«Մենք հստակ ասել ենք, որ հանքարդյունաբերության փոխարեն՝ արտոնություն տալու ենք փոքր բիզնեսին». «Քաղաքացու որոշում»

«Քաղաքացու որոշում» սոցիալ-֊դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այսօր Չարենցավանում, Աբովյանում և Նոր Հաճընում էին:

Նրանք բնակիչների հետ խոսեցին իրենց ծրագրից՝ նշելով, որ իրենց համար կարևոր է որոշում կայացնող քաղաքացին:

«Ահագին մարդիկ կան, ովքեր չեն հավատում, որ այսօրվա մեր քաղաքացին ընդունակ է կայացնել որոշում, իսկ մենք հավատում ենք և երևի թե սրանով էլ տարբերվում ենք բոլոր ուժերից: ՀՀ քաղաքացիներն ապրիլին արեցին այն, ինչ կուսակցությունները տարիներով փորձում էին անել»,- ասաց կուսակցության անդամ Արտակ Կիրակոսյանը:

Նրանք խոսեցին նաև կրթության, առողջապահության, տնտեսության մասին:

Կարդացեք նաև

«Հիմա մասսայական հարկման գործընթաց է ընթանում: Իրականում փոքր բիզնեսը ՀՀ բյուջեի երկու տոկոսն է ձևավորում: Ու, եթե տեսնում ես, որ այն չի կարողանում շնչել, կարող ես մի քիչ քեզ որպես պետություն՝ նեղել, արտոնություններ տալ, որ ոտքի կանգնեն: Հիմա, եթե մարդը բիզնեսն առաջ չկարողանա տանել, վարկը չի կարողանա փակել: Մենք հստակ ասել ենք, որ հանքարդյունաբերությանը արտոնություն չենք տալու, այդ գումարն ինքը պետք է տա, փոխարենը՝ արտոնություն տալու ենք փոքր բիզնեսին: Չի կարելի նույն պայմանները խոստանալ բոլորին»,- նշեց Միքայել Նահապետյանը:

Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, ապա նրանք ընդգծեցին, որ բոլոր մասնագետները պարտադիր պետք է անցնեն որակավորման քննություն, որը պետք է լինի թեստային-համակարգչային՝ կազմված բժշկական որակավորման՝ աշխարհի լավագույն քննական թեստերի նմանությամբ (ԱՄՆ, Կանադա և այլն):

Մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ մեկտեղ՝ պետք է հիմնվի պետական ապահովագրական մարմին: Պետական ապահովագրությունը պետք է լինի համընդհանուր և պարտադիր: Ապահովագրության համար սոցիալական յուրաքանչյուր խումբ կվճարի իր կարողությունների չափով: Սկզբնական շրջանում պետական ապահովագրությունը կծածկի առողջական խնդիրների այն մասը, որը դուրս է մնում մասնավոր ապահովագրության ծածկույթից ու սոցիալական պաշտպանվածության տեսանկյունից ամենից խոցելին է: Հետագայում պետական ապահովագրությունը կարող է ընդլայնել իր ծածկույթը, օրինակ՝ ապահովագրելով այն ոլորտները, որոնց համար երաշխավոր պետք է լինի պետությունը:

Պետական, համընդհանուր, պարտադիր ապահովագրության առաջին փուլը կիրականացվի ուռուցքաբանության ոլորտում, որի ծախսերն ամբողջությամբ պետք է ծածկի ապահովագրական ֆոնդը: Ուռուցքաբանությունը, լինելով ընդամենը մի քանի բժշկական կենտրոնների և մի քանի մասնագիտական թիմերի կողմից իրականացվող աշխատանք, հեշտությամբ կարելի է վերահսկել, որպեսզի այն իրականացվի ապացուցողական բժշկությանը համապատասխան, առանց ավելորդ ծախսերի և առանց կիսատ և ուշացած քայլերի: Այսպիսով, ապահովագրական ֆինանսների սպառումը կարելի է հեշտությամբ վերահսկել և դարձնել առավելագույնս արդյունավետ: Բացի այդ՝ սկրինինգային ծրագրերի ներդրումը կկրճատի ուռուցքային դեպքերի հաճախությունը, ինչն էլ իր հերթին՝ կկրաճատի ուռուցքաբանության վրա ծախսվող ֆինանսական միջոցների չափը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս