«Որտե՞ղ են մեքենաների աջ ղեկը ձախ դարձնելու, եթե Հայաստանում լիցենզավորված կայաններ չկան. մարդու կյանքի հե՞տ են խաղալու»
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները նոյեմբեր 15-ին հանդիպել են փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, առաջարկներ ներկայացրել կառավարությանը:
«Կարելի է ասել՝ նոր բան չենք քննարկել: Խոսվեց այն ամենի մասին, ինչին անդրադարձել էինք ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում:
Նրանք հայտարարել են, որ «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգը հնարավորության է տալու աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, այստեղ մինչև 1 տարի ժամկետում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև մաքսազերծելուց հետո հաշվառել և ազատ շահագործել:
Այս օրենքի հետ մի որոշում է ընդունվել, համաձայն որի՝ 2018 թվականի ապրիլի 1-ից հետո աջ ղեկով մեքենաները դասակարգվում են անսարքությունների շարքին: Այդ որոշման պատճառով է ապրիլի 1-ից հետո շահագործումն արգելվել: Հիմա մենք ասում ենք, որ դա անտրամաբանական որոշում է: Պատկերացրեք՝ ասեն, որ մինչև ապրիլի 1-ն անալգինը դեղ է, դրանից հետո՝ տրակտոր: Նման բան ո՞նց կլինի: Հիմա մենք առաջարկում ենք, որ 4-րդ կետը, համաձայն որի՝ մեքենան դիտարկվում է որպես անսարքություն, կառավարության որոշմամբ ուժը կորցրած ճանաչեն:
Երբ որ սա հանում են, ու բացվում է մեքենաների վերամշակումն ու ներքին սպառման համար ընթացակարգը, մարդիկ մեքենան կբերեն, և եթե ուզեն՝ աջ ղեկով կվարեն, եթե ոչ՝ վերասարքավորում կանեն, ղեկը կդարձնեն ձախ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:
Նա նշեց նաև, որ բողոքի ակցիաներ չեն անի, քանի որ եղել է քննարկում, կառավարությունում պատրաստ են ևս մեկ անգամ խնդիրը դիտարկել, քննարկել:
Արթուր Միսակյանի փոխանցմամբ՝ հայ-վրացական սահմանին աջ ղեկով մեքենաներն ամեն օր ավելանում են, քանի որ տարանցիկ համարների ժամկետը լրանում է:
«Մարդն ուզի թե չուզի՝ մեքենան պետք է դուրս բերի Վրաստանից, հասցնի հայկական սահման»:
Հավելենք, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի փոխանցմամբ՝ պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, ինչը հնարավորություն կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաները՝ դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով:
«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանի խոսքով՝ լավն այն է, որ հնարավորություն է տրվում բերել, բայց վատն այն է, որ լիցենզավորված կայաններ չկան, որտեղ կկարողանան կատարել այդ վերասարքավորումը:
«Որտե՞ղ են մեքենաների աջ ղեկը ձախ դարձնելու, եթե Հայաստանում չկան այդ լիցենզավորված կայանները: Մենք դեմ չենք փոխելուն, եթե մեքենան դրա հնարավորությունն ունի, ու փոխողը գործի վարպետն է: Մնացած դեպքերում մարդու կյանքի հետ են խաղալու»,- ընդգծեց Դավիթ Պեդանյանը:
Անի Կարապետյան