Brexit-ի մասին համաձայնագրի կնքումը հասանելիության սահմաններում է. Մեյ
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի կնքումը հասանելիության սահմաններում է: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Դաունինգ-սթրիթի իր պաշտոնական նստավայրի առջեւ արած հատուկ կարճ հայտարարության ժամանակ:
«Այդ համաձայնագիրը մեր հասանելիության սահմաններում է, եւ ես մտադիր եմ հասնել դրան»,-ասել է Մեյը: Նա նաեւ հայտնել է, որ նոյեմբերի 22-ին «ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան հավանություն են տվել» կողմերի ապագա փոխհարաբերությունների վերաբերյալ «քաղաքական հռչակագրի տեքստին»: «Ես հենց նոր նախարարների կաբինետին տեղեկացրեցի ձեռք բերված առաջընթացի մասին եւ այդ թեմայի շուրջ ավելի ուշ հայտարարություն կանեմ Համայնքների պալատում»,-նշել է նա:
Մեյը դա որակել Է «ճիշտ գործարք Մեծ Բրիտանիայի համար, որն իրագործում է 2016 թվականի հանրաքվեի արդյունքները», եւ նշել է, որ այժմ ձեռք բերված քաղաքական հռչակագրի համաձայնեցումը գտնվում է Եվրամիության երկրների վարույթում:
«Այժմ ԵՄ-ի անդամ 27 երկրների ղեկավարներն այդ տեքստը պետք է ուսումնասիրեն այն օրերի ընթացքում, որոնք մնում են մինչեւ Եվրամիության՝ դեկտեմբերի 25-ին նշանակված արտահերթ գագաթնաժողովը»,-հավելել է վարչապետը, հայտնելով, որ այդ ընթացքում ինքը մտադիր է բանակցություններ վարել ԵՄ-ի գործընկերների հետ:
Քաղաքական հռչակագրի սկզբունքները համաձայնեցվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի միջեւ նախօրյակին Բրյուսելում կայացած երկժամյա հանդիպման ընթացքում, ավելի ուշ դրա վրա աշխատանքը շարունակել են բանակցորդների թիմերը:
Մեյը եւ Յունկերը մտադիր են Բրյուսելում վերստին հանդիպել նոյեմբերի 24-ին՝ գագաթնաժողովի նախօրյակին, որտեղ պետք է համաձայնություն տրվի Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին: Դրանից հետո, որպեսզի գործարքն ուժի մեջ մտնի, դրան պետք է հավանություն տան Եվրախորհրդարանը, ինչպես նաեւ բրինտանացի օրենսդիրները: Brexit-ն ինքը պլանավորված է 2019 թվականի մարտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: