Դանիան որոշեց կասեցնել զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա
Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել Սաուդյան Արաբիա զենքի ու ռազմական տեխնիկայի արտահանման թույլտվությունների տրամադրումը: Այդ մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը, որի խոսքը մեջբերել է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ այդ որոշումը կապված է լրագրող Ջամալ Խաշկոջիի, ինչպես նաեւ Եմենում տիրող բարդ քաղաքական իրադրության հետ: Սամուելսենը նշել է, որ որոշումն ընդունել են ԵՄ-ի անդամ մյուս պետությունների արտաքին գործերի նախարարների հետ վերջերս կայացած կոնսուլտացիաների արդյունքներով: Արտահանման կասեցումը կվերաբերի նաեւ կրկնակի նշանակության մի շարք տեխնոլոգիաների: Ավելի վաղ մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան եւ Նորվեգիան, հայտնել են Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումները դադարեցնելու մասին:
Նոյեմբերի 14-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արել ԵՄ-ի երկրներին՝ շտապ կարգով բռնարգելք սահմանել Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումների վրա: Սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջին, որը հայտնի է Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննադատական հոդվածներով, կորել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո:
Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողն սպանվել է դիվանագիտական ներկայացուցչության շենքում տեղի ունեցած կոնֆլիկտի հետեւանքով: Համաշխարհային հանրակցությունը խստիվ դատապարտել է այդ հանցագործությունը՝ էր Ռիադից պահանջելով անցկացնել թափանցիկ հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: