ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit-ից հետո հարաբերությունների մասին հռչակագրի նախագիծը. Տուսկ
Լոնդոնի եւ Բրյուսելի ներկայացուցիչները համաձայնեցրել են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ հռչակագրի նախագիծը: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Եվրահանձնաժողովի նախագահն ինձ տեղեկացրել է, որ նախագիծը համաձայնեցված է բանակցորդների մակարդակով: Այն համաձայնեցված էր քաղաքական մակարդակով, այժմ դրան պետք է հավանություն տան ԵՄ-ի երկրների ղեկավարները»,-գրել է Տուսկը Twitter-ում:
Նա նշել է, որ ինքը նախագիծն ուսումնասիրելու է ուղարկել այն 27 երկրների ղեկավարներին, որոնք ԵՄ-ում մնալու են Brexit-ից հետո: Նոյեմբերի 14-ին հինգժամյա քննարկումից հետո Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն էր տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրին: Հաղարդվել էր, որ փաստաթղթին դեմ են արտահայտվել կառավարության անդամների մեկ երրորդը:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ավելի վաղ հայտարարել է, որ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը քննարկելու համար ԵՄ-ի գագաթնաժողով է նշանակվել նոյեմբերի 25-ին:
Նոյեմբերի 22-ին ավելի վաղ տեղեկացվել էր, որ Brexit-ին նվիրված գագաթնաժողովը կարող է սպառնալիքի տակ հայտնվել, քանի որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ Brexit-ից հետո ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների սկզբունքների շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: