«Սասնա ծռերը» նախատեսում են հիմնել նոր հանրապետություն, որտեղ ներառված կլինի նաև Արցախը

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որը բաղկացած է հինգ հիմնական բաժիններից՝ իրավունք և արդարություն, պետական կառավարման համակարգի արդյունավետացում և կադրային քաղաքականություն, սոցիալ-տնտեսական զարգացում, անվտանգություն և պաշտպանություն, Արցախի միացում Հայաստանին, արտաքին հարաբերություններ և հայրենիք-սփյուռք։

Անդրադառնալով Հայաստանին Արցախի միացմանը, «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը նշեց, որ պետք է որդեգրել հայրենատիրությանը միտված և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված  նոր հանրապետություն՝ ներառելով Արցախի Հանրապետությունը։

«Արցախի դե ֆակտո ազատագրումը դարձավ ռուս-թուրքական դաշինքով ձևավորված ճարտարապետության կազմաքանդման առաջին քայլը, սակայն մնաց կեսճանապարհին, քանի որ ժամանակի ղեկավարությունը որդեգրել էր այնպիսի իրավաքաղաքական հայեցակարգ, որը շարունակում էր սպասարկել այս ճարտարապետությանը, ուստի հրաժարվեցին Արցախը Հայաստանի մաս համարելու մոտեցումից։ Այդ պատճառով էլ այժմ մենք հայտնվել ենք շատ բարդ կախյալության մեջ, որը հաղթահարելի է և պետք է հաղթահարվի, Արցախը, որպես մարզ պետք է ներառել Հայաստանի մեջ՝ հանրաքվեի հիման վրա»,- նշեց Վ. Ավետիսյանը։

Ըստ նրա, պետք է չեղարկվի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով ամրագրվել է տարածաշրջանային այդ ճարտարապետությունը։

«Մենք պետք է կարողանանք դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունների համակարգը, ռազմավարական գործընկերային հարաբերություններ հաստատենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի, անշուշտ, մեր հարևան Իրանի հետ, և այս ամենի համատեքստում՝ հավասարակշռենք ու արժանապատիվ վիճակի բերենք մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ արտերկրում ապրող հայերը պետք է Հայաստանում ունենան ընտրվելու և ընտրելու իրավունք։ Բացի այդ, հայրենադարձության համար անհրաժեշտ է ստեղծել օրենսդրական, սոցիալ-տնտեսական, սոցիալ-մշակութային  և այլ բարենպաստ պայմաններ։ Առաջին հերթին պետք է ապահովել բարձրակարգ կադրերի հայրենադարձություն, որին զուգահեռաբար իրականացնել հայրենադարձության մեծ ծրագիր։
«Այսօրվա վիճակն անթուլատրելի է՝ երկիրը դատարկվում է, իսկ սփյուռքը՝ ուծանում, սա աղետ է, որը արագ և արդյունավետ քայլերով պետք է կանխել»,- նշեց Վ. Ավետիսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս