Երբ զբոսաշրջիկին գայթակղում են էժան ավիատոմսերով և կանգնեցնում բազմաթիվ փաստերի առաջ
Զբոսաշրջության ոլորտում էժան ավիատոմսերը երբեմն կարող են իսկական պատուհաս դառնալ զբոսաշրջիկի համար, քանի որ գայթակղվելով ցածր գնային ավիատոմսերով, զբոսաշրջիկը կարող է, օրինակ, հասնել Շարմ Էլ Շեյխ և պարզել, որ այլևս չի կարող այնտեղից նույն տոմսով վերադառնալ, քանի որ իրեն վաճառել են միակողմանի տոմս։
Անդրադառնալով այս խնդրին, «ԳարանտՏուր» տուրիստական ընկերության տնօրեն Անի Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հարգելի գործընկերներ,
մենք՝ որպես Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ, պարբերաբար տարբեր անցանկալի իրավիճակների ականատես ենք լինում՝ կեղծ ավիատոմսեր, երկկողմանի ավիատոմսերի փոխարեն՝ միակողմանի ավիատոմսեր, խաբված ուղևորներ, և այլն։ Հորդորում ենք գայթակղությանը չտրվել՝ ձեռք բերել անհավատալիորեն ցածր արժեքով ավիատոմսեր՝ դրա հետևանքով հայտնվելով տարբեր անհարմար իրավիճակներում։ Մենք ևս՝ որպես ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ, չափազանց տհաճ իրավիճակում ենք հայտնվում, երբ ստիպված ենք լինում ձեր ուղևորներին ԶՎԱՐԹՆՈՑ կամ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայաններից հետ ուղարկել՝ ԿԵՂԾ ավիատոմս ունենալու պատճառով։ Նշենք, որ երեկ հերթական անգամ նման դեպք է գրանցվել Շարմ Էլ Շեյխի օդանավակայանում, երբ ընտանիքի երկու անդամ ունեին ավիատոմս, մեկը՝ ոչ։ Խնդրում ենք չափազանց զգոն և ուշադիր լինել ավիատոմսեր և փաթեթներ ամրագրելիս»։
168.am-ի հետ զրույցում Անի Մկրտչյանը նկատեց, որ այս երևույթը միշտ էլ եղել է, երբ սոցիալական ցանցերի միջոցով գովազդում են, օրինակ, 250 դոլար արժողությամբ տոմսի դիմաց՝ 5 աստղանի հյուրանոց, հիանալի պայմաններ, և այլն։
«Բնականաբար, մարդիկ ձգտում են ձեռք բերել այդ տոմսը, միշտ մեզանից հարցնում են։ Իհարկե, ինձ մոտ միշտ առաջանում է այն հարցը, թե ինչպես են տալիս այդ տոմսերը։ Հաճախ մեզ դիմած մարդկանց բացատրում ենք, որ սա տրամաբանական արժեք չէ, ինչը, սովորաբար, նրանք չեն ընդունում։ Արդյունքում՝ առաջանում է այն խնդիրը, որ մարդկանց տալիս են այնպիսի տոմսեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Այսօր տոմսերն էլեկտրոնային են, որոնք կարելի է հեշտությամբ նկարել, պարզապես չեմ հասկանում, թե նման քայլ անելուց հետո ինչպես են պատասխանատվության տակից դուրս գալու»,- ասաց Ա. Մկրտչյանը։
Հարցին, թե բացի Շարմ Էլ Շեյխից, եվրոպական որևէ երկրի հետ կապված հանդիպե՞լ են այս խնդրին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ զբոսաշրջիկներն այս խնդրի հետ պարբերաբար առնչվում են, պարզապես Շարմ Էլ Շեյխի դեպքում առնչվում են այնքանով, որքանով որ տոմսն ավելի էժան է, բացի այդ, մարդիկ ավելի հաճախ են այնտեղ գնում։
«Այս դեպքում, սա ոչ թե զբոսաշրջիկների բողոքն է, այլ ավիաընկերությունն է հայտարարություն արել, քանի որ արդեն որերորդ անգամ առնչվում է այս խնդրին, որովհետև օդանավակայանում ինքն է շփվում զբոսաշրջիկի հետ։ Ավիաընկերությունն է հայտարարություն տարածել և զբոսաշրջիկներին հորդորել, որպեսզի զգուշանան, քանի որ նման արժեքով տոմս չունի վաճառքում»,- շեշտեց Անի Մկրտչյանը։
Նա զբոսաշրջիկներին խորհուրդ տվեց զգուշանալ, նախ՝ տարրական հաշվարկ կատարել և հասկանալ, որ ավիատոմսի ֆիքսված արժեքը ոչ պիկ սեզոնին, 350 դոլար է, հետևաբար՝ զբոսաշրջիկին չեն կարող առաջարկել ավելի էժան ավիատոմս։
Դիտարկմանը, թե եղե՞լ են դեպքեր, երբ նման գործարքով զբաղվող անհատը կամ ընկերությունը կրեն պատասխանատվություն, Ա. Մկրտչյանը նշեց, որ դժվարանում է պատասխանել, բայց մեկ բան փաստ է, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ տոմս են գնել, ուղարկել են Շարմ Էլ Շեյխում գտնվող զբոսաշրջիկին, որպեսզի նա կարողանա վերադառնալ այնտեղից, քանի որ տոմս վաճառող ընկերության հետ չեն կարողացել կապ հաստատել։
«Եթե զբոսաշրջիկը հետևողական լինի, կարծում եմ՝ կկարողանա պատժել։ Այստեղ առաջին հերթին անհատը պետք է ուշադիր լինի և հաշվարկի, արդյո՞ք տվյալ ավիատոմսը կարող է այդքան էժան լինել»,- եզրափակեց Ա. Մկրտչյանը։
Զվարթ Խաչատրյան