Ապագա քաղաքական խաղի քարտեզը 2
Նախորդ անգամ փորձեցինք գծել ապագա քաղաքական խաղի քարտեզը՝ դրա առայժմ միայն ձևական կողմը, առանց խորանալու բովանդակության մեջ: Մի փոքր ավելի մանրամասն նկարագրեցինք հնարավոր դիրքերից առաջինը՝ «արմատական ընդդիմադիրը»:
Այժմ շարունակենք նույն շարադրանքը՝ անդրադառնալով մյուս հնարավոր «ոչ իշխանական» դիրքերին՝ մնալով առաժմ հիմնականում նույն ձևական, «գծագրային» տիրույթում:
Դիրքերից երկրորդն անվանեցինք «կառուցողական ընդդիմադիր»: Այս եզրը նույնպես վերցնում ենք պայմանական: «Կառուցողական» բնորոշումը շատ անհաջող է, որի պատճառով չակերտում ենք այն, բայց ունի իր կիրառման պատմությունը, որով առանց երկար ու բարակ բացատրելու քիչ թե շատ պատկերացնելի է ընթերցողին: Այդ իսկ պատճառով, չնայած հատուկ հակակրանք ունենք դրա նկատմամբ, բայց նախընտրեցինք օգտագործել հենց այդ՝ ծանոթ ձևակերպումը՝ հուսալով, որ ընթերցողը միշտ մտքում կպահի դրա պայմանականությունը:
Որպես այդ դիրքի հոմանիշներ՝ վերջին տարիներին փորձել են օգտագործել նաև «այլընտրանք», «ոչ իշխանական ուժ», «հակակշիռ» հասկացությունները: Ինչ էլ լինի բառը, իմաստը մոտավորապես նույնն է մնում, և ինքնին ըմբռնելի է:
Տեսականորեն թվում է, թե սա բավականին լավ և հարմար դիրք է, նաև՝ հանրության տեսակետից օգտակար: Իբր կա «վատ», «չար», ամեն ինչ «սևացնող» «արմատական», և «լավ», «բարի» ու «լավին՝ լավ, վատին՝ վատ» ասող «կառուցողականը»՝ պատրաստ աջակցել իշխանությանը, բայց նաև քննադատել նրա թերացումները: Չէ՞ որ քաղաքական ֆորմալիզմի տեսակետից այլընտրանքի, հակակշռի առկայությունն էլ ինքնին բարիք է: Թվում է, որ այս հղացքը չի աշխատել մեզանում միայն այն պատճառով, որ դա իրացնողներն իրապես «այլընտրանքային» չեն եղել, այլ գործակցել են իշխանության հետ, իշխանության խաղն են տարել, բայց եթե նույնն անեն «ազնիվ ու լավ» տղերքը, այս հովվերգական դիրքը կաշխատի ի շահ հայրենիքի և համայն առաջադեմ մարդկության: Մի քիչ հեգնական ստացվեց նկարագրությունս, բայց խնդիրը հեգնանքը չէ: Ոչ էլ այն, որ հնարավոր չէ այս դիրքում ազնիվ և, որոշ չափով՝ օգտավետ գործել:
Իրական խնդիրն այն է, որ այս դիրքը ոչ թե հանգամանքների բերմամբ և չար կամոք, այլ իր էությա՛մբ իսկ քաղաքականապես թույլ է և անկայուն: Քաղաքականապես թույլն ու, ասենք, մարդկայնորեն կամ բարոյապես կամ թեկուզ տրամաբանորեն թույլ ու ուժեղը նույնը չեն: Ոչ թե՝ որովհետև քաղաքականը պարտադիր անբարոյական է կամ անտրամաբանական, և այլն, այլ որովհետև ինքը տարբե՛ր է, և նրա ուժն ու թուլությունը որոշ կետերում կարող են համընկնել, իսկ որոշներում էլ՝ հակադրվել մյուս ոլորտների թույլ և ուժեղին:
Քաղաքական խաղը ձգտում է բևեռացումների և հակադրումների: Դա ոչ թե ինչ-որ մեկի չար ցանկությունից է, այլ խաղի բնույթից է: Ո՛րևէ խաղ ձգտում է հակադրության: Այդ իսկ պատճառով այստեղ բնականից թույլ են «կիսատ» դիրքերը, նույնիսկ, եթե դրանք տրամաբանորեն, բարոյապես կամ որևէ այլ առումով ճիշտ են:
Այս իմաստով էլ «կառուցողականը» բնականից թույլ է քաղաքականության մեջ, ինչը պետք է հաշվի առնի ցանկացած խումբ, որը փորձելու է այս դիրքում գտնել իր տեղը: Ընդ որում՝ խոսում ենք բացարձակ ազնիվ և տրամաբանված մոտիվացիաներ ունեցողների մասին:
Թույլը, սակայն, չի նշանակում՝ անհնարին:
Ո՞րն է թուլությունը, և ո՞րն է հնարավորության սահմանը:
Նախ՝ սահմանները կախված են քաղաքական իրավիճակի ձևական հատկանիշներից: «Կառուցողական» դիրքն առավել հնարավորություններ է ստանում համեմատաբար հանգիստ, չբացված հակասություններով, «խաղաղ» քաղաքական իրավիճակներում, երբ բուն քաղաքական տարերքը, որի էությունը պայքարն է, չի բացահայտում ինքն իրեն մինչև վերջ, զսպված է այլևայլ՝ իրավական, տնտեսական և այլ «զսպիչներով»: Այդպիսի իրավիճակներում «կառուցողականի» բարդ մանևրները, «դիվանագիտությունը», «բարիությունը» հարմար հող են գտնում: Հակառակը՝ որքան քաղաքական բուն տարերքը բացվում է, որքան քաղաքական պահը վճռական է, որքան դրված խնդիրները որոշիչ են, և խաղադրույքները՝ բարձր, այնքան ավելի փոքրանում է «կառուցողական» մանևրների տեղն ու դերը, ընդհուպ՝ մինչև անէացում:
Այստեղից էլ այդ դիրքի անկայունությունը: Նրա հիմնական միտումն ու էությունը դիրքային անկայունությունն է՝ ձգտում դեպի իրեն շրջապատող դիրքերից մեկին՝ «արմատականություն» կամ հակառակ ուղղությամբ՝ «իշխանության աջակից/կցորդ»: Այդ միտումն անհրաժետաբար իրականություն է դառնում վճռական քաղաքական պահերին, բայց նույնիսկ համեմատաբար հանգիստ իրավիճակներում նույն միտումը պահպանվում է, և բավականին մեծ ջանք և ծախս է պահանջվում դիրքային հավասարակշռությունը պահպանելու համար:
Զուտ խմբային շահի տեսակետից այս դիրքը, սակայն, կարող է ունենալ նաև առավելություններ: Որոշ դեպքերում նաև շահավետ է հանրության համար: Հաջող մանևրելու դեպքում այս դիրքը գրաված քաղաքական ուժը կարող է ստանալ «բենեֆիցիաներ» և՛ իշխանությունից, և՛ «արմատական» ընդդիմությունից, հաճախ ենթակա է սիրաշահման երկուսի կողմից էլ, բայց մյուս կողմից՝ նույնքան ենթակա է նաև հակաքարոզչության երկուսի կողմից էլ: Եթե տվյալ խումբն իրական իշխանություն դառնալու հավականություններ և ծրագրեր չունի, ապա կարող է իր ջանքի դիմաց ստացած քաղաքական եկամուտը համարել բավարար: Սակայն պետք է հաշվի առնել, որ իշխանական իրական հավականությունների իրացման համար այս դիրքը չափազանց անհաջող է: Իշխանափոխության դեպքում այս դիրքում եղած ուժին իշխանությունը կարող է հասնել միայն ժամանակավորապես, այն էլ՝ մեծ հաջողության դեպքում:
Ցանկացած դեպքում այս դիրքն այնքան ծախսատար է, որ տևական խաղի դեպքում, ուշ թե շուտ, նույնիսկ այստեղ լավ դիրքավորված ուժը չի կարող չմաշեցնել իր կարողությունները, չթուլանալ և ի վերջո չհայտնվել ավելի ուժեղներից մեկի կցորդի դերում:
Բայց բացի տևական խաղից, այս դիրքում կան նաև ժամանակավոր տարբերակներ: Քաղաքական ուժերի համար «կառուցողական» դիրքը կարող է հետաքրքիր լինել՝ որպես նոր իրավիճակում սկզբնախաղի դիրք՝ միջնախաղում հնարավոր դիրքափոխմամբ դեպի այս կամ այն կողմ: Նաև որպես միջանկյալ, գիտակցված ժամանակավոր դիրք՝ մինչև ավելի հարմար համարվող պահը: Բայց եթե նույնիսկ այս ժամանակավոր դիրքավորումը գիտակցված չէ, այլ, ասենք, որևէ ուժ անկեղծորեն փորձում է իր խաղը նոր քաղաքական իրավիճակում սկսել «կառուցողական» դիրքից, ապա դեպքերի մեծ մասում այդ ուժը, դիրքի ներքին հիմնամիտմանը համաձայն՝ ինքնաբերաբար, ակամայից իսկ մղվելու է դեպի ուժեղ դիրքերից մեկը:
Հենց դա էլ տեղի է ունենալու այսօր այդ դիրքն իրենց վրա փորձարկող ուժերի և խմբերի հետ: Այսօրվա իրավիճակը հասկանալիորեն նպաստում է նրան, որպեսզի շատերը մտովի կամ արդեն գործնականորեն փորձարկեն իրենց վրա «կառուցողական» դիրքը: Ոչ ոք այս պահին չի ուզում արմատական դիրքերից քննադատել նոր իշխանությանը, և դրա ժողովրդականությունը, և որովհետև քննադատությունը դեռևս կապվում է նախորդ իշխող ուժի հետ:
Շատերն անկեղծորեն կարծում են, որ լավագույնը հենց չափավոր ընդդիմադիր, չափավոր քննադատի դիրքն է, և պատկերացնում են դա ոչ միայն՝ որպես ժամանակավոր, այլև՝ տևական դիրք իրենց համար: Դա, սակայն, պատրանք է այդպես մտածողների մեծ մասի համար՝ անկախ նրանց անկեղծությունից: Շատ արագ, հավանաբար արդեն մյուս տարվա ընթացքում նրանց մեծ մասը հայտնվելու է «արմատական» դիրքերին, իսկ ավելի փոքր մասն էլ հայտնվելու է իշխանական ճամբարում:
Կհաջողվի՞ արդյոք թեկուզ մեկ խմբի կամ ուժի, քիչ թե շատ տևական ժամանակով զբաղեցնել «կառուցողական» դիրքը՝ մեծ հարց է, քանի որ դրա համար պետք է ավելի մեծ ռեսուրս, քան ունեն նրանք, ովքեր այս պահին փորձում են իրենց վրա այս ծախսատար դիրքը: