«Պետք է ուղղակի շնորհակալ լինել այն մարդկանց, որոնք դրսում աշխատում և այդ գումարներն ուղարկում են». Վահագն Խաչատրյան

«Ամեն ինչ տեղում էր, միայն սա էր պակասում. երեկվա բացատրություններն ինձ համար ամբողջական չէին, որովհետև տարբեր պետական պաշտոնյաներ տարբեր մեկնաբանություններ էին տալիս, և համոզվածություն չկա, որ այդ խնդիրն օրակարգում չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու ՊԵԿ ցանկություն-նախագծին։

Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն, որ կառավարությունը պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ, որով պետք է լինի տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացին, որը ստանում է եկամուտներ, պարտավոր է այն հայտարարագրել և դրա 23 տոկոսը, որպես եկամտային հարկ՝ վճարել իր պետությանը։

ՊԵԿ-ը, սակայն, նույն օրը երեկոյան արդեն հանդես եկավ հայտարարությամբ և անհրաժեշտ համարեց տեղեկացնել, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմ կամ որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Նկատենք, սակայն, որ դրա մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր հենց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Դավիթ Անանյանը երեկ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք նախագիծը հանրային քննարկման կդնեն 2019թ.:

Վահագն Խաչատրյանը չի հասկանում, թե ինչու է արտագնա աշխատողներին հարկելու հարցը դարձել օրակարգային.

«Այսօր ՀՀ օրակարգում նման հարց չի կարող լինել։ Երբ նման նուրբ հարցի ենք անդրադառնում, առավել ևս, որ ՀՀ-ում արտագնա աշխատանքի մեկնած կամ դրսում ապրող մեր հայրենակիցներից եկող գումարների մասին է խոսվում, դա շատ նուրբ հարց է, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ դրանք ահռելի գումարներ են, նախորդ տարի կազմել են 1 մլրդ 765 մլն։ Այս տարվա 9 ամսում՝ 1 մլրդ 279 մլն դրամ։ Այդ գումարները գալիս են ուղիղ, միջնորդավորված չեն, այստեղ չկա պետություն կամ ԾԻԳ, կազմակերպություն, որն այդ գումարներից կարող է կաշառք վերցնել։ Սրանք այն գումարներն են, որոնք գալիս են շատ նպատակային, այստեղ օգտագործվում են, տնտեսության զարգացման վրա էական ազդեցություն են ունենում։

Հիմա մտածել այս գումարների հարկման մասին, չգիտեմ՝ սա ում գաղափարն է եղել, որովհետև եթե մտածում են, որ սրա միջոցով պետք է հարկային եկամուտներն ավելանան, ապա կարող է հակառակը տեղի ունենալ։ Բոլորս էլ շատ լավ հիշում ենք, որ, երբ չկային բանկային փոխանցումները, ինչ ձևով էր դա տեղի ունենում. ահռելի ստվերային շուկա էր»։

Տնտեսագետը նկատեց՝ մարդիկ լավ կյանքից չէ, որ հեռանում են Հայաստանից. «Այս խոսակցությունն իմաստ չունի շարունակել, սա պետք է դադարեցնել, մոռանալ այս մասին, պետք է ուղղակի շնորհակալ լինել այն մարդկանց, որոնք դրսում աշխատում և այդ գումարներն ուղարկում են։ Պետք է այլ բան մտածել՝ ինչ անենք, որ այստեղ ապրողներս ավելի քիչ կարիք ունենանք այդ գումարների, և հնարավորություն ունենանք մեր գիտելիքն այստեղ օգտագործել, գումար աշխատել։ Մանավանդ, որ հիմա այստեղից ԱՄՆ ավելի շատ գումար ենք ուղարկում, քան այնտեղից ստանում ենք, այս հանգամանքը պետք է հաշվի առնենք։ Սա ներդրում է, երբ ասում են՝ Սփյուռք-Հայաստան կապ, սա այդ կապի տնտեսական մոդել է։ Ես սա համարում եմ ուղղակի ներդրում»։

 

Տեսանյութեր

Լրահոս