«Հուսով եմ՝ ընտրություններից հետո կոռուպցիայի դեմ համակարգային պայքար կմղվի». Վարուժան Հոկտանյան
168.am-ի զրուցակիցն է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ
– ՀՀԿ–ականները և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ պնդում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մարզային այցելություններով վարչական ռեսուրս է կիրառում և խախտում Ընտրական օրենսգրքի դրույթները։ Համամի՞տ եք:
– Եթե նայում ենք վարչական ռեսուրսի միջազգայնորեն ընդունված չափանիշերով, այո՛, դա վարչական ռեսուրսի չարաշահում է, իսկ հայաստանյան օրենսդրությամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահում հստակ սահմանված չէ, մեր օրենսդրությունն ավելի լիբերալ մոտեցում ունի: Ուղղակի մի քիչ տարօրինակ է՝ տարիներով ՀՀԿ-ականներն էին վարչական ռեսուրսը չարաշահում, իսկ հիմա թե ինչո՞ւ են վրդովվում, անհասկանալի է:
– Ձեր նախկին հարցազրույցներում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ նշել եք, որ քաղաքական չէին, նույն կերպ նաև խորհրդարանական ընտրություննե՞րը կլինեն: Կարծում եք՝ էլի սևի ու սպիտակի՞ են բաժանվելու:
– Սևի ու սպիտակի բաժանումը հավանական տարբերակ է, հատկապես, որ գլխավոր սևն ու գլխավոր սպիտակը մասնակցում են ընտրություններին: Այս համատեքստում լուրջ քաղաքական պայքար, որի տակ ես հասկանում եմ ծրագրեր, գաղափարներ, արժեհամակարգեր, չեն լինելու: Այս ամենը բնական է: Հեղափոխություն է եղել, և դրանցից հետո, որպես կանոն, ժողովուրդը քվեարկում է՝ առաջնորդվելով զգացմունքներով: Ոչինչ, թող այս անգամ այդպես լինի: Կարևորը, որ դրանից հետո արվի լուրջ աշխատանք, որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա: Այն համակարգը, որ ունեինք՝ վերից վար փտած էր, ու մի քիչ էլ որ շարունակեին՝ երկիրը շատ ծանր վիճակի կհասցնեին: Նույնիսկ մեկ-մեկ մտածում եմ, որ իրենք էլ դա հասկանալով՝ թողեցին, որ հեղափոխությունը լինի թավշյա, ոչ թե արյունոտ:
– Շատերը դեռ կասկածում են՝ հեղափոխությո՞ւն էր, թե՞ իշխանափոխություն:
– Ես չեմ ուզում այդ դաշտ մտնել: Եթե չեզոք պատասխանեմ, ապա՝ իրավիճակ է փոխվել: Այո՛, միանշանակ իշխանափոխություն եղել է: Ես լուրջ չեմ ընդունում դավադրության տեսության հեղինակներին, ովքեր ասում են, թե իրականում պայմանավորվածություն է եղել, գաղտնի հանդիպել են, պայմանավորվել, որ իշխանությունը փոխանցվի, երկու տարուց վերադարձնեն, և այլն: Այդ «տաղանդավոր» մտքերին ես չեմ հավատում, հուսով եմ, որ այդպիսի բան չկա: Ուրիշ խնդիր է հեղափոխությունը: Հեղափոխություն նշանակում է՝ համակարգի փոփոխություն, որը մեկ օրում չի արվում: Առավել ևս, որ ընտրությունները հեղափոխությունից 6-7 ամիս հետո են տեղի ունենում: Սա արդեն խնդիր է դառնում:
– Ավելի ո՞ւշ, թե՞ շուտ պետք է կազմակերպեին խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
– Մայիսի 8-ին Փաշինյանը չպետք է վարչապետ ընտրվեր. միանգամից պետք է լինեին խորհրդարանական արտահերթ ընտրություններ, քանի որ վերջը հին Ընտրական օրենսգրքով էր ընթանալու: Լավ կլիներ, որ այդ ժամանակ արվեր: Իսկապես համերաշխության, նորմալ մթնոլորտում կլիներ: Կարող էին նաև 2019թ.ապրիլ-մայիս ամիսներին անցկացնել ընտրությունները, որպեսզի ԸՕ-ն փոխվեր, էլեկտորատն ավելի ռացիոնալ մոտենար ընտրությանը: Այս ամենը հիմա չկա: Մենք մեծ դժբախտության առջև ենք կանգնած, որը ժառանգել ենք նախորդներից: Դա բազմակուսակցական համակարգի բացակայությունն է: Երբ մարդիկ բացահայտ ասում են, որ պայքարում են երկրորդ տեղի համար, սա արդեն հիվանդության նշան է: Պետք է գաղափարներով, ծրագրերով պայքարեն առաջին տեղի համար: Մեզ մոտ ռեյտինգային ընտրակարգի պատճառով նորից ընկերների, ծանոթների են համոզելու: Չեմ մեղադրում, քանի որ 25 տարի է՝ մարդիկ ընտրություն չեն կատարել ծրագրերի, գաղափարների միջև: Միշտ կեղծել են մինչև վերջ:
– ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանն օրերս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ն օգտագործում է քաղաքական նպատակների համար, այդպե՞ս է:
– Ինձ համար մեկ բան հստակ է՝ Մարտի 1-ին պետք է գնահատական տրվի լուրջ հետաքննության արդյունքում, ոչ թե այնպես, ինչպես արեցին 2008 թվականից հետո: Իսկ հիմա, եթե քաղաքական նկատառումներ, շահարկումներ չլինեն, իրավական առումով պետք է ուսումնասիրեն:
– Երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ պայքարում են կոռուպցիայի դեմ: Որքա՞ն ժամանակ է պետք այն արմատախիլ անելու համար, և կա՞ մի երկիր, որտեղ կոռուպցիա չկա:
– Աշխարհում չկա երկիր, որտեղ կոռուպցիա չկա: Կոռուպցիա կա, առկա է նաև քաղաքական կամք՝ այդ երևույթը վերացնելու համար: Հուսով եմ՝ ընտրություններից հետո կոռուպցիայի դեմ համակարգային պայքար կմղվի: Հիմնական խնդիրը սա է: Ամենակարևորը պետք է հասկանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ածանցյալ է տնտեսական, քաղաքական, սոցիալական և վարչական բարեփոխումներին: Եթե պարզվի, որ սրանց խանգարում է կոռուպցիան, պետք է հասկանալ՝ ինչպե՞ս է խանգարում, և ի՞նչ պետք է արվի, որ այն վերանա, որովհետև, եթե չկա տնտեսական մոդելի տեսլականը, ազատ, արդար ընտրություններից սկսվող քաղաքական համակարգը, ինչքան ուզում ես՝ պայքարիր: Կլինի այն պայքարը, ինչը տեսել ենք այժմ խիստ քննադատող ՀՀԿ-ի ժամանակ:
Անի Կարապետյան