Ապագա քաղաքական խաղի քարտեզը
«Նոր Հայաստանի» քաղաքական խաղը ոչ թե ավարտվելու է կամ վերջնական կայուն տեսք է ստանալու ԱԺ գալիք ընտրություններով, այլ դեռ նոր սկսվելու է դրանցով և դրանցից հետո: ԱԺ ընտրությունների արդյունքները թեև կարևոր, բայց ոչ միակ վճռորոշ մասն են լինելու այդ՝ դեռ կայանալիք քաղաքական խաղի քարտեզի:
ԱԺ ընտրություններն արտացոլելու են անցումային մի իրավիճակ՝ այն իմաստով, որ դրանք տեղի են ունենալու անսովոր՝ հետհեղափոխական պայմաններում, երբ մի կողմից՝ դեռ կենսունակ են նախահեղափոխական վիճակի տարրերը, իսկ մյուս կողմից՝ ձևավորման փուլում են նոր՝ հետհեղափոխական համակարգի տարրերը: Հետևաբար՝ նոր ԱԺ-ն լինելու է ապագա քաղաքական խաղի, նաև՝ ապագա քաղաքական դաշտի կենտրոններից մեկը, բայց ոչ միակը, ինչպես ենթադրելի կլիներ ավելի սովորական, «բնական» իրավիճակում: ԱԺ-ից «դուրսն» այս՝ «անսովոր» իրավիճակում կարող է կատարել ավելի մեծ դեր, քան պատկերացնելի է այսօր:
Նոր քաղաքական խաղը ձևավորվելու է ներքին և արտաքին մի քանի ազդակներով: Այստեղ մենք գերազանցապես կփորձենք նկարագրել այդ գործընթացի ձևական կողմը, միայն թռուցիկ նշումներ անելով բովանդակության վերաբերյալ: Բովանդակության խնդիրը, այսինքն՝ ձևական դիրքերը, նյութական ի՞նչ տեսք կստանան, ավելի բարդ կանխատեսելի է, հետևաբար՝ ավելի բազմակողմանի և ծավալուն վերլուծություն է պահանջում, և ամեն դեպքում պետք է հաջորդի ձևական կողմի՝ «քարտեզի» և «դիրքերի» ճշտմանը:
Ընդհանրապես քաղաքական խաղ հասկացությունն ինքնին ենթադրում է ձևականության՝ «ծիսականության» կամ «դերայնության» որոշակի չափ, որը սահմանափակում է կամ նախապես որոշում է բովանդակության դրսևորումները: Այսինքն՝ բովանդակությունը չի կարող լինել բացարձակ ազատ, այլ անհրաժեշտաբար և նախապես ենթակա է որոշակի ձևական սահմանների: Վառ օրինակ է բոլոր ժամանակների ընդդիմադիր լեզուն («հայերեն» ասած՝ «դիսկուրսը»), որն անհրաժեշտաբար «ծիսական» է զգալի չափով. Նույնիսկ, եթե ընդդիմադիր դիրքերից խաղացողն ի սկզբանե փորձում է «օբյեկտիվ» դիրքերից խոսել, միևնույն է, քաղաքական խաղի տարերքն այնպիսին է, որ շատ արագ ընդդիմադիր խոսքը հասցնում է «երկիրը կործանվում է» և «ամեն բան փլուզվում է» վախճանաբանական ճարտասանության դաշտ: Սա անձերի ընտրությունից գրեթե դուրս գործընթաց է, որը թելադրվում է դիրքային, ձևական՝ մարդու կամքից և գիտակցությունից ավելի ուժեղ կանոններով:
Ձևավորվելիք քաղաքական խաղում առանձնացնենք մի քանի առանցքային դիրքեր, որոնք դեռ պետք է վերջնական լրացվեն հաջորդ մեկ-երկու տարիների քաղաքական գործընթացներով: Քանի դեռ չկա այդ մի քանի կարևոր դիրքերից գոնե մի մասի լիարժեք լրացվածությունը, քաղաքական խաղը դեռ իր կայացման՝ անցումային փուլում է լինելու՝ անկախ պաշտոնական գործընթացներից:
Այդ դիրքերն են.
ա. «Արմատական» ընդդիմադիր
բ. «Կառուցողական» ընդդիմադիր
գ. «Աջակից» (իշխանության)
դ. «Ավանգարդային» (իշխանությունից «մի քայլ առաջ», «ավելի հեղափոխական»):
Պարզ է, որ բոլոր անվանումներն այս կամ այն չափով պայմանական են. հատկապես իմ չսիրածս հակադրություններից է «արմատական»/ «կառուցողական» ընդդիմությունը, բայց այստեղ օգտագործել եմ դրանք՝ որպես մեզանում քիչ թե շատ ընդունված և հավելյալ բացատրություններ չպահանջող: Պարզ է նաև, որ սա զուտ տեսական, չոր ուրվագիր է, որի նյութական մարմնավորումը լինելու է ոչ թե բառացի և ճշգրիտ, այլ այս կամ այն չափով մոտավոր՝ ըստ հանգամանքների: Որոշ դիրքեր կարող են ավել կամ պակաս լիարժեքորեն դրսևորվել, ավել կամ պակաս շեշտված լինել, մյուսները կարող են լրացվել կիսով չափ միայն: Հնարավոր են նաև անցումներ, տատանումներ, անկանխատեսելի դաշինքներ՝ տարբեր, այդ թվում՝ հակադիր դիրքերի միջև:
Բայց մյուս կողմից՝ կարևոր է նաև հասկանալ, որ չնայած այս ամենին՝ պայմանականության, անորոշության, արտահայտվածության չափին, տատանումներին և անցումներին, միևնույն է, «քարտեզն» ինքնին ինքնուրույն, նախապես տրված գործոն է, այսինքն՝ ոչ միայն քարտեզն է ազդվելու իրականությունից և ձևավորվելու է ըստ իրավիճակի, այլև հենց ի՛նքն է իր հերթին՝ ձևավորելու իրականություն: Ավելի պարզ ասած՝ որևէ քաղաքական ուժ, որը կուզի մտնել խաղի մեջ՝ ի՛նչ գաղափարական դիրքերից էլ սկսի, ի վերջո, ստիպված է քիչ թե շատ մոտ հայտնվել այս քարտեզի կետերից մեկին՝ նվազագույն չափով հաջողելու համար:
Այժմ մի քանի բառով դիտարկենք կետերից յուրաքանչյուրն առանձին-առանձին:
«Արմատական ընդդիմադիր»: Ինչպես նշեցինք, այս դիրքին բնորոշ է ծիսականության մեծ չափ: Այսինքն՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ինչ չափի և ինչ որակի սխալներ կգործի իշխանությունը, «արմատական» դիրքի քննադատությունը նախապես բնորոշում է իշխանության քաղաքականությունը՝ որպես կործանարար, ձախողված, և այլն (փակագծերում նշենք, որ «արմատական» բառի իրական իմաստի հետ սա կապ չունի, արմատականն իրականում նշանակում է՝ հետևողական, խորքային, հիմնարար, բայց ոչ՝ պարտադիր ինքնանպատակ չափազանցնող): Կրկնենք, որ սա ստացվում է ինքնին, նույնիսկ՝ անկախ մարդկանց և խմբերի կամքից, որովհետև այդպես են թելադրում քաղաքական խաղի չգրված կանոնները. հնարավորինս հստակ և կատարյալ հակադրությունը, որը պահանջում է խաղը, ստիպում է նաև կանխորոշված «արմատականություն» քննադատության մեջ՝ անկախ իրական հիմքերի լինել-չլինելուց:
Հետհեղափոխական իրավիճակներում այս դիրքը կարող է ի սկզբանե ոչ ձեռնտու թվալ, բայց սրա եկամուտը կարող է մեծ լինել հեռանկարում հենց այն ուժի համար, որն առաջինն է հանդես եկել այս դիրքերից: Եթե նույնիսկ այս պահին իշխանությունը չի գործել էական սխալներ, եթե նույնիսկ այս պահին հանրությունը հակված չէ ունկնդիր լինել «արմատական» քննադատությանը, միևնույն է, ուշ թե շուտ սխալները լինելու են, իսկ դժգոհությունն էլ աճելու է, և այդ իրավիճակում հաճախ շահելու է նա, ով «էն գլխից» արդեն զբաղեցրել է համապատասխան դիրքը:
Մեր իրավիճակում կարևոր է հաշվի առնել, որ խնդիրը լինելու է ոչ թե իշխանության անխուսափելի սխալները, այլ ա՛յն, որ ո՛րևէ իշխանություն Հայաստանում, եթե դուրս չի գալու 90-ականների հետսովետական լիբերալիզմի տրված կաղապարներից, միևնույն է, ուշ թե շուտ արժանանալու է նույն վերաբերմունքի հանրության մեծամասնության կողմից, ինչ Հայաստանի բոլոր նախորդ իշխանությունները: Սա մեր քաղաքականության մեծագույն գաղտնիքներից է, որին չեն տիրապետում մեր քաղաքական ուժերը:
Մեր ժողովրդի դժգոհության խորքային, թեև չգիտակցված պատճառը ոչ թե այս կամ այն անձն է, ոչ թե այս կամ այն կուսակցությունը, ոչ թե նույնիսկ կոռուպցիան, կեղծված ընտրությունները, և այլն, այլ հետսովետական լիբերալիզմը, որի կրողն են եղել Հայաստանի անխտիր բոլոր կառավարությունները (ընդհանրապես ամբողջ հետսովետական տարածքի, այդ թվում՝ Ռուսաստանի): Իհարկե, ստիպված ենք այստեղ օգտագործել չսահմանված և պայմանական եզրեր, որոնց մանրամասն բացատրությունը պետք է մեկ այլ առիթով փորձենք տալ: Բայց թողնենք, ի վերջո, սա՝ որպես որոշակի ինտրիգ, մինչև վերջ չասվածություն՝ մինչև պահի հասունանալը:
Ա՛յն իշխանությունը, որը մի օր համարձակություն և գիտակցություն կունենա ջարդել այդ կաղապարը և նոր քաղաքական փիլիսոփայությամբ ձևավորել իր քաղաքականությունը, կարող է չունենալ լուրջ հանրային աջակցություն ունեցող ընդդիմություն նույնիսկ տասնամյակների ընթացքում: Բայց շեղվեցինք մեր հիմնական ասելիքից:
Արմատական դիրքն այսօր ամենից շատ փորձում է շահարկել նախկին իշխող ՀՀԿ-ն: Դա առայժմ այնքան էլ համոզիչ չի ընկալվում՝ հասկանալի պատճառներով, մանավանդ, որ թեմաներն էլ «օդից կպցրած են», բայց մեր քաղաքական փորձի մեջ արձանագրված են դեպքեր, երբ նախկին իշխող ուժի՝ սկզբում ոչ այնքան համոզիչ քննադատությունը հետագայում վերածվում է ընդհանուր հանրային լեզվի և դիրքի իշխանության նկատմամբ:
Անկասկած է նաև, որ հետագայում արմատական դիրք են որդեգրելու նաև այլ ուժերը, նախևառաջ՝ հեղափոխության այսօրվա աջակիցներից (հետհեղափոխական առավել հզոր ընդդիմությունները, որպես կանոն, լինում են հենց նախկին հեղափոխականները): Ի դեպ, մինչև տեղի չունենա այս գործընթացը՝ նախկին հեղափոխականներից ընդդիմադիր ուժեղ բևեռի ձևավորումը, կարող ենք համարել, որ նոր քաղաքական խաղը դեռ վերջնականապես չի կայացել: Հենց այս կետը պետք է շրջադարձային համարենք՝ անցումային շրջանի ավարտի և նոր վիճակի կայացման առումով:
Այս գործընթացը մասամբ տեղի է ունեցել արդեն՝ ապրիլին հեղափոխությանն աջակցած մի քանի քաղաքական խմբակներ արդեն տեղավորվել են արմատական քննադատության դիրքում, թեև տարբերում են իրենց ՀՀԿ-ից: Խոսքը հատկապես այն ուժերի մասին է, որոնք 2016-ից ակտիվ մասն էին ներիշխանական և մերձիշխանական «դավադրության» կամ էլ համարվում են «քոչարյանական»: Սրանք մեծ հաճույքով մասնակցեցին և աջակցեցին «Մերժիր Սերժին»՝ դիտարկելով Նիկոլին՝ որպես գործիք իրենց ծրագրերի, սակայն մեծ հիասթափություն ապրեցին՝ հասկանալով, որ գործիքն իրականում հենց իրենք էին:
Կան և այլ խմբեր, որոնք մոտ ապագայում կտրուկ անցում են կատարելու իշխանամետ ճամբարից՝ արմատական ընդդիմադիրի, բայց զատելով իրենց ՀՀԿ-ից: Խոսքը հատկապես, այսպես կոչված, «սորոսականների» մասին է: Այս անվանումը նույնպես խիստ պայմանական ենք վերցնում: Սա այն փոքր, բայց ակտիվ և մտածողությամբ՝ տոտալիտար խումբն է, որը, ինչպես և պայմանական «քոչարյանականները», մասնակցել է հեղափոխությանը (այդու ձևավորելով շատ տարօրինակ, բայց միանգամայն իրական «ռոբասորոսական» դաշինք) այն պատկերացմամբ, որ հայ ժողովուրդը զանգվածային հրապարակային պայքարով իշխանափոխություն է անելու միայն նրա համար, որպեսզի հետո «լուսավորյալ փոքրամասնությունը», որն այդ նույն ժողովրդին դիտարկում է՝ որպես ծայրահեղ ազգայնական և իռացիոնալ-պահպանողական հետամնաց մի զանգված, իրացնի իր՝ Հայաստանում ոչ մի ներքին հող չունեցող, արհեստական օրակարգերը:
Սրանց տեսակետից նույնպես Նիկոլը մի գործիք էր, և սրանք էլ, ինչպես իրենց երբեմնի դաշնակիցները, մի օր հասկանալու են և արդեն մասամբ հասկանում են, որ իրական գործիքն այս խաղում իրենք էին:
Այս խմբերը, սակայն, բավական չեն իրապես ուժեղ ընդդիմություն կազմելու համար: Նրանք ստիպված խաղալու են նույն երկրորդական դերերը, ինչ խաղացել են անցյալում՝ փնտրելով իրենց համար մի նոր «գործիք»: Ինչպես արդեն նշեցինք, իրական խաղը կսկսվի, երբ «արմատական դիրքը» կլրացվի հենց հեղափոխական թիմի ոչ լուսանցքային բեկորներից մեկով, որին էլ արդեն կարող են միանալ ավելի փոքր խմբակները: Առանձին տեղ կունենա այս դեպքում արդեն ՀՀԿ-ի՝ Սերժ Սարգսյանին հավատարիմ մնացած հատվածը:
Բայց այստեղ արդեն հասնում ենք բովանդակային խոսակցությանը:
Հաջորդ անգամ կշարունակենք քննել մեր քարտեզի մյուս լրացվելիք դիրքերի խնդիրը: