«Քաղաքացու որոշում» կուսակցությունը քարոզարշավի օրը 300 կիլոգրամ մանդարին է բաժանել քաղաքացիներին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր քարոզարշավ իրականացրեց Երևանի Ավան և Նոր Նորք համայնքում։ Այսօր ևս քաղաքացիներին նախընտրական ծրագրի հետ միասին ՔՈ-ի խորհրդանիշ համարվող միրգը՝ մանդարին էին տալիս:

Լրագրողներն այսօր նրանցից հետաքրքրվեցին՝ հաշվե՞լ եք՝ քանի՞ կիլոգրամ մանդարին եք բաժանելու քարոզարշավի ընթացքում, և այս 4 օրերին քանի՞ կգ են բաժանել, պատասխանեցին, որ ինչքան պետք լինի՝ կգնեն, իսկ արդեն հասցրել են բաժանել մի քանի հարյուր կիլոգրամ:

– Միայն նախընտրական քարոզարշավի օրը 300 կգ բաժանվել է,- ասացին նրանք:

Հայտնեցին նաև, որ մանդարին գնում են դրամահավաքի ժամանակ հատկացված գումարով: Իսկ նրանք, ովքեր այս ընթացքում շարունակում են դրամով օգնել՝ նրանց համար ուղարկում են, այսպես կոչված, քաղաքական մանդարին՝  կանաչ թղթի մեջ փաթաթված: Այն իրենց կուսակցության լոգոն է հիշեցնում:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները հիշեցնում են՝ առողջ շրջակա միջավայրի և սոցիալական արդարության համար մղվող պայքարն իրենց առօրյան է և ապրելակերպը:

Նրանք կարծում են, որ կենսագործունեության որևէ փուլում դժվարությունների հանդիպած քաղաքա­ցի­ները պետք է զգան պետական հոգածությունը՝ իր հնարավորությունների ողջ ծավալով։ Գործ­նա­կա­նում դա կարող է դրսևորվել աշխատատեղերի ստեղծման արդյունավետ քաղաքականության վար­մամբ, աշխատունակ քաղաքացիների մասնագիտական վերապրոֆիլավորման հնարավորու­թյամբ, համընդհանուր բարեկեցությանն ուղղված ու աղքատության հաղթահարմանը միտված և ար­դյուն­քի արդար բաշխման՝ պետության վարած քաղաքականությամբ, և այլն։

Այս նպատակից ելնելով՝ նրանք նախընտրական ծրագրում նշում են, որ  ցածր եկամուտ ստացողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով, ձգտելու են հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից, մշակելու են մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին, ներդնելու են բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս