«Թերևս «թավշյա հեղափոխության» պատճառները շատ ավելի արտաքին էին, քան ներքին». Վիգեն Սարգսյանը` ղարաբաղյան բանակցությունների նոր հնարավոր զարգացումների մասին
«Ֆուտբոլային խաղը և ընտրություններն այն երկու բաներն են, որոնց արդյունքները կանխատեսելն անշնորհակալ գործ է: Մենք պայքարելու ենք առավելագույն հնարավոր ձայներ ստանալու համար: Ես տեսնում եմ հասարակության մի հսկայական զանգված, ով պետք է որ ուզենա մեզ վրա հենվել: Խնդիրն այն է, թե որքանով մեզ կհաջողվի մոբիլիզացնել նրանց և կարողանանք նրանց բերել ընտրատեղամասեր»,- Live News-ի եթերում երեկ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն կամ չի անցնի Խորհրդարան, կամ 15-20 տոկոս ձայն կհավաքի` հավելելով, որ բացի «Իմ քայլը» դաշինքից ու իրենցից, կանխատեսում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը Խորհրդարան:
Ինչ վերաբերում է արցախյան հիմնահարցի հնարավոր զարգացումների կանխատեսմանը, ապա ըստ Վիգեն Սարգսյանի` լինելու է ճնշում, և թերևս «թավշյա հեղափոխության» պատճառները շատ ավելի արտաքին էին, քան ներքին:
«Ես թիվը չէի սահմանափակի, իհարկե, բայց ես իրոք ներկա եմ եղել բոլոր բանակցություններին և այն քչերից եմ, ով լիարժեք տիրապետում է խնդրի կարգավորման մանրամասներին»,- ասաց ՀՀԿ առաջին փոխնախագահը` պատասխանելով այն հարցին, թե իրո՞ք ինքն այն 3-4 մարդկանցից է, ով տեղյակ է ղարաբաղյան բանակցությունների բոլոր նրբերանգներից:
Նա հավելեց նաև, որ բանացությունների գաղտնիությունը շատ կարևոր է, որովհետև դրանց վրա բազմաթիվ գործոններով են ներազդում, և ինչքան շատ մարդ է ներգրավված բանակցությունների մեջ, այնքան մեծ է հնարավորությունը գործընթացի վրա ներազդելու: Իհարկե, պետք է տարբերել գաղտնի բանակցություններ և թաքունբանակցություններ եզրույթները:
Լրագրողի այն դիտարկմանը, թե տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում Ղարաբաղյան խնդրին և ասում է իրարամերժ այնպիսի կարծիքներ, որոնք վաղը խնդիր են դառնալու, ու թվում է, թե նա հարմարեցված էր հեղափոխության առաջին փուլին և երկրորդ փուլը ղարաբաղյան խնդրի կտանի բոլորովին այլ մարդ, և իր հեղափոխությունը մոդերացրածները չեն էլ ցանկանում, որ նա այդ նրբություններին տիրապետի, Վիգեն Սարգսյանն արձագանքեց` Դուք ասացիք: