն խորհրդարանում, որպեսզի նախարարները, մարզպետները «ձգվեն» ու լծվեն աշխատանքի և հասկանան, որ նրանք ժողովրդի ծառաներն են։

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն էլ հայտարարեց, որ իրենց նախընտրական ծրագրում նախատեսված է մասնագիտական սկզբունքով  վերակենդանացնել արհմիությունները, ուստի ձկնորսները և ձկնորսության հետ առնչվող մարդիկ պետք է կազմակերպվեն համապատասխան արհմիության մեջ։

Նշենք, որ Ծովագյուղում հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս