«Նրանք, ովքեր զբաղված են ռուսական ռազմաբազայի դեմ ինֆորմացիոն հարձակումներով, պետք է գիտակցեն, որ իրականացնում են թուրքական վաղեմի երազանքը»

Սոցիոլոգ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանն ասում է՝ հետազոտությունները ցույց են տվել, որ  հասարակական դիրքորոշումներում Ռուսաստան-Արևմուտք կողմնորոշումների հարաբերակցությունն այսպիսին է՝ 70 տոկոսը պրոռուսական է, 20 տոկոսը՝ եվրոպական կամ ամերիկյան, իսկ 10 տոկոսը կողմնորոշված չէ:

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ պարբերաբար հնչում էր այն բացատրությունը, որ մտադիր չեն փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Սա հետ պահեց շարժումը պառակտումից: Սրա մասին են վկայում սոցիոլոգիական գնահատականները: Բուն զանգվածային շարժման մասնակիցների շրջանում ռուսամետ ու եվրոպամետ դիրքորոշում ունեցողների հարաբերակցությունը 2:1 էր՝ հօգուտ ՌԴ-ի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հաղորդեց Սամվել Մանուկյանը:

Սոցիոլոգն անդրադարձավ նաև Հայաստանում քաղաքական գործընթացների ապագա զարգացումներին ու դրանց հետ կապված ռիսկերին:

«ՀՀ հասարակության 82 տոկոսը համարում է, որ Հայաստանն ավելի պաշտպանված կլինի, եթե դաշնակցի Ռուսաստանի հետ, այլ ոչ թե՝ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի: Ռուսական ռազմաբազան թուրքական վտանգից Հայաստանի   պաշտպանվածության երաշխիքի սիմվոլն է, ՀԱՊԿ-ն՝ դրա արդի և ավելի լայն կոնտեքստը: Ռազմաբազայի ինֆորմացիոն տորպեդահարումը շղթայական կերպով  կկազմալուծի այս համակարգերը: Այսինք, նրանք, ովքեր զբաղված են ռազմաբազայի դեմ ինֆորմացիոն հարձակումներով, պետք է հստակ  գիտակցեն, որ իրականացնում են թուրքական վաղեմի երազանքը՝ հայաթափել Հայաստանը»,- եզրափակեց Սամվել Մանուկյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս